Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ շարունակական ջանքերն ուղղակի կենսական նշանակություն ունեն ե՛ւ որպես միջնորդ, ե՛ւ որպես ամուր աշխարհաքաղաքական դերակատար. Մերի Գալստյան

Մարտ 10,2023 16:55

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ Մերի Գալստյանը:

«Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար Բրյուսելում, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստին:

Ցանկանում եմ ընդգծել Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ գործընկերության կարեւորությունը, որը դինամիկ զարգանում է, եւ չնայած մեր համագործակցության՝ առանց այն էլ լայն շրջանակի՝ հույս ունեմ, որ կարող ենք գտնել նոր ուղղություններ եւ ճանապարհներ մեր հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու համար: Մեր համագործակցության խորացման կարեւորությունը հատկապես ընդգծվում է Հայաստանի առջեւ ծառացած ներկա մարտահրավերների համատեքստում, մասնավորապես, անվտանգային ռիսկերը, հետպատերազմյան իրավիճակում տնտեսության վերականգնման եւ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Կրկին կընդգծեմ ձեր ընթացիկ եւ շարունակական աջակցության կենսական նշանակությունն այս երեք ուղղություններով եւ ոչ միայն:

Անվտանգային հիմնական խնդիրները եւ աշխարհաքաղաքական անկայունությունը տարածաշրջանում, մեր շարունակական եւ անկեղծ ջանքերը կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ, չնայած Ադրբեջանի կողմից հաճախակի եւ ցավոտ սադրանքների Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններին, առավել հրատապ են դարձնում եվրոպացի գործընկերների եւ, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի հետ մեր համագործակցության խորացումը՝ շարունակելու գործողությունների եւ ջանքերի մոբիլիզացումը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հասնելու նպատակով:

Ադրբեջանի կողմից վերջին այդպիսի սադրանքը տեղի է ունեցել անցած կիրակի, երբ սպանվել են Լեռնային Ղարաբաղի 3 ոստիկան այն կեղծ մեղադրանքով, որ նրանց մեքենան Հայաստանից զենք էր տեղափոխում Ստեփանակերտ, մինչդեռ նրանք կանոնավոր ոստիկանական պարեկություն են կատարել: Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայեր զրկված են իրենց հիմնարար իրավունքներից, դուք արդեն մանրամասն տեղեկացված եք: Ադրբեջանի այս պահվածքը ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ավելին, այն խափանում է երկու երկրների միջեւ խաղաղության հասնելու չափազանց փխրուն գործընթացը՝ սպառնալիքի եւ բռնության փոխելով խաղաղության շուրջ բանակցելու գործիքակազմը:

Եվ հենց այստեղ է, որ ԵՄ շարունակական ջանքերն ուղղակի կենսական նշանակություն ունեն ե՛ւ որպես միջնորդ, ե՛ւ որպես ամուր աշխարհաքաղաքական դերակատար՝ իրավիճակին հասցեական արձագանքելու եւ օբյեկտիվ գնահատական տալու համար:

Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մինչ այժմ ԵՄ բոլոր ջանքերի եւ ակտիվ ներգրավվածության համար՝ ներառյալ Եվրոպական խորհրդարանի բանաձեւի ընդունումը՝ ԼՂ շրջափակման հումանիտար հետեւանքների վերաբերյալ, Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույցը՝ միասնական արտաքին եւ անվտանգային քաղաքականության իրականացման մասին, որը դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Թե՛ 2022 թվականին Հայաստանում ԵՄ մոնիտորինգային կարողությունների գործարկումը, թե՛ 2023 թվականի փետրվարին մեկնարկած ԵՄ հատուկ քաղաքացիական առաքելությունը կարեւոր եւ աննախադեպ ձեռքբերում են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ԵՄ-ի համար: Առաջին առաքելությունը նպաստեց սահմանին իրավիճակի դեէսկալացիային եւ հրադադարի խախտումների կտրուկ նվազմանը: Մենք լիահույս ենք, որ այս ազդեցությունը կշարունակվի նաեւ երկրորդ քաղաքացիական առաքելության շնորհիվ:

Ամփոփելով՝ ուզում եմ վերահաստատել մեր հանձնառությունը ժողովրդավարացման գործընթացի եւ բարեփոխումների օրակարգի խորացման ուղղությամբ առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական բարեփոխումները, տնտեսության ազատականացումը՝ չնայած անվտանգային եւ աշխարհաքաղաքական հսկայական մարտահրավերների: Մենք ժողովրդավարությունը համարում ենք տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հասնելու միակ երկարատեւ ու կայուն ճանապարհը: Եվ որքան այս տեսլականը գերիշխող դառնա տարածաշրջանում, այնքան շուտ կհասնենք դրա իրագործմանը »,- եզրափակել է Մերի Գալստյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031