Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս առաջնահերթությունների շուրջ հայությունը կարող է միավորվել»․ Հրանուշ Հակոբյան

Մարտ 10,2023 17:15

«Այսպիսի ցանկացած հանդիպում ուղղված է միավորմանը։ Այն բարդ հասկացություն է, որովհետեւ աշխարհի տարբեր երկրների տասը միլիոն մարդկանց մասին ենք խոսում՝ տարբեր մշակույթների, լեզվական մտածողություն կրողների։ Հնարավոր չէ բոլորին ասել, որ որոշ հարցերում պետք է միասնական լինենք, սակայն կարծում եմ՝ հայ ժողովրդի դեպքում կան առաջնահերթություններ»,-«Ապագա Հայկականը» համաժողովի ժամանակ «Հարցազրույց» շարքի ընթացքում այսօր հայտարարեց ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ մարտի 10-12-ը Երեւանում ընթանում է «Ապագա Հայկականի» համաժողովը, որն առաջին համահայկական քաղաքացիական համաժողովն է․ քննարկվելու են 15 հիմնական նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Բնակչության աճ», «ՀՀ-սփյուռք միասնականություն»։

Հրանուշ Հակոբյանն ասաց․ «Ես կառանձնացնեի հետեւյալ առաջնահերթությունը, որին որեւէ հայ չի կարող դեմ լինել։ Դա պետության ուժեղացումն է, պաշտպանունակության բարձրացումը, բանակի հզորացումը։ Երկրորդը շրջափակված Արցախի ազատագրումն է եւ ինքնորոշման իրավունքի ամրագրումը՝ ողջ հայության միջոցով։ Միջազգային իրավունքի համաձայն՝ արցախահայությունը հակաօրինական որեւէ քայլ չի արել։ Այսօր գործում է «անջատում հանուն փրկության» ՄԱԿ-ի բանաձեւը։ Չեմ կարծում, որ որեւէ հայ չպետք է միավորվի հանուն Արցախի փրկության։ Երրորդը մայրենի լեզվի իմացությունն է, ուսուցումն ու տարածումը, որովհետեւ միայն մեր ազգը կարող է լեզվին տեր կանգնել»։

4-րդ առաջնահերթությունը, ըստ Հրանուշ Հակոբյանի, Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբումն է, իսկ 5-րդը՝ սփյուռքի նոր կղզյակների ինքնակազմակերպումը։ «Վերջերս եւս մեկ առաջնահերթություն է ավելացել՝ Սիրիայի, Իրաքի հայերի օգնության հարցը»,-նշեց Հրանուշ Հակոբյանը։ Նրա համոզմամբ՝ համահայկական միասնություն հնարավոր է իր թվարկած բոլոր հարցերի շուրջ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031