Արցախի Աժ ընդդիմադիր պատգամավոր, «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը «Հայելի» ակումբի հետ հեռավար զրույցում ներկայացնելով շուրջ երեք ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը եւ մարդկանց տրամադրությունը՝ ասաց․ «Ասես, վաղուց արդեն ժողովրդի մոտ հետին պլան է մղվել սոցիալական վիճակը։ Վերջին օրերի իրադարձությունները, որ տեղի ունեցան Արցախում եւ զոհվեց երեք ոստիկան, չէի ասի, թե փոխեց իրավիճակը, բայց ծանրագույն վիճակի մեջ գցեց Արցախը։ Ցավը թարմ է, շատ ուժեղ։ Եվ մնացած ամեն բան դրանից ելնելով՝ մղվում է հետին պլան։ Մարդկանց չի հետաքրքրում, որ սննդի պակաս կա, կենցաղն է անհարմար դարձել։
Բավականին մեծացել է եղած անվստահությունը երկրի իշխանությունների նկատմամբ։ Այնպես որ, իրականում ծայրահեղ իրավիճակ է։ Առողջապահության համակարգը այս իրավիճակում պատշաճ չաշխատելու պատճառով, առավել եւս գարնանը, երբ հիվանդությունները սրվում են, մահացության դեպքերը շատացել են։ Նաեւ շատ մտահոգիչ է այն հանգամանքը, որ Արցախում շատացել են այնպիսի երեւույթները, որ կան մարդիկ, որոնք այս պայմաններում ուզում են հարստանալ եւ անպատկերացնելի աստղաբաշխական գներով են ապրանք վաճառում»։
Տիկին Հակոբյանը կոնկրետ անուններ չհնչեցրեց։ Սակայն նաեւ նշեց, որ այդ խնդրով պետք է զբաղվեն դատախազությունը, կառավարությունը, որոնց կողմից դեռեւս հայտարարություններ են տեսնում, բայց ոչ աշխատանք։
Անդրադառնալով Արցախի նախագահի վերջին հայտարարությանը, թե Ադրբեջանը պահանջում է ինտեգրվել, այլապես ավելի կոշտ միջոցներ կկիրառվեն եւ ովքեր պատրաստ են ինտեգրվել, կարող են առաջ գալ, Մետաքսե Հակոբյանը ասաց․ «Մենք բազմիցս ասել ենք ու կասեմ մեկ անգամ եւս, որ անթույլատրելի է այդպիսի հայտարարություն Արցախի նախագահից, որովհետեւ Մայր օրենքը՝ Արցախի Հանրապետության սահմանադրությունը, հստակ տվել է նախագահի լիազորությունները։ Նա պարտավոր է պաշտպանել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը։ Ըստ էության, Արցախի նախագահի նման հայտարարությունը հակասում է հենց Մայր օրենքին, հենց իր լիազորություններին, որ իրեն տալիս է Մայր օրենքը։
Կարդացեք նաև
Հետեւաբար, ստացվեց այնպես, որ այդ խոսքերով Արցախի նախագահը այլեւս լիազորված չէ պաշտպանելու Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը։ Խոսել ինտեգրման, ինչ-որ ուժերի, մարդկանց մասին, որոնք պատրաստ են ինտեգրվելու, կամ իրենց մտքի ծայրով անցնում է, որ կարող են մեկ օր, մեկ ժամ կամ ընդհանրապես ապրել ադրբեջանցու հետ կողք-կողքի նույն գյուղում, նույն քաղաքում, իսկ ըստ իս այդպիսի մարդիկ չկան, կարծում եմ, Արցախի նախագահն ընդհանրապես իրավունք չուներ նման հայտարարություն անելու։ Ինքը ի վերջո պիտի սովորի պատասխանատվություն կրել իր խոսքերի եւ իր խոսքերից հետո հետեւանքների համար։ Դա անթույլատրելի էր»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ