Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կոպիտ ասած, եկել էին ձեզ կուպիտ անեի՞ն». Ավետիք Չալաբյանի գործով դատախազի նյարդերը տեղի տվեցին

Մարտ 10,2023 18:45

«Ձայն 1-… որովհետեւ մեր կարիքները կախված է ֆինանսից, եթե կարաք՝ օգնեք ֆինանսով:

Ձայն 2-եթե կախված է ֆինանսից, կարանք օգնենք ֆինանսով:

Ձայն 1-հա, պարզ է, նյութականն է էսօրվա դրությամբ, ֆինանս է, բոլորին էդ է հետաքրքրում, մարդիկ ինչի՞ համար են գոյատեւում՝ գոյատեւելու համար, որովհետեւ, հիմա ամեն ինչ ֆինանսն է:

Ձայն 2-ով որ գոյատեւում է՝ ֆինանսն է, ով որ ապրում է, ֆինանսից բացի նաեւ ուրիշ:

Ձայն 1– հա դե ավելի արժեքներ ունենք, էնպես չի, որ ես հիմա մտնում եմ ստեղ գումարի կամ ինչ-որ մի հատ բանի համար, բայց կոնկրետ իմ թիմը, որ ձեւավորվում է, ինքն իր շահն ունի: Հիմա, այսօրվա դրությամբ, դուք ինձ ասեք կոնկրետ Թոռնիկ ջան՝ պետք է ինձ հազար հոգի հավաքես էսինչ տեղը, էսինչ գաղափարի համար, մենք զրուցենք մի ժամ, երկու ժամ, ամբողջ օր կամ վրաններ խփենք կամ ասեց մի հատ բան անենք, ճանապարհ փակվի: Դա ասում ես՝ Թոռնիկ ջան, ասեց մի հատ բան է պետք. բա հետո՞ :

Ձայն 2-հետո ի՞նչ նկատի ունես:

Ձայն 1– հետո՝ մենք փակեցինք, արեցինք էդ ամեն ինչը, խոսքի, ես էդ մարդկանց հետո ո՞նց եմ բան անում: Դուք, 2000 հոգու համար, օրինակ, ինչքա՞ն ֆինանս եք նախատեսում:

Ձայն 2 կամ ձայն 3– էդ 2000 հոգին նայած ի՞նչ են անում: Եթե, օրինակ, դուք կարողանաք ընդվզում կազմակերպեք համալսարանում, դա մի բան: Եթե պիտի գաք, ասենք, երկու խաչմերուկ փակեք, էդ ուրիշ բան:

Ձայն 1– էդ ա, դրա համար էլ ես էդ եմ ասում, ձեր հայեցողության վրա եմ թողնում էդ գումարային պահը….». հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով , Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվող դատական նիստի ժամանակ, մեղադրող դատախազը խնդրո առարկա ձայնագրության սղագրությունից մեջբերեց:

Հիշեցնենք, դատարանն այսօր հարցաքննեց հիմնական վկա Թոռնիկ Ալեյանին:

Հայտնի ձայնագրության սղագրությունից հետո, Թոռնիկ Ալեյանն ասաց, որ իր կարծիքով իր ձայնը՝ «ձայն 1»-ն է: Դատախազը հետաքրքրվեց՝ հիմա այս խոսակցության ժամանակ իրե՞ն էին ինչ-որ մի բան առաջարկում, թե՞ ինքն էր առաջարկում: Պատասխանը եղավ. «Պարզ է, որ առաջարկում էին, ինչ-որ ես ուզեի»: Ասաց նաեւ, որ շատ կոնկրետ չի հիշում առաջարկությունը, բայց իրեն թվում է, որ իրեն ասել են՝ ինքն ուզի, ինչ-որ ուզելու է: Դատախազը հիշեցրեց, որ սկզբում վկան ասել էր՝ իր համար տհաճ թեմա է, չի հիշում, բայց, կարծես, լավ էլ մանրամասն զրուցում է եւ հետաքրքրվեց՝ այս խոսակցությունից ինքն ի՞նչ է ընկալել, իրեն ինչ-որ բան առաջարկե՞լ են, թե՞ ինքն է առաջարկում: Վկան պատասխանեց՝ իր ընկալելով առաջարկվում է՝ միանալ քաղաքական ինչ-որ մի ուժի՝ ուսանողական ուժի համար:

Դատախազը երկար փորձում էր հասկանալ՝ այդ խոսակցությամբ վկային փորձել են շահագրգռե՞լ, ապա նյարդերը տեղի տվեցին ու հարցրեց՝ «կոպիտ ասած, եկել էին ձեզ կուպիտ անեի՞ն»: Վկան պատասխանեց. «Հա, շահագրգռել են»: Իսկ շահագրգռվածությունն ի՞նչ ձեւով է եղել՝ պատասխանեց. «Պաշտոն տան, թե գումար, թե աշխատանք»: Դատախազի ուղիղ հարցին՝ շահագրգռվածությունը նյութականացնո՞ւմ էին, ասո՞ւմ էին՝ գումար տանք, եկեք այս գործն արեք, վկան պատասխանեց, որ չի հիշում: Դատախազը նկատեց. «Ես հրապարակեցի, չհիշելու բան չկա»: Պաշտպանական կողմ առարկեց՝ հայտարարելով, որ դատախազը կոնկրետ պատասխան է ուզում ստանալ վկայից՝ ճնշում գործադրելով, թեեւ հարցին պատասխան հնչել է:

Դատախազի հաջորդ հարցին՝ վկայի հետ հանդիպումների նպատակն իրեն նյութապես շահագրգռե՞լն էր, վկան պատասխանեց, որ իրեն թվում է՝ այո ու հավելեց, որ եթե միայն իրեն շահագրգռելու նպատակ կար, ուրեմն, դա վերաբերվում է ուսանողներին էլ, այլապես այլ տարածքում իրեն կհանդիպեին:

Ավետիք Չալաբյանի պաշտպանական կողմի հարցերին էլ պատասխանելիս, վկան ասաց, որ չի հիշում՝ Էմմա Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, ուսանողներին ինչ-որ ցույցերի ներգրավվելու թեմա քննարկվե՞լ է, թե՞  ոչ: Իսկ թե քաղաքական ի՞նչ թեմայի մասին է խոսակցություն եղել, ասաց, որ Էմմա Սարգսյանն ասել է, որ իր թիմը, որը քաղաքական ուժի ներկայացուցիչներ են, ուզում են իր հետ հանդիպել: Քաղաքական հարցով նյութապես շահագրգռելու մասին հարցին էլ պատասխանեց, որ չի հիշում, բայց. «Ոնց որ խոսակցություն եղել է՝ պետք է գաս, հանդիպենք, ինչ-որ դու ուզենաս… սենց բաներ, էլի»:

Պաշտպանը հետաքրքրվեց՝ իսկ ինչո՞ւ է Էմմա Սարգսյանի հետ երկրորդ հանդիպմանը գնացել: Թոռնիկ Ալեյանը պատասխանեց, որ իր միակ հետաքրքրությունը եղել է այն, թե ինչո՞ւ է Ագրարային համալսարանի դասախոսը նման բաների մեջ մտել, ցանկացել է հասկանալ՝ այլ դասախոսներ էլ կա՞ն ներգրավված, քանի որ «էդ ամեն ինչի պատճառով ուսումը փչանում է արդեն, լսարաններում գնում է քաղաքական դաշտ, քննարկումներ, դասերի պռավալ…չմանրամասնեմ էլի»: Պաշտպանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ է ենթադրել, որ Էմմա Սարգսյանի հետ առաջին հանդիպման ժամանակ նյութապես շահագրգռելու մասին խոսակցություն չի եղել, քանի որ երկրորդ հանդիպմանը վկան այլ նկատառումներով է գնացել: Վկան հակադարձեց՝ ասելով, որ 2 միլիոնը կամ պաշտոնն իր համար շահագրգռություն չի, քանի որ ինքը դա չի նախատեսել. «Կարողա եւ շահագրգռել են նյութապես, ես չեմ հիշում, ասեցի, որ չեմ հիշում: Ինձ համար, որը որ եղել է քայլը կոնկրետ՝ խի եմ գնացել, էդ է եղել»:

Վկան պնդեց, որ գումարի մասին խոսակցությունը Էմմա Սարգսյանն է բացել, քննարկում եղել է, որ ինքը կարող է ինչ որ ուզում է՝ ուզի: Պաշտպանը նկատեց՝ ձայնագրության սղագրության մեջ չկա դրվագ, որ Էմմա Սարգսյանը գումարի մասին խոսակցություն է բացում, փոխարենը, Թոռնիկ Ալեյանն է գումարի մասին խոսակցություն բացում: Վկան ասաց՝ «Նշանակում է՝ հարց է տվել, որ ես էլ պատասխանում եմ»:

Հետո պաշտպանը շարունակեց հրապարակել ձայնագրության սղագրությունը, որտեղ Էմմա Սարգսյանը խոսում է «Դիմադրության» շարժման մասին, ապա՝ «Համախմբում» շարժման՝ մանրամասնելով, որ վերջինիս ղեկավարը Կարին Տոնոյանն է: Վկան էլ արձագանքում է. «Կարին Տոնոյան, Ավետիք… էս էն գումար-մումար, ի՞նչ առաջարկ»: Պաշտպանը նկատեց, որ այս խոսակցությունը հերքում է վկայի ասածը, որ Էմմա Սարգսյանն է գումարի մասին խոսակցություն բացել եւ հետաքրքրվեց՝ գումարի մասին խոսակցությունը ե՞րբ է գնացել: Վկան պատասխանեց՝ մինչեւ երկրորդ հանդիպումը:

Պաշտպանի հարցին՝ Էմմա Սարգսյանի հետ առաջին անգամ հանդիպման ժամանակ գումարի մասին խոսակցությո՞ւն է գնացել, վկան պատասխանեց. «Շահագրգռվածություն գնացել է, ինձ ասել են՝ ինչ ուզես՝ կարաս ուզես՝ պաշտոնն կլինի, ինչ կլինի»:

Երկար ժամանակ պաշտպանը փորձում էր հասկանալ, թե վկայի պատասխաններում հակասություններն ինչո՞վ են պայմանավորված: Վկան օգնեց՝ ասելով, որ երբ զրույցի ձայնագրությունից պաշտպանն ընթերցեց, ինքը վերհիշեց Էմմա Սարգսյանի հետ առաջին հանդիպումից որոշ մանրամասներ, ինչը մինչ այդ չէր հիշում եւ ասել էր: Դատավորը միջամտեց՝ դիմելով պաշտպանին, որ իր հարցաքննության ընթացքում, վկան շահագրգռվածության մասին ասել է մի քանի անգամ:

Պաշտպանի հարցին՝ ո՞վ է բացել 2 հազար ուսանողի մասին խոսակցությունը, վկան պատասխանեց. «Էդ ծրագրի շրջանակներում է եղել, ես ասել եմ, որ պետք լինի, երկու հազար հոգու էլ կարող ենք բերել»: Հետո, նա ասաց, որ խոսակցությունը եղել է Էմմա Սարգսյանի հետ առաջին հանդիպման ժամանակ եւ վերաբերվել է գյուղատնտեսական ծրագրին:

Պաշտպանը հրապարակեց ձայնագրության մի հատված, որտեղ Թոռնիկ Ալեյանն է խոսում 2 հազար հոգու մասին: Դատավորը նկատեց, որ Թոռնիկ Ալեյանն ասել է 2 հազար հոգու մասին խոսակցությունը որտեղից է եկել: Պաշտպանը հետաքրքրվեց՝ Ավետիք Չալաբյանը գումարային հարց ասե՞լ է վկային՝ ուսանող ներգրավվելու դիմաց, վկան ասաց՝ չի հիշում: Ուսանողների կարիքների մասով խոսակցությունն էլ վկան չէր հիշում, թե ո՞վ է բացել: Վկան ասաց՝ չի հիշում՝ Չալաբյանն ասե՞լ է, որ ուսանողների կարիքները ֆինանսներից են կախված, նա չէր հիշում, թե ուսանողների ֆինանսական կարիքներից ինքը խոսած լիներ:

Պաշտպանը հրապարակեց ձայնագրությունից հատված, որտեղ Ավետիք Չալաբյանը առաջարկում է՝ ինքներդ ձեւակերպեք ձեր կարիքները, վկան էլ պատասխանում է, որ ուսանողների կարիքները ֆինանսից են կախված: Ի պատասխան, Թոռնիկ Ալեյանն ասաց, որ առաջին հանդիպման ժամանակ շահագրգռելու մասին խոսակցություն է գնացել, ինքն էլ կարծել է, որ դիմացինի պատկերացմամբ, այդ կարիքները կարող են ֆինանսից կախված լինել: Պաշտպանը հետաքրքրվեց՝ ուսանողներից լիազորություն ունե՞ր վկան, որ հայտարարում է, թե ուսանողների կարիքները ֆինանսից են կախված: Դատավորը հարցը հանեց՝ ասելով, որ պատասխանը հնչել է:

Պաշտպանական կողմն առարկեց դատավորի գործողությունների դեմ, հայտարարելով, որ երբ մեղադրողն էր հարցաքննում, քանիցս հստակեցնող հարցեր հնչեցին, որոնք չհանվեցին, որոնց դեմ առարկություն չեղավ, քանի որ շատ դեպքում Թոռնիկ Ալեյանը հարցն էլ չէր հասկանում, մինչդեռ պաշտպանական կողմի պարագայում, հստակեցնող հարցերը ջանասիրաբար հանվում են՝ տարբերակված մոտեցում ցուցաբերելով:

Հաջորդ դատական նիստում, կհրապարակվեն Թոռնիկ Ալեյանի նախաքննական ցուցմունքները: Նիստը տեղի կունենա մարտի 31-ին, ժամը 10.00-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031