Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույցից մեկ շաբաթ անց՝ Սուրեն Պապիկյանն ու զինդատախազն ընդունել են այրվածքներից մահացած զինվորի հորը

Մարտ 10,2023 17:31

Ինչպես տեղեկացրել ենք, Սիսիանի դիրքերում՝ 3700 մետր բարձրության վրա՝ որպես զորամաս տեղակայված վագոն-տնակում հրդեհից զոհված 19-ամյա ժամկետային զինծառայող, Ազատան գյուղի բնակիչ Պալյան Պողոսյանի ծնողները, հարազատները անցած ուրբաթ ի նշան բողոքի՝ փակել էին Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածը։

Նրանք դժգոհում էին, որ դեպքից անցել է յոթ ամիս, սակայն ոչ մի հստակ պատասխան չունեն դեպքի հանգամանքների մասին, քրեական գործը տեղում դոփում է, ծնողներին ոչ մեկը չի ընդունում ու նրանց բազմաթիվ «ինչուներին» չեն պատասխանում։

Ծնողները քննադատում էին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որին բազում անգամներ դիմել էին, սակայն ոչ մի անգամ իրենց չէր ընդունել ու չէր լսել։ Նրանք ճանապարհը բացեցին Շիրակի մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի հորդորով, որը և որոշակի կազմակերպչական աշխատանքներից հետո պայմանավորվածություն ձեռք բերեց թե՛ զինդատախազի և թե՛ պաշտպանության նախարարի հետ հանդիպելու։

Պալյան Պողոսյանի հայրը՝ Ջիվան Պողոսյանն, որն այսօր եղել է Սուրեն Պապիկյանի մոտ, Aravot.am-ին պատմեց, որ ինքն ամբողջապես ներկայացրել է իր բողոքն ու պահանջը։

Հանդիպումը տևել է 1,5 ժամ, նախարարը Պալյանի Պողոսյանի մահվան գործի շրջանակում իր ենթականերին հանձնարարականներ է տվել։ Ջիվան Պողոսյանը հանդիպել է նաև ՀՀ գլխավոր զինդատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ, նախորդ օրը ևս եղել է նրա մոտ։

Ծնողին հուսադրել են, թե քրգործը կքննեն օբյեկտիվորեն։

Հիշեցնենք, ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 17-ի գիշերը՝զինծառայողի քնած ժամանակ։ Զինծառայողը վառարանից բռնկված հրդեհից այրվածքներ էր ստացել, ինչի հետևանքով հուլիսի 26-ին մահացել էր։

Մայրը պատմում էր, որ որդու մարմնի 60 տոկոսն այրված է եղել, 20 տոկոս էլ՝ շնչուղիները։ Պալյանը ողջ գիշեր սառնամանիքին այրված մարմնով դրսում նստել էր մինչև լուսաբաց, առավոտյան ժամը 6-7-ի սահմաններում նոր բժշկական օգնություն են ցուցաբերել։

Զորամասում ոչ մի ցավազրկող չի եղել, նույնիսկ կապ էլ չի եղել, որ օգնության կանչեին։ Լուսաբացին նոր միայն խորը այրվածքներ ստացած զինվորին «Վիլիսով» հասցրել են Սիսիանի հոսպիտալ, ցավազրկելուց հետո տեղափոխվել մայրաքաղաք՝ Այրվածքաբանական կենտրոն, որտեղ որդին 10 օր անց մահացել է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031