ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին։
Պարոն Քյարամյանը բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում Իրանի դեսպանատան միջև ձևավորված գործընկերային կապերի բարձր մակարդակը, որը լիովին համահունչ է երկու բարեկամ երկրների միջև ջերմ, բարեկամական և բազմավեկտոր հարաբերությունների ոգուն և ընդհանուր նպատակներին։ ՀՀ ՔԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել առավել ընդլայնել համագործակցությունը՝ օգտագործելով նաև Կապանում նոր բացված Իրանի գլխավոր հյուպատոսության հետ օպերատիվ հաղորդակցության ներուժը և այդ կապակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Պարոն դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ սերտ համագործակցության խթանման հարցում անձնական ներդրման, ցուցաբերած հետևողականության համար, ինչը նպաստում է քրեաիրավական ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակմանը և միմյանց օրենսդրության նկատմամբ լիարժեք հարգանքի հիմքի վրա դրանց լուծմանը։
Կարդացեք նաև
Ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են անդրազգային բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում գործադրվող համատեղ ջանքերին, այս ոլորտում երկկողմ գործակցության ավելի ճկուն կառուցակարգերի կիրառման հնարավորություններին։
Քննարկվել են նաև երկու երկրների՝ քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվության բարձրացման հնարավորությունները։
Զրուցակիցները երկկողմ տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի անխոչընդոտ զարգացման տեսանկյունից կարևորել են քրեական վարույթների շրջանակում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը իրանական կողմին շնորհակալություն է հայտնել առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու ստացած առաջարկի կապակցությամբ՝ սիրով ընդունելով այն։
ՀՀ քննչական կոմիտե