Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե մենք այդ խաղաղությունը երաշխավորելու ուժը չունենք, այդ խաղաղությունը ինչ թղթի վրա որ ստորագրված է, այդ թղթի արժեքը չարժե». Վահան Զանոյան

Մարտ 10,2023 17:23

Այսօր «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովի փորձագետ, սփյուռքահայ Վահան Զանոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արցախը վտանգված է եւ կորցնելու վտանգի տակ է, պետք է ամբողջական քաղաքականություն ունենալ. «Ամբողջ աշխարհն այսօր ընդունում է Ադրբեջանի նարատիվը, ոչ Արցախի ու հայության: Մի քանի գործոնների մեջ եթե չկարողանանք հաղթահարած դուրս գալ, ճգնաժամից դուրս չենք գա»: Ըստ նրա, հայ հասարակությունը կարծես հաշտվել է պարտության մեջ. «Ընդվզում պետք է լիներ»:

Aravot.am-ը հարցրեց՝ սփյուռքը Հայաստանում իշխանություն ընտրել չի կարող, բայց քաղում է հետեւանքները, դուք լծակների առումով ի՞նչ խնդիր եք տեսնում, ի՞նչ դեր պիտի ունենա սփյուռքը՝ Զանոյանը պատասխանեց. «Ես կհավատամ, որ միայն ՀՀ քաղաքացիները պետք է իրավունք ունենան իշխանություն ընտրելու: Հայաստանի քաղաքացի չի նշանակում միայն նրանք, ովքեր այստեղ են ծնվել ու մեծացել, սփյուռքից շատ մարդիկ կան, որ ՀՀ քաղաքացի են: Պետք է գիտակցենք, որ հայ ժողովրդի 75-80%-ը սփյուռքահայ է: Հայաստանը պատասխանատվություն ունի ոչ թե միայն Հայաստանի պետական շահերը հետապնդելու, այլ՝ հայ ժողովրդի շահերը: Անկարելի է ասել, որ ես միայն Հայաստանի պետականությամբ եմ զբաղվում, իսկ հայ ժողովրդի մնացած 80%-ը ինչ ուզում են՝ թող անեն, այդպիսի բան չի կարելի: Եթե այդ բարոյական պատասխանատվությունը չունի որեւէ կառավարություն, ուրեմն իր գործի մի մասն է միայն անում: Դրսի հայ ժողովուրդը իրեն չեն ընտրել, բայց պատասխանատվություն ունեն՝ որպես հայ»:

Ըստ նրա, չպետք է ակնկալել, որ Եվրոպայի որեւէ երկիր իր շահերը մի կողմ դրած՝ պետք է հետապնդի մեր շահերը. «Մեր դիվանագիտական պայքարը պետք է ձեւակերպեինք այնպես, որ այդ ուժերը շահ տեսնեին իրենց համար՝ Հայաստանին կողմ դրական քաղաքականություն վարելու մեջ: Մենք այդտեղ էլ որոշ չափով ձախողել ենք: Մենք 30 տարի ունեինք, կարող էինք համաշխարհային այս կեցվածքը, թե Արցախը, օրինակ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է, փոխեինք: Կարող էինք հերքել այդ ու միջազգային ֆորումների մեջ այդ տեսակետը փոխել տալ մինչեւ հիմա, բայց չփորձեցինք նույնիսկ»:

Aravot.am-ը հարցրեց՝ երկար տարիներ մարաթոններին սփյուռքահայերը 10$, 100$, 1000$ իրենց հնարավորությունների սահմանում ուղարկել են եւ դրանով իրենց առաքելությունը համարել ավարտված, հիմա մենք հայրենիք ենք կորցնում, չպիտի՞ սփյուռքն իր դերակատարությունը փոխի ու ինքն էլ պատասխանատվություն ստանձնի, դուք կոնկրետ ի՞նչ անելիք եք տեսնում՝ Զանոյանը պատասխանեց. «Մի կարծեք, որ միայն Հայաստանն ու Արցախն են ճգնաժամի մեջ, սփյուռքն ինքն է այսօր ճգնաժամի մեջ: Սփյուռքը շփոթված է, շվարած է, չգիտի ում հետ խոսի, ոնց խոսի: Սփյուռքի նախկին 30 տարվա ճիգերը Հայաստանի հետ կապ հաստատելու, շատ քիչ են հաջողել: Սփյուռքը միավորելու կամ Հայաստանին կապելու մագնիսը պետք է Հայաստանի պետականությունը լինի, սփյուռքը միայնակ չի կարող ոտքի ելնել, եթե պետական խթանն ու ձգողականությունը չլինի»:

Դիտարկմանը, որ սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանին վճարում ենք, չի՞ անում իր գործը լավ նա պատասխանեց. «Դա իրեն պետք է հարցնեք»:

Ըստ նրա, ՀՀ բոլոր իշխանությունները մեղավոր են, որ այսօր այս վիճակում ենք. «Կա անձնական շահերի հարց, կա՝ սա իմ տիրույթն է, մի խառնվեք, այդ մոտեցումը եւ ես 33 տարվա մեջ տեսել եմ այդ մոտեցումը: Հակառակ ձեւական կարգերի՝ համագումարներ, սփյուռքի նախարարություն, հանձնակատար՝ որոշ մակարդակի վրա սփյուռքը ներառված է, բայց սահմանադրության մեջ 6 հոդված կա, որ արգելում է երկքաղաքացիների լինել նախարար, վարչապետ, դատավոր եւ այլն, այսինքն, օրենքով մենք խոչընդոտում ենք սփյուռքի ներգրավումը այս կառավարության մեջ, մինչդեռ մեր իսկական ռեսուրսները սփյուռքում են»:

Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ նա ասաց. «Մարդկային պատմության մեջ չկա մի դեպք, երբ երկիրը կարողացել է իր անվտանգությունն ապահովել թշնամու հետ խաղաղությամբ: Հակառակը հնարավոր է՝ անվտանգության միջոցով խաղաղություն կարելի է, բայց խաղաղության միջոցով անվտանգություն՝ չէ, չի պատահել: Խաղաղությունը պարտադրելու մենք ի՞նչ ռեսուրս ունենք, չի կարելի խաղաղություն կնքել տկար դիրքերով, երբ տեսնում ենք, որ թշնամին բավարարված չէ, վեհանձն չէ: Մեր թշնամու պես թշնամիները չեն հագեցել, այսօր Արցախն են ուզում, Սյունիքը, բացեիբաց հայտարարում են՝ Երեւանը իրենցն է, Սեւանը: Եթե մենք այդ խաղաղությունը երաշխավորելու ուժը չունենք, այդ խաղաղությունը ինչ թղթի վրա որ ստորագրված է, այդ թղթի արժեքը չարժե»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031