Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարոն դատախազ, եթե առաջարկվում է 2 միլիոն դրամ՝ 2000 հոգու, նշանակում է, որ էդ քաղաքական թեմայի մեջ է լինելու». Թոռնիկ Ալեյանը հարցաքննվեց Ավետիք Չալաբյանի գործով

Մարտ 10,2023 16:37

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով նիստն այսօր շարունակվում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Դատարանը հարցաքննեց հիմնական վկա Թոռնիկ Ալեյանին: Վերջինս հայտարարեց, որ մեկ տարի է անցել խնդրո առարկա իրադարձություններից եւ ինքը մանրամասներ չի հիշում:

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար: Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալեյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալեյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալեյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

«Ես հիշում եմ այն, որ պիտի հանդիպեինք գյուղատնտեսական ծրագրերի շրջանակներում ու էդ ամեն ինչը քաղաքականացավ: Զուտ այն էր իմ հետաքրքրությունը, որ կոնկրետ դասախոսն Ագրարային համալսարանից է: Իսկ մնացած՝ հանդիպում-մանդիպում. մեկ անգամ հանդիպել եմ պարոն Չալաբյանի հետ, երկու անգամ էլ Էմմա Սարգսյանի հետ, բացի այդ առաջին՝ սկզբի հանդիպումից»,- սա էր վկայի խոսքը:

Մեղադրող դատախազի հարցին ի պատասխան՝ Թոռնիկ Ալեյանն ասաց, որ Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանն է հանդիպում նախաձեռնել, առաջին անգամ խոսել են հեռախոսով, պայմանավորվել են գյուղատնտեսական ոլորտի ծրագիր քննարկելու շուրջ: Ապա Էմմա Սարգսյանի հետ եղել է առաջին հանդիպումը՝ ուսխորհրդի սենյակում: Հանդիպմանը եղել են Թոռնիկ Ալեյանն ու Էմմա Սարգսյանը. «Երեխեքին ասել եմ, որ դիմավորեն՝ ուղեկցեն իմ աշխատասենյակ: Հետո ես եկել եմ: Սկզբից էդ շրջանակներում քննարկում, հետո՝ քաղաքական դաշտ…մանրամասնությունները չեմ հիշում, մեկ տարի է անցել: Տհաճ բաները փորձում եմ չհիշել, փորձում եմ հիշել միայն այն մասը, որը գյուղատնտեսական է եղել՝ ի շահ ուսանողի»: Դատախազի ճշտող հարցին, թե ի՞նչ տհաճ բաների մասին է խոսքը, վկան պատասխանեց՝ քաղաքական թեմա է եղել: Թե հատկապես՝ ի՞նչ, վկան հորդորեց իր նախաքննական ցուցմունքը հիմք ընդունել: Դատախազի՝ նույնաբովանդակ այլ հարցերին էլ նույն պատասխանը հնչեց՝ տհաճ թեմա է եղել, քաղաքական թեմա, մանրամասները չեմ հիշում:

Թոռնիկ Ալեյանը նաեւ հայտարարեց, որ այդ հանդիպումից հետո մեկ անգամ հանդիպել է Ավետիք Չալաբյանի հետ՝ Հյուսիսային պողոտայի մոտ, սրճարանում, երկու անգամ էլ Էմմա Սարգսյանի հետ ու ասել է, որ ոչ մի քաղաքական ուժի հետ կապ չունի: Այդ հանդիպումներում իրեն ուղեկցող չի եղել: Հանդիպումների ժամանակ զրույցի մանրամասները վկան չէր հիշում, միայն հիշում էր, որ խոսակցություն է գնացել երկրի բարելավման, զարգացման մասին:

Ինչի՞ համար էր ձեզ եկել տեսել Չալաբյանը, ինչի՞ պիտի իր հայացքները ձեզ ներկայացներ՝ ուղիղ հարց տվեց դատախազը: Վկան կրկին հստակ պատասխան չտվեց, ասաց, որ զրույցի մանրամասներ չի հիշում: Նա դժվարացավ նաեւ պատասխանել հարցին՝ հանդիպումն ի՞ր հետ է առնչություն ունեցել, թե՞ ուսխորհրդի: Վկան ենթադրեց, որ ուսխորհրդի, իսկ հարցին՝ արդյոք հանդիպման ժամանակ ուսխորհրդի հետ կապված հարց է քննարկվել, պատասխանեց, որ չի հիշում: Ապա հայտարարեց, որ ուսխորհրդի հետ կապված էր հանդիպումը, քանի որ Թոռնիկ Ալեյանին կարող էին այլ վայրում էլ տեսնել:

Հարցաքննության ընթացքում դատախազը մի քանի անգամ հարցրեց՝ երեք հանդիպումների ժամանակ, Ագրարային համալսարանի ուսանողությանը վերաբերվող հարց քննարկվե՞լ է, Թոռնիկ Ալեյանը պնդեց՝ քննարկում եղել է, բայց ինքը չի հիշում, թե ի՞նչ է քննարկվել:

Դատախազը հետաքրքրվեց՝ Ագրարային համալսարանի ուսանողները վճարովի աշխատանք կատարո՞ւմ են, ասենք, ինչ-որ մի տեղ կանգնեն՝ գիրք գովազդեն ու դա պայմանավորված լինի ուսանողական խորհրդով, ոչ թե ուսանողի անհատական ցանկությամբ, նման թեմայով կարո՞ղ էին իր հետ հանդիպել: Վկան ասաց, որ՝ ոչ:

Դատախազը նկատեց, որ 2022-ի մայիս ամսին ներքաղաքական անհամաձայնություններ կային եւ դրանով պայմանավորված, մայրաքաղաքի կենտրոնական որոշ փողոցներ փակ էին ու հետաքրքրվեց՝ դրա հետ կապվա՞ծ էր իրենց հանդիպումները: «Ինձ թվում է, էդ ակցիաների հետ կապված էր, որովհետեւ ես կոնկրետ չեմ քննարկել մինչեւ վերջ՝ էդ ակցիաների շրջանակում է, թե պիտի լինես էսինչ տեղում կամ էսինչ մի բանն անես»,- պատասխանեց վկան:

Դատախազը հետաքրքրվեց՝ ի՞նչ 2000 հոգի ուսանողի մասին է խոսում վկան, ովքե՞ր են նրանք, որտե՞ղ են գտնվել: «Որ 2000 հոգի, երկու միլիոն՝ էդ եղել է Էմմա Սարգսյանի հետի վերջին հանդիպումը: Ես հեռախոսազանգով ասեցի, որ չեմ ուզում, որ քաղաքական ինչ-որ մի հատ բանի մեջ խառնվենք կամ ներքաշվենք… կոնկրետ ինչի՞ էլի Ագրարային համալսարանը, մենք չենք ուզում ներքաշվենք, չի եղել Ագրարային համալսարանը նման բաների մեջ… էդ է հետաքրքրել զուտ ինձ: Բայց 2000 հոգու հետ կապվածը վերջին խոսակցությունն է եղել: 2000 հոգու հետ կապված էլի քննարկում եղել է, բայց չեմ հիշում որտեղ: Քննարկումը եղել է հեռախոսազանգով, մերժել ենք, դրանից հետո էլի հանդիպում է եղել՝ մերժել ենք, ասել ենք՝ չենք քաղաքականացնում»,- ասաց վկան եւ դատախազի հարցին, թե ի՞նչ պիտի անեին այդ մարդիկ, ի՞նչ բնույթի խոսակցության ժամանակ է դա հնչել, պատասխանեց՝ հավանաբար շարժմանը պիտի միանային, կոնկրետ ծրագրերի մասին բան չի ասվել, որովհետեւ ինքը մերժել է: «Երբ որ ինքը թիվն ասեց, ես ձեռ եմ առնում, ասում եմ՝ ինչ ես ասում՝ 2000 հոգի, երկու միլիոնով…, մի հոգին հազար դրամ… սենց քննարկում է եղել, թե ինքն ի՞նչ գումար է առաջարկել, ո՞ւմ կողմից է առաջարկել…»,- ասաց վկան՝ հավելելով, որ չի հիշում Չալաբյանն ու Էմմա Սարգսյանն առաջարկե՞լ են այդ 2000 ուսանողները ինչ-որ մի թիմի միանային:

Նա ասաց նաեւ, որ ինքը համալսարանի ուսանողության վրա ազդեցություն ունի, բայց ուսանողներին հորդորել է, որ դասերի ընթացքում քաղաքական գործընթացներին չմասնակցել, սեփական նախասիրություններն արտահայտել ԲՈՒՀ-ի պատերից դուրս: Նա նաեւ հայտարարեց, որ կարող է ԲՈՒՀ-ում, ասենք, դասադուլներ կազմակերպել, եթե դրանք բխելու են ուսանողների շահերից:

Դատախազի ուղիղ հարցին՝ առաջարկ եղե՞լ է, որ 2 միլիոն դրամ տանք, 2000 ուսանող դուրս գան հանրահավաքին մասնակցեն, Թոռնիկ Ալեյանը պատասխանեց. «Դե, գիտեք, ոնց է, իրենք հլը վերջնական գաղափար ինձի չէին ասել. կարող է՝ բրոշյուր է եղել, կարող է՝ ցույց անես կամ դասադուլ անես: Կոնկրետ վերջնական միտք ինձի չեն ասել, որ ես ասեմ՝ սրա համար են ինձ կանչել, կամ՝ սրա համար են ինձի տալիս էս գումարը: Բայց ընդեղ ես ասել եմ, նախավերջին զանգը, որ եղել է, ասել եմ, որ չենք ուզում քաղաքականացվենք, մենք չկանք ըտենց բաներում»:

Վկան նաեւ հայտարարեց, որ չի հիշում՝ եղե՞լ է այնպիսի խոսակցություն, որ ինքը խոսի իր շահագրգռվածության մասին, ավելի ուշ հայտարարեց, որ իր շահի համար չի գնացել հանդիպման, ընդհանրապես, իր համար որեւէ շահ չի տեսել այդ հանդիպումների ժամանակ:

Դատախազը շարունակեց՝ 2 միլիոն դրամ, 2000 հոգի՝ ինչ-որ առաջա՞րկ էր արվում, ինչ-որ գործողություն կատարելու համար: Թոռնիկ Ալեյանն ասաց. «Չէ, ինչ-որ գործի համար չէ. առաջարկը արվել է՝ կամ պիտի ընդունեի, կամ՝ չէ: Պարոն դատախազ, եթե առաջարկվում է 2 միլիոն դրամ՝ 2000 հոգու, նշանակում է, որ էդ քաղաքական թեմայի մեջ է լինելու, դրա շրջանակներում է լինելու, կարող է՝ ցույց անես, կարող է՝ բուկլետ բաժանես կամ դասադուլ անես: Էդ շրջանակներում է եղել, կոնկրետ չեն ասել՝ ես տալիս եմ քեզ երկու միլիոն, դու պետք է միտինգ անես, էս անես, կոնկրետ չեն ասել: Բայց բանի ժամանակ, ես ասեցի՝ էդ, որ 2 միլիոն տաս, 2000-ի դիմաց, էդ մեր ուսանողությունը չի անում, էդ ԲՈՒՀ-ը չի, որ պետք է քաղաքականացվի, մեր ուսանողությունը փողի դիմաց չի անում: Ասեցի՝ բա որ հասնենք հրապարակ, ձեր գումարը վերջանա՝ ի՞նչ պետք է անենք էդ ժամանակ. սենց քմծիծաղով հարցեր էի տալիս: Ես էդ ամեն ինչին լուրջ չեմ վերաբերվել ի վերուստ»:

Դատախազի հարցը՝ ի՞նչ է եղել, որ վկան դա քաղաքական է գնահատել: Վկան ասաց՝ քննարկումները եղել են, որ կամ պետք է ցույց անել, կամ դասադուլ: Դատախազը հետաքրքրվեց՝ կոնկրետ նման առաջա՞րկ է իրեն արվել: Պատասխանեց՝ կոնկրետ չի ասվել, թե որ մեկը պետք է անես. «Քննարկում եղել է էդ բանի շուրջ, բայց չի ասվել՝ կոնկրետ ո՞ր մեկը դու պիտի անես»: Այսինքն, ասել են, որ կա այսպիսի պայմաններ, որոնցից եւ մեկը կատարելու համար մենք պատրա՞ստ ենք վճարել՝ դատախազի հարցի դեմ պաշտպանական կողմը առարկեց, քանի որ վկային իր պատասխանում ուղղորդում տեսավ: Դատախազը հարցը վերաձեւակերպեց՝ ասում եք՝ կոնկրետ առաջարկ չի եղել, իսկ ոչ կոնկրետ ի՞նչ առաջարկ է եղել, ասե՞լ են՝ ինչ կարող եք անել: Վկան պատասխանեց՝ այո, ասել են՝ դասադուլ կամ ցույցերին միանալ: Նա դատախազի ճշտող հարցին ի պատասխան ասաց, որ Ավետիք Չալաբյանի եւ Էմմա Սարգսյանի հետ իր հանդիպումներում նման խոսակցություն եղել է:

Նա հայտարարեց, որ 2 միլիոն դրամ՝ 2000 հոգի ուսանողի դիմաց առաջարկն իրեն Էմմա Սարգսյանն է արել՝ «քաղաքական ուժի անունից»: Թե ի՞նչ քաղաքական ուժի մասին է խոսքը, վկան չհիշեց, բայց կարծիք հայտնեց, որ Էմմա Սարգսյանը դժվար ինքնագլուխ առաջարկեր, քանի որ նա հանդես էր գալիս քաղաքական ուժի անունից: Իրեն առաջարկ ներկայացնողների մեջ, ըստ վկայի նաեւ Ավետիք Չալաբյանն է մտնում, քանի որ «իրա քաղաքական ուժի ներկայացուցիչն է»: Դատախազի հարցին ի պատասխան էլ ասաց, որ չի հիշում՝ Ավետիք Չալաբյանն իրեն ուղիղ առաջարկ արե՞լ է՝ այսքան գումարի դիմաց, այսքան ուսանողն ինչ-որ գործողություն կատարելու մասին: Էմմա Սարգսյանն էլ ուղիղ առաջարկ չի արել. «Այսպիսի քննարկում է եղել, որ պետք լինի այս բանը կանես, այն բանը կանես»:

 

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031