Տավուշի մարզկենտրոն Իջեւանում բացվել է մանրանկարչուհի Նարինե Գրիգորյանի աշխատանքների ցուցահանդեսը: «Վերնատուն» պատկերասրահում ներկայացված 54 նկարները ստեղծվել են ձեռագիր մատյանի համար և ցուցահանդեսից հետո դրանք տեղ կգտնեն համապատասխան էջերում: Աշխատանքները ցուցադրվել են նաև Լիբանանում:
Նկարչուհին Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Իջևանում աշխատանքները կցուցադրվեն մինչև մարտի 26-ը: «Ձեռագիր մատյանում տեղ է գտել նկարների մի քանի շարք: Առաջինը «Հայոց այբուբեն» տառերի շարքն է, հաջորդիվ «հավերժություն» և «ճակատագիր» խորագրերով մանրանկարներն են: Ցուցահանդեսից հետո դրանք կտեղադրեմ իմ կողմից ստեղծված ձեռագիր մատյանում: Մանրանկարչության հանդեպ սերն ունեցել եմ դեռ մանկուց, մանրանկարչուհի քույրս եղել է իմ առաջին ուսուցիչը: Սովորել եմ գեղարվեստի ակադեմիայում, այնուհետև Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Հիմնադրել եմ «Գրիգորյան» ազգային արվեստի ակադեմիան, որի մասնաճյուղը Իջևանում բացվել է 2022 թ.-ին, նույն տեղում հիմնել եմ նաև տիկնիկային թատրոն: Իմ գործունեության նպատակն է արվեստի տարբեր ճյուղերի տարածումը նաև Տավուշի մարզում»,-նշեց Նարինե Գրիգորյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ