«Ամուլսար՝ միայն սար»,- ՀՀ կառավարության շենքի դիմաց Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) երիտասարդական թևի նախաձեռնությամբ այսպիսի վանկարկումներով անցկացվեց բողոքի ցույց` ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:
Ցույցի մասնակիցները վստահեցրին՝ սա միայն Բևեռի պայքարը չէ և որևէ կուսակցական նկատառում չպետք է պարունակի: Սա քաղաքական, ազատագրական պայքար է, և բոլորը կարող են մասնակցել:
Բողոքի ցույցին կային «Մենք ենք տերը Ամուլսարի», «Նիկոլի ստորագրությունը առ ոչինչ է» կարգախոսներով պաստառներ:
Մասնակիցները վստահեցրին՝ «այսօրվա ակցիան ընդամենը սկիզբն է այն երկարատև պայքարի, որը մեզ բերելու է այս տարի հայկական գարուն»: Նրանք նշեցին. «Պարտավոր ենք իրական հեղափոխություն իրականացնել, ազատվել կրեմլաճորտ իշխանություններից: ՀՀ-ն տեղափոխում են Անկարայի դաշտ: Այս ծրագրին ծառայող բոլոր գործակալները, այսպես կոչված քաղաքական գործիչները ծառայում են թշնամու ծրագրի իրականացմանը օրվա մի փոր հացի դիմաց: Սա տանելու է կործանման և վերջնական ցեղասպանության են տանում հայ ժողովրդին և դատարկում Հայաստանը: Դրա դիմացը պարտավոր է առնել հայ ժողովուրդը»:
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցները, դիմելով ՀՀ իշխանություններին, հայտարարեցին. «Իշխանություններին զգուշացնում ենք՝ ձեռքներդ հեռու պահեք Ամուլսարից. չհամարձակվեք պղտորել հայկական լեռնաշխարհը, Ամուլսարը մնալու է սար, ձեզ ժողովրդական ցասումը սրբելու, տանելու է, նախկին ու ներկա իշխանություննե՛ր»:
Եզրափակելով բողոքի ցույցը՝ մասնակիցները տեղեկացրին՝ այսպիսի ցույցերը շարունակական են լինելու: Դիմեցին ՀՀ վարչապետին. «Նախկին հանցագործ իշխանությունների իրավահաջորդ Նիկոլ Փաշինյան, քո կեղտոտ, արյունոտ ձեռքերը հեռու պահիր Ամուլսարից, մեր երեխաների ապագան չես խորտակելու: Ամուլսար, միայն սար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից