«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց այս տարվա հունվար-փետրվար ամիսների իրադարձությունների եւ դեպքերի վերաբերյալ «ԱմոթիՍար» խորագրով հետազոտության արդյունքները:
Պատահականության սկզբունքով հեռախոսային հարցումն անցկացվել է փետրվարի 25-ից 28-ը ՀՀ բոլոր վարչական տարածքների 1100 քաղաքացիների շրջանում, որոնց առաջարկվել է պատասխանել ութ հարցի.
Ինչպե՞ս է փոխվել կոռուպցիայի տարածվածությունը Հայաստանում 2018 թ. հեղափոխությունից հետո:
Գնահատել ՀՀ գործադիր, դատական եւ օրենսդիր մարմինների կոռումպացվածությունը:
Կարդացեք նաև
Գնահատել ընտրված 11 ծառայությունների եւ ոլորտների կոռումպացվածությունը:
Որքանո՞վ են տիրապետում երկրաշարժի ժամանակ անվտանգության կանոններին:
Ինչպե՞ս են գնահատում Թուրքիա եւ Սիրիա հումանիտար օգնություն եւ փրկարարներ ուղարկելու կառավարության որոշումը:
Ինչպե՞ս են վերաբերվում փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու որոշմանը:
Ինչպե՞ս են վերաբերվում ՀՀ կառավարության՝ «Լիդիան Արմենիայի» հետ $ 250 միլիոնի համաձայնագրի ստորագրմանը եւ Ամուլսարի վերաշահագործմանը:
Որքանո՞վ են վստահում հունվարի 19-ին Ազատ գյուղի տարածքում տեղակայված կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով 15 զինծառայողների զոհվելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած վարկածին:
Հարցվածներ մեծ մասը գտնում է, որ 2018թ. հեղափոխությունից հետո կոռուպցիան Հայաստանում նվազել է, որ ամենաշտը կոռումպացված է դատական իշխանությունը, որ ծառայություններից եւ ոլորտներից ամենաշատը կոռումպացված են քրեակատարողական հիմնարկները:
Հարցվածների կեսից ավելին կարծում է, որ ավելի շատ տիրապետում է երկրաշարժի ժամանակ անվտանգության կանոններին, Թուրքիա հումանիտար օգնություն եւ փրկարարներ ուղարկելուն դրական վերաբերվում է 33,9 %-ը, Սիրիա՝ 57,3 %-ը։
Հետաքրքիր պատասխաններ են ստացվել վերջին երեք հարցումներին։ Մասնավորապես Ռուբեն Վարդանյանին Արցախի պետական նախարարի պաշտոնից ազատելու՝ Արայիկ Հարությունյանի որոշումը լիովին դրական համարում է ընդամենը 16,1 %-ը, ավելի շուտ դրական՝ 19,5 %-ը, ավելի շուտ բացասական՝ 19,5 %-ը եւ ընդհանրապես բացասական՝ 22,6 %-ը։ Այսինքն, Հայաստանի միջինացված բնակչության մեծամասնությունը համաձայն չէ Արցախի նախագահի որոշմանը։
Ամուլսարի հանքի վերաշահագործման նկատմամբ դիրքորոշումը 2019 թվականի տրամադրությունների հետ համեմատած դրական աճ է արձանագրել։ Իսկ ահա Ազատ գյուղի տարածքում մեր 15 զինծառայողների այրվելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած վարկածին լիովին վստահում է ընդամենը 6,5 %-ը, ավելի շուտ վստահում է՝ 12,3 %-ը, ավելի շուտ չի վստահում 18,8 %-ը, ընդհանրապես չի վստահում 51,7 %-ը եւ դժվարացել է պատասխանել 10,6-%ը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ