Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաթի ավտոն»՝ Անիի ՔՊ-ականների քարոզարշավում․ ի՞նչ կապ ունի «օրենքով գողերի» գործով անցնող հայտնի գործարարը

Մարտ 10,2023 23:13

Շիրակի մարզի Անի համայնքում, որտեղ մարտի 26-ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու, իրավիճակը գնալով լարված ու ինտրիգային է դառնում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արման Սարիբեկյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է  քարոզարշավային յուրօրինակ մի լուսանկար, որտեղ գյուղացիներից կաթ հավաքող մեքենան է, վրան իր թեկնածուական լուսանկարն է փակցված՝ «Անիում ապագա կա՛» հայտնի կարգախոսով (տես լուսանկարում)։

Թեկնածուն լուսանկարը մեկնաբանել է այսպես․ «Մեր քարոզարշավին միացած ամենահետաքրքիր տրանսպորտային միջոցը»։

Ի դեպ, ՔՊ-ի թեկնածուներից շատերն են նրա էջից կիսվել, գովաբանել, թե «այս տղան կյանք է, հասարակ ու բարի»։ Իսկ ահա ընդդիմախոսները, տեղադրելով այդ լուսանկարն իրենց էջում, հեգնել են․

«Մարալիկ տեղ ընտրություններ են… ՔՊ-ն կաթի ավտոներով ձայն է հավաքում Մարալիկում՝ իրենց թեկնածուի համար…

Ապագա կա՛, մենակ նայեք կաթի ավտոյի պակրիշկեն էլ չթռնի, խայտառակ լինենք…

Տնաշեն, գոնե էդ նկարիդ տակ գրի.

Մարալիկցիներ ջան, ման եմ եկել սարեսար, կաթ եմ բերել Ձեզ համար»։

Ընդդիմախոսները նաև  նամակ են հղել մեր խմբագրություն՝ պնդելով, որ լուսանկարն ու գրառումը հստակ մեսիջ են պարունակում։

Ըստ նամակագրի, Գյումրու կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող հայտնի գործարարներից մեկը՝ Րաֆիկ Իգիթյանը՝ «Իգիթի Ռոն», որն անցնում է «օրենքով գողերի» քրգործով, նա ևս ամբաստանյալ է ու ազատ է արձակվել բավական մեծ գումար կազմող գրավի դիմաց, ներքաշված է Անիի ընտրություններում, կարծես թե ակամա դարձել է իշխող ուժի ծպտյալ հովանավորներից մեկը։

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Իգիթյանը քրգործում բնութագրվում է որպես օրենքով գող Սուրեն Ավետիսյանի՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի»-ի հավաքագրած գումարների շարժի «հաշվապահությունը վարող»։

Նրա որդին՝ Աշոտ Իգիթյանը ևս կա քրգործում, նա 60 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Aravot.am-ը դիմեց ՔՊ-ի թեկնածուներին՝ ճշտելու, թե ի՞նչ  է խորհրդանշում լուսանկարը և մի՞թե Արման Սարիբեկյանը իր՝ «Մեր քարոզարշավին միացած ամենահետաքրքիր տրանսպորտային միջոցը»  գրառմամբ ի նկատի է ունեցել գործարարին։

Արման Սարիբեկյանի հետ զրուցել չհաջողվեց, նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, փոխարենը զրուցեցինք ՔՊ-ի ցուցակի մեջ ընդգրկված մյուս թեկնածուների հետ։ Թե՛ երկրորդ համարը զբաղեցնող Էդգար Սաղաթելյանը, որն, ըստ էության, Անիի փոխհամայնքապետի ժ/պ-ն է, և թե՛ Հայկ Անտոնյանը պարզաբանեցին, որ ՔՊ ցուցակը բազմաշերտ է․ ընդգրկված են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, այդ թվում կաթի մեքենայի վարորդ։

Նշենք, որ Aravot.am-ը ուսումնասիրել է բոլոր թեկնածուների կենսագրականները, մեր զրուցակիցների պարզաբանումը լիարժեք համապատասխանում է իրականությանը։

«Կաթի մեքենայի վարորդը մեր թեկնածուն է, նա ցուցակի առաջին համարը զբաղեցնող մեր համայնքապետի թեկնածու Արման Սարիբեկյանի լուսանկարը փակցրել է  իր մեքենայի վրա։ Այլ իմաստ փնտրել պետք չէ, իր թիմի անդամի լուսանկարը կպցրել է իր մեքենայի պատին։ Սա է ողջ պատմությունը։

Իսկ ինչ վերաբերվում է քրեական ենթամշակույթ կրող անձանց, չկա նման բան, մենք այդպիսի բաներով չենք զբաղվում, մենք գործում ենք ՝ ելնելով ժողովրդի շահերից։ Մենք կարիք չունենք, որ որևէ մեկը մեզ սատարի, որովհետև մեր ժողովուրդը՝ Անի համայնքի բնակիչը մեր կողքին է։

Ձեր ասած գործարարը  չկա մեր գործընթացի մեջ, կա մարդ, որը մեր համայնքի բնակիչն է, մեր թեկնածուն է, ահա ամբողջ բացատրությունը։ Իսկ Արման Սարիբեկյանը, որը լուսանկարը տեղադրել է իր էջում, զուտ հումորի համար է արել»,-պարզաբանեցին ՔՊ-ականները։

Նրանք նշեցին, որ մրցակիցները կեղծ տեղեկատվություն են տարածում, բողոքեցին, որ  նման մի կեղծ տեղեկություն էլ տարածել էին  այն ժամանակ, երբ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքի թեկնածու Արտակ Գևորգյանի ցուցապաստառները փակցնելուց՝ վթարի էին ենթարկել էլեկտրական ցանցը՝ խափանելով լուսավորությունը, մի բան էլ համացանցում «շուխուր են հանել», տեսանյութեր տարածել, թե իբրև համայնքապետի ժ/պ նշանակված Արման Սարիբեկյանը չի կարող պահպանել հին համայնքապետի թողածը։

Մեզ հետ զրույցում ՔՊ թեկնածուները նշեցին, որ գործարար Րաֆիկ Իգիթյանը  որևէ առնչություն չունի քարոզարշավի հետ, բայց «Իգիթ» ՍՊԸ-ի աշխատակիցները, օրինակ՝ այդ նույն կաթ հավաքող մեքենայի վարորդը ընդգրկված է ՔՊ-ի ցուցակում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով հնարավոր չեղավ Անիում իշխանություն ձևավորել, վարչապետի հրամանով  համայնքապետի ժ/պ նշանակվեց ՔՊ-ի թեկնածու Արման Սարիբեկյանը։

Նախորդ անգամ պայքարը 18 տարվա համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի ու  ՔՊ-ի միջև էր, ՔՊ-ն ձայների քանակով զիջել էր հին համայնքապետի ղեկավարած քաղաքական ուժին։

Այժմ 3-ի փոխարեն մասնակցում են 4 քաղաքական ուժեր՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում էր Անի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արտակ Գևորգյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, նորաստեղծ « Հայկական երազանք» կուսակցությունը, որի համայնքապետի թեկնածու Ագուն Սաղաթելյանն է։

Չորրորդ քաղաքական ուժը նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ Արմենակ Նաջարյանի գլխավորությամբ, որն առաջադրել է 37 թեկնածու, 37-ն էլ գործազուրկ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031