Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Լեւոն Սարդարյանը հաստատում է տեղեկությունները, որ այս պահին իրավապահները փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի (լուսանկարում) աշխատասենյակում են: Լեւոն Սարդարյանը չհստակեցրեց, թե որ ուժային կառույցի ներկայացուցիչներն են, սակայն ասաց, որ այս պահին քաղաքապետարանում են:
Մեր զրուցակիցն ասաց, որ տեղեկություն չունի նաեւ, թե ինչ են փնտրում փոխքաղաքապետի աշխատասենյակում: Ավելի վաղ «Փաստինֆո»–ն տեղեկություն էր տարածել, որ փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկություններ են սկսվել:
Գեւորգ Սիմոնյանը, ավագանու որոշմամբ, փոխքաղաքապետ էր նշանակվել 2022 թվականի փետրվարի 8-ին: Նա ունի բժշկական կրթություն եւ մինչեւ փոխքաղաքապետ դառնալն աշխատել է առողջապահական ոլորտում:
2015–2016 թվականներին աշխատել է «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնում՝ որպես տնօրենի տեղակալ։ 2016–2018 թվականներին եղել է «Էկոդեզ» ՍՊԸ-ի տնօրեն։ 2017–2018 թվականներին եղել է «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն։ 2018 թվականի մայիս-հուլիս ամիսներին աշխատել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ