Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնորոշման իրավունքը 20 թվականին ճանաչել է Ադրբեջանը, 90-ին ճանաչել է ԽՍՀՄ-ը՝ ապրիլի 3-ի օրենքով, ինչքա՞ն կարելի է չիմանալ նյութը, անգրագետ խոսել». Մանասյան

Մարտ 10,2023 19:35

«Մենք պետք է հրեաների փորձը օգտագործենք, ցեղասպանության ճանաչման հարցում այլ քաղաքականության իրականացման մասին մտածենք, որովհետեւ ճանաչեցին, հետո՞ ինչ: Դա իրավական հետեւանքներ կարծես չի հարուցում: Ինքս պաշտպանեցի այն գաղափարը, որ պետք է ստեղծվի համապատասխան միջազգային կառույց, որը կհետապնդի ցեղասպանության փաստը ժխտողներին եւ պատժի կենթարկի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  քաղաքագետ «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովի մասնակից Ալեքսանդր Մանասյանը:

Ըստ նրա, մենք ցեղասպանության հարցում հասկացությունների ճշգրտման խնդիր ունենք. «Սնայպերական պիտի լինենք, բառ սխալ ասելու իրավունք չունենք: Տեսեք, անցել է քանի տարի, ՀՀ իշխանությունները չճանաչեցին սումգայիթյան եղեռնը՝ որպես Հայոց ցեղասպանության շարունակություն, որովհետեւ դա ժամանակին ձեռք չէր տալիս մեր ռազմավարական դաշնակցին՝ ՌԴ-ին, որի համար հաճելի չէր, որ այդ ցեղասպանությունը տեղի ունեցած լիներ ԽՍՀՄ-ում՝ ռուսական կայսրության ներսում: Բայց մենք պետք է ձեւեր գտնենք շրջանցելու դա, ու ձեւերը կան: Օրինակ, 20-ականներին, երբ մեր հողերը՝ Նախիջեւանը եւ Արցախը օտարել են Հայաստանից դա հո ՌԴ-ն չի արել, դա արել է այն ՌԴ-ն, որը դրսից բերված էր՝ Լենին, Տրոցկի, այն ժամանակների սորոսականները: Գորբաչովը նույնն է, նա ռուսական շահը չի հետապնդել»:

Aravot.am-ը հարցրեց՝ իշխանությունները չեն խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, չեն խոսում ցեղասպանության ճանաչման մասին, ասում են՝ հարյուրավոր տարի նույն բանն արել եք, ոչ մի բանի չեք հասել, հիմա պետք է խաղաղություն կնքել, որի արդյունքում տնտեսություն կզարգանա, ինչպե՞ս հասնել արդյունքի՝ Մանասյանը պատասխանեց. «Մենք այն չենք ասել, ինչ պետք է ասեինք: Իրենք ասում են՝ 100 տարի դա ասել ենք, իրենց մտքի եղածն են ասում, պետք է ճիշտ խոսեինք: Օրինակ, հիմա խոսում են ղարաբաղյան խնդրից, միջազգային իրավունքի անուն չի տրվում: Չի ասվում, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է մի քանի անգամ, անընդհատ ասվում է եկեք ճանաչենք: 20 թվականին ճանաչել է Ադրբեջանը, 90-ին ճանաչել է ԽՍՀՄ-ը՝ ապրիլի 3-ի օրենքով, ինչքա՞ն կարելի է չիմանալ նյութը, անգրագետ խոսել: Դա խոսում է նրա մասին, որ մենք ինքներս չգիտենք մեր խնդիրը, իսկ դա առանց գիտության չի լինում: ԳԱԱ-ում, համալսարանում, մտավորականության մեջ է խելքը, ոչ թե աթոռներում»:

Հարցին՝ Թուրքիայի հետ խաղաղության կնքումը հավանական չե՞ք համարում այս պարագայում՝ նա պատասխանեց. «Մենք պետք է իմանանք, որ այդ պետությունը մի նպատակ ունի, եւ ինչ էլ զիջենք, նա իր նպատակից չի հրաժարվի: Եվ այդ նպատակը չի թաքցնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031