«Ցեղասպանությունից անցել է 100 տարի եւ ամեն տարի, որ անցնում է, ավելի է դժվարացնում մեր աշխատանքը ճանաչման եւ հատուցման մեջ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Օրրան» բարեգործական ՀԿ հիմնադիր, «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովի մասնակից Արմինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ չնայած այսօր շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց հարցն այն է, թե դա ինչ միս ու արյուն պետք է ստանա. «Շատ մեծ մարտահրավերներ են, պետք է ծրագրավորված աշխատենք, որովհետեւ մինչեւ հիմա մենք միշտ աշխատում ենք կարծես թե ապրիլի 24-ից ապրիլի 24: Ժամանակն է, որ երկարատեւ լուծումներ գտնենք, մտածենք ինչպես աշխատենք Թուրքիայի հետ, այլ երկրների հետ, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն, որ կարողանանք այդ փաստն օգտագործենք՝ ճնշումներ գործադրելով Թուրքիայի վրա: Բայց ամեն ինչ պետք է սկսենք մեր տնից՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից: Հայոց ցեղասպանությունը միայն հայերի հարցը չի, համամարդկային հարց է: Գիտենք ինչպես Հիտլերն օգտագործեց այդ փաստը եւ Հոլոքոստը կազմակերպեց: Պետք է ճանաչումը, որովհետեւ համամարդկային հարց է եւ ուզում ենք, որ ցեղասպանությունը վերանա աշխարհի երեսից եւ երբեք չկրկնվի»:
Հարցին՝ հիմա Հայոց ցեղասպանության մասին ենք խոսում, բայց հիմա էլ Արցախում ցեղասպանության վտանգ կա՝ նա պատասխանեց, որ աշխարհով մեկ է ցեղասպանությունը. «Սպիտակ ջարդ է տեղի ունենում Սփյուռքում մեր հայերի մեջ: Ամեն օր անցնում եւ մենք կորցնում ենք մի քանի հայ օտարության մեջ: Ամեն ինչ սկսվում է երազանքից եւ գործից: Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք իրենց առջեւ նպատակ են դրել, որ երբեք չենք մոռանալու Ցեղասպանությունը, իրատես ենք լինելու, շարունակական աշխատանք ենք տանելու, որ կարողանանք ճանաչումն ապահովել: Դա համամարդկային պահանջ է, ոչ միայն հայկական»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հարցրեց՝ մեր իշխանությունները չեն խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ ասելով, որ 30 տարի դրա մասին խոսել եք, ոչ մի բանի չեք հասել, չեն խոսում Ցեղասպանության ճանաչման մասին, կարծես մոռացության են տվել, հիմա մեր քաղաքացիները ինչպե՞ս կարող են արդյունքի հասնել, երբ որ երկրի իշխանությունները այդ թեզի կրողն են՝ Արմինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ամեն ինչ սկսում է քաղաքացուց: Այսօր քաղաքացին է իշխանության բերել այս իշխանությանը եւ քաղաքացին կարող է հանել եւ փոխել: Մենք պետք է հավատանք մեր ուժերին, մենք ուժ ունենք, երբ միանում ենք: Մի մոռացեք, որ մենք անկախություն ենք բերել մեր երկրին, հետ ենք բերել Արցախը, չնայած մի մասը կորցրեցինք, ուրեմն մենք կարող ենք փոխել եւ ճիշտ ուղու վրա դնել մեր երազանքները»:
Ճշտեցինք՝ դրանք շատ եթերային չե՞ն, հողի վրա մենք այսօր ի՞նչ ունենք՝ մարտահրավերներ եւ մեր մեջ անընդհատ ներարկում են, որ մենք չենք որոշողները, աշխարհաքաղաքական վերադասավորումներ են եւ մենք քամու տակ ուր քշում, այնտեղ էլ գնում ենք՝ Հովհանիսյանը պատասխանեց. «Խրիմյան հայրիկը ասաց՝ մեզ երկաթե շերեփ է պետք: Ցավոք, այսօր մեզ այդ շերեփն է պետք, որ կարողանանք խոսել ու մեր պահանջները դնել, որովհետեւ մեր թշնամին միայն այդ լեզուն է հասկանում եւ անվտանգություն, ուժեղ բանակ, նվիրվածություն եւ զոհաբերություն: Այսօր, ցավոք, զոհաբերությունն արվում է մի քանի հազար մարդկանց կողմից, իսկ մենք պետք է այդ զոհաբերությունը ցույց տանք աշխարհով սփռված հայերով: Այո, պետք է իրատեսական լինի, պետք է հասկանանք ինչ է անհրաժեշտ: Բայց այս համաժողովի նպատակն այն է, որ չպետք է մտածենք միայն այսօր, երկարաժամկետ ծրագրեր են պետք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ