«Լույս» խմբակցությունից ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը հերքում է տեղեկությունը, թե փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկություններ անելուց հետո իրավապահները նրան բերման են ենթարկել:
Թեհմինա Վարդանյանը Գեւորգ Սիմոնյանի մտերիմ ընկերներից է: Նա Aravot.am-ին ասաց հետեւյալը. «Պարոն Սիմոնյանը աչքի ընկնող ֆիգուր է, որ չկամներն էլ շատ պետք է լինեն, ինձ համար ակնհայտ է: Չեմ կարծում, որ ինչ-որ բան կարողանան գտնել, որի հիման վրա էլ կարողանան գործ կարել: Ես ոնց հասկանում եմ՝ դա կապված է առողջապահության նախարարության գործունեության հետ, ենթադրում եմ՝ դա նախարարությունում աշխատելու շրջանում ինչ-որ գործի շրջանակներում են ինչ-որ բան փնտրում: Պետք է ասեմ, որ բացարձակապես անտարբեր եմ, որովհետեւ ինչպես Ավինյանի լավը կամեցողները, նրան շատ մոտ կանգնած մարդիկ կարող են, այսպես ասած «գործ կարել» պարոն Սիմոնյանի վրա, որովհետեւ պարոն Ավինյանի ու պարոն Սիմոնյանի մտերմությունը գուցե եւ անցնում է թույլատրելիի սահմանը ինչ-որ մարդկանց համար, որոնք խանդով են վերաբերում դրան: Անկախ քաղաքական հայացքներից ու գործունեության բնույթից, պարոն Սիմոնյանն իմ մտերիմ ընկերներից է եւ մշտապես լինելու եմ նրա կողքին»:
Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում,թե փոխքաղաքապետի աշխատասենյակում խուզարկությունները կապված են առողջապահության փոխնախարար եղած ժամանակ նրա կողմից ենթադրյալ կոռուպցիոն գործարքների հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրի շրջանակում 606 մլն դրամի գնումներ է կատարել ընկերությունից, որը պատկանում է առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանին:
Կարդացեք նաև
Թեհմինա Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ ինչքանով են համապատասխանում իրականությանն այս տեղեկությունները, ի պատասխան ասաց. «Մեխն էլ է իրենց ձեռքում, մուրճն էլ է իրենց ձեռքում, խոսքս գործող իշխանություններին է վերաբերում; Իրենք իրենց մեջ շատ ու շատ խաղեր կարող են խաղալ, ցավալի է, որ դա անդրադառնում է նաեւ a, b, c թիմերի վրա: Այսինքն՝ իշխանական թեւում արդեն խմբավորումներ են գործում, գուցեեւ a. b, c թիմերն իրար հետ չեն կարողանում լեզու գտնել, արդյունքում՝ նման իրավիճակների ենք հանդիպում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ