«Օտարերկրյա մասնագետները, որոնք Հայաստան են գալիս մեզ օգնելու, գաղափար չունեն, թե ՀՀ-ն ու Ադրբեջանն ինչ խնդիրներ ունեն։ Այդ դիտորդները, որոնք հիմա եկել են, կանգնել են սահմանին, չգիտեն եղած խնդիրները, չգիտեն, թե դրանք որտեղից են ծագել»,-«Ապագա Հայկականը» համաժողովի ժամանակ այսօր հարցազրույցի ընթացքում անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան սահմանը դիտարկելու եկած ԵՄ քաղաքացիական առաքելությանը՝ հայտարարեց քարտեզագետ, «Պատմական պատասխանատվություն» հանձնախմբի փորձագետ Ռուբեն Գալիչյանը։
«Իրենք պարզապես եկել են գիծը հսկելու, տեսնեն՝ կրակոց կա՞, թե՞ ոչ։ Ես անձամբ եմ շփվել իրենց հետ դեկտեմբերին։ Գաղափար չունեին։ Իմ գրքերով մեկ ժամ դասախոսություն եմ տվել, թե Ադրբեջան-ՀՀ խնդիրները որտեղից են ծագել եւ ինչու է այդպես եղել։ Զարմացած էին»,-հավելեց Ռուբեն Գալիչյանը։
Անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան սահմանազատման-սահմանագծման գործընթացին՝ մասնագետը շեշտեց, որ այն չի կարելի մեկնարկել, քանի դեռ Ադրբեջանն ամբողջությամբ դուրս չի բերել զորքերը ՀՀ տարածքներից․ «Նույն կերպ խաղաղության պայմանագիր չպետք է կնքել, քանի դեռ Ադրբեջանը գրավել է ՀՀ տարածքները»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ