Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբարը, Ռուբենը տեսեք ինչպես են փորձում ներդրում անել, Սամվել Կարապետյանը, մյուսները պետք է գան, ներդրումներ անեն, Հայաստանը հզորացնեն». Հրանուշ Հակոբյան

Մարտ 10,2023 17:55

Այսօր «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովին մասնակցում էր սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը:

Լրագրողների հետ զրույցում սփյուռքի անելիքների մասին խոսելիս՝ Հրանուշ Հակոբյանն ասաց. «Օրինակ, ի՞նչն է խանգարում, որ մի օր միեւնույն ժամին որոշում կայացվի աշխարհի բոլոր երկրներում միտինգներ, ցույցեր արվեն՝ Արցախի շրջափակման համար: Բոլոր պետությունների պառլամենտների, կառավարությունների առաջ հարց դնեն, որ այսօր 120 հազար մարդ գտնվում է ցեղասպանության եզրին, նրանք սովամահ են լինում: Դուք խոսում եք մարդու իրավունքներից՝ երեխաների, կանանց իրավունքներից, այդ վերամբարձ բառերը եկեք կոնկրետացնենք: Ի՞նչ կարող է անել յուրաքանչյուր հայ՝ մեկ ժամ ժամանակ տրամադրել, դուրս գալ իրենց պետությունների պետական կառույցների վրա, ճնշում գործադրել, պահանջել»:

Թե ինչու չեն անում դա, Սինանյա՞նը չի կազմակերպում՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, բայց ամեն հայ կարող է այսպես անել՝ Արցախին օգտակար լինելու համար»:

Նա, խոսելով հայկական տեսլականի մասին՝ ասաց, որ մեր հույսն ու ողնաշարը հայոց պետության հզորացումն է. «Հզորների հետ են հաշվի նստում, խեղճերի հետ հաշվի չեն նստում: Դրա համար պետք է մեր ճիշտ քաղաքականությամբ բարեկամներ ձեռք բերենք, եղած բարեկամների հետ հարաբերությունները հզորացնենք: Սփյուռքի կայացած մարդիկ՝ Նուբարը, Ռուբենը տեսեք ինչպես են փորձում ներդրում անել, Սամվել Կարապետյանը, մյուսները պետք է գան, ներդրումներ անեն, Հայաստանը հզորացնեն, չպետք է արտագաղթը այսքան արագանա, պետք է կանխենք: Մեր գլխավոր խնդիրն այսօր բանակի, անվտանգության եւ տնտեսության զարգացումն է»:

Հետաքրքրվեցինք, դուք կոնկրետ պաշտոնաթող լինելուց հետո ի՞նչ եք անում դրա համար՝ նա պատասխանեց. «Ես դասախոսում եմ եւ երկրորդը՝ գրում եմ գրքեր իմ անցած ամբողջ փորձը եւ գիտելիքները փորձում եմ փոխանցել նրանց, ում համար դա հետաքրքիր է»:

Զարեհ Սինանյանի գործունեության վերաբերյալ նա հրաժարվեց գնահատական տալ ասելով, որ չի հետեւում, բացի այդ, կոռեկտ չէ. «Դրա համար կա սփյուռք, կան մարդիկ, թող իրենք գնահատեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031