Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղաների մարմինների վրա բացի հրազենային վնասվածքներից եղել են այլ մարմնական վնասվածքներ, ինչը պայքարի հետքեր են»․ Հայարփի Սարգսյանը՝ մարտական հենակետում սպանված երեք զինծառայողների գործի մասին

Մարտ 10,2023 21:03

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում մարտի 10-ին տեղի ունեցավ 2021 թվականի օգոստոսին մարտական հենակետում սպանված երեք զինծառայողների գործով նախնական դատական նիստ։

Զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ դատական նիստի ընթացքում տուժողներից յուրաքանչյուրը գույքային հայց ներկայացրեց՝ պահանջով փոխհատուցել տապանաքարի, հուղարկավորության ծախսերի հետ կապված գումարային ծախսերը։ Հաջորդ դատական նիստին կսկսվի դատաքննության փուլը։

Հիշեցնենք՝ 2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում հայտնաբերվել էին նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով: Նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերոհիշյալ զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալվել էր նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն:

Մեզ հետ զրույցում Հայարփի Սարգսյանը նաև ներկայացրեց դատական գործի քննության «ոդիսականը» ու նշեց․ «Արդեն երրորդ դատավորն է փոխվում։ Գորիսի նստավայրից գործը տեղափոխվեց Երևանի նստավայր, այնուհետև դատավոր փոխվեց, որովհետև վերաքննիչ դատարան տեղափոխվեց դատավորը։ Հիմա արդեն դատական նիստերն ընթանում են Ավանի նստավայրում՝ դատավոր Մելիքյանի նախագահությամբ»։

Նշենք, որ այս գործով նախորդ դատական նիստին ևս երեք ամսով երկարացվել էր մեղադրյալների կալանքի ժամկետը։

Փաստաբանի պնդմամբ՝ իրականում դատական գործը, որը քննվում է՝ որպես այդպիսին հիմք չունի։ Նա շարունակեց․ «Նախաքննությունից շատ դժգոհ եմ, քանի որ այն վարկածը, որն առաջ է քաշել վարույթն իրականացնող մարմինը, ակնհայտ իրականությանը չի համապատասխանում, որովհետև տղաների վրա կան պայքարի հետքեր։ Եվ հնարավոր չէ իրենց այն վարկածը, որ մեկ զինծառայող մտներ տնակ և հերթով ծեծեր, կրակոցներ արձակելով քնած տղերքին սպաներ և մեկ կրակոցից նրանք չարթնանային։ Նորից հատուկ շեշտեմ, որ նրանց մարմնի վրա, բացի հրազենային վնասվածքներից եղել են այլ մարմնական վնասվածքներ, ինչը պայքարի հետքեր են։  Հետևաբար այն վարկածը, որն իրենք են առաջ քաշել և այդպես էլ տարել են դատարան գործը, ես գտնում եմ, որ դա ուղղակի խայտառակություն է։ Դա պետք է նորից հետո ուղարկել քննչական մարմին և կատարել օբյեկտիվ , բազմակողմանի և լրիվ քննություն, որովհետև սա խմբակային հանցագործություն է։ Այդ ամենը հաշվի առնելով՝ կարող եմ միանշանակ պնդել, որ վարույթն իրականացնող մարմնի վարկածը, որով գործը հասել է դատարան, կեղծ է»։

Հարցրինք՝ նպատակ ունեն այդպիսով կոծկելո՞ւ իրական մեղավորներին, թե՞ անփութության հետևանք է, Հայարփի Սարգսյանը պատասխանեց․ «Ակնհայտ փաստեր են։ Միանշանակ կարող եմ խնդել, որ այդտեղ ոչ մի անփութության մասին  խոսք չկա։ Պրիմիտիվ վարկած է առաջ քաշում նախաքննական մարմինը, որ ոչ պրոֆեսիոնալն անգամ կարող է հասկանալ՝ դա կեղծ վարկած է»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ժամը 16։00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031