Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավատքի վահանը՝ Վահանավանք

Մարտ 10,2023 18:25

Շարունակելով ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային համալիրներին՝ այս անգամ կանգ կառնենք երկրի հարավում՝ Սյունիքում։

Կապան քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին, Տիգրանասարի լանջին է գտնվում Վահանավանք վանական համալիրը։

Հիմնադրել է Սյունյաց նահանգի Բաղք գավառի գահակալ իշխան Ձագիկի որդի Վահանը` X դարում, վերջինիս անունով էլ կոչվել է Վահանավանք:

Վանական համալիրը բաղկացած է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց (911 թ.), գավթից, սյունասրահից (XI դ. կես) և Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցուց (1086 թ.): Համալիրի եկեղեցին, գավիթը և սյունասրահը 1046 թ. վերակառուցել է Իշխանաց իշխան Գրիգորը (հետագայում Սյունյաց թագավոր Գրիգոր Ա):

Համալիրի գլխավոր եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է։ Կառույցի շինարարությունը ավարտվել է 911 թ.: Այն մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճ է և կառուցված է սրբատաշ բազալտից:

Գավիթը եկեղեցուն կից է արևմտյան կողմից: Այն կառուցել է Վահանավանքի վանահայր և Սյունյաց մետրոպոլիտ Վահան Ջևանշիրյանը XI դ. կեսին: Գավիթը ուղղանկյուն դահլիճ է` 3 թաղակիր կամարներով: Գլխավոր մուտքը հարավից է և բացվում է դեպի կից սյունասրահը:

Սյունասրահը հարավից կից է գավթին, կամարակապ դահլիճ է: Ձգվում է եկեղեցու և գավթի ողջ երկարությամբ: Բոլոր կառույցները կղմինդրածածկ են:

Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցին գտնվում է վանական համալիրից դեպի հարավ, բարձունքի վրա: Համաձայն պահպանված արձանագրության եկեղեցին 1086 թ. կառուցել են Սյունյաց թագուհի Շահանդուխտը իր քրոջ` Կատայի հետ միասին: Այն դասվում է երկհարկանի դամբարան-եկեղեցիների շարքին: Նրա առաջին հարկը կառուցված է որպես դամբարան, որի վրա բարձրանում է եկեղեցու շենքը: Այն թաղածածկ, փոքր, միանավ եկեղեցի է, որը հյուսիսից և արևելքից ունի սյունազարդ պատշգամբ: Եկեղեցու չափերը ավելի փոքր են քան առաջին հարկի դամբարանինը, որի հետևանքով հյուսիսային և արևելյան մասում առաջացել է շրջանցող հարթակ: Կառուցված է սրբատաշ բազալտից: Արևմտյան մասում անմշակ քարերով կառուցված գավիթն է:

Վահանավանքը հարուստ է վիմական արձանագրություններով: Բազմաթիվ խաչքարերի և տապանաքարերի վրա պահպանված վիմագրերը վկայում են, որ Վահանավանքը եղել է Սյունյաց և Աղվանից աշխարհի թագավորական, իշխանական տոհմերի պանթեոն։

Վանական համալիրը հայտնի մշակութային կենտրոն էր: Վանքի տարածքում գործում էր վանական դպրոց, որտեղ ուսանել է կաթողիկոս Վահան Ա Սյունեցին: Ըստ վիմագրական տեղեկության վանքի տարածքում եղել են ևս երկու եկեղեցիներ` Ս. Հարություն և Ս. Սիոն, որոնց տեղադրությունը դեռևս պարզված չէ:

Այստեղ ուսանելու են եկել նաև Սյունիքի տարբեր բնակավայրերից: Նյութապես հզոր վանական համալիր է եղել, ունեցել է սեփական գյուղեր, մեծ հողային տարածքներ:

Հուշարձանախմբի տարածքում պահպանվել են նաև ընդարձակ գերեզմանոցի, աղբյուրի և բնակելի շենքերի մնացորդներ, որոնք վկայում են երբեմնի խոշոր վանական համալիրի գոյության մասին։

1966 թվականից վանքի տարածքում պարբերաբար կատարվել են պեղումներ (ղեկ. Գ. Գրիգորյան):

Վանքի տարածքում խորհրդային տարիներին և ապա 2006-2009 թթ. իրականացված վերականգնման աշխատանքների արդյունքում ամբողջովին վերականգնվել են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և նրան կից գավիթը: Սյունասրահը մասնակիորեն է վերականգնվել: Ս. Աստվածածին եկեղեցին վերականգնվել է դեռևս խորհրդային տարիներին:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առևտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031