Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Մենք, փոխարենը, համադրեինք մեր շահերը տարբեր պետությունների հետ, մեծ հաշվով այդ պետությունների հակասությունների տակ մնացինք»

Մարտ 10,2023 15:36

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Հենարան» ակումբում խոսելով Հայաստանի ներկայիս իշխանության վարած արտաքին քաղաքականության կուրսի հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին՝ ասաց. «Թե ինչու հասանք այս կետին, կարծում եմ, հարցի պատասխանը շատ հստակ է, որովհետեւ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանը չունեցավ ադեկվատ արտաքին եւ անվտանգային քաղաքականություն: Իհարկե, միջազգային իրավիճակն էլ դրան որոշակիորեն օժանդակեց, բայց հետեւանքները էապես տարբեր կարող էին լինել, եթե մենք ադեկվատ արտաքին քաղաքականություն ունենայինք եւ ճիշտ գնահատեինք ժամանակի անվտանգային մարտահրավերները:

Արցախը գրեթե 90 օր շրջափակման մեջ է եւ դա լուրջ մարտահրավեր է ոչ միայն արցախահայության, այլեւ ամբողջ հայ ժողովրդի համար, որտեղ էլ բնակվի, մեր պետության, պետականության համար: Եվ այս քայլով տեսնում ենք, որ Ադրբեջանը չի բավարարվել նրանով, ինչ ստացել է: Կար պնդում, թե Արցախը տանք, որ լավ ապրենք: Բայց ստացվում է, որ նույնիսկ Արցախը տալու պարագայում լավ չեն ապրելու: Սա շատ հստակ մեսիջ է, որ այս թեզը ուղղակի փլուզվել է»:

Գնահատելով Հայաստանի իշխանության վարած հայ-ամերիկյան, հայ-ռուսական եւ հայ-արեւմտյան քաղաքականությունը՝ Սուրեն Սարգսյանն ասաց. «Արդեն նշեցի, որ արտաքին քաղաքականություն որպես այդպիսին գոյություն չունի: Արտաքին քաղաքականության, դիվանագիտական ճակատում վերջին հինգ տարում որեւէ լուրջ, շոշափելի ձեռքբերում մենք չենք ունեցել: Հիմնականում եղել են խնդիրներ, ձախողումներ, տապալումներ: Եվ դրանք շատ լուրջ հետեւանքներ են ունեցել, բնականաբար, նաեւ միջազգային կազմակերպությունների, ռազմավարական դաշնակիցների կամ բարեկամ պետությունների հետ հարաբերություններում:

Հիմա շատ են խոսում այն մասին, որ հայ-ամերիկյան հարաբերությունները շատ ակտիվ են, բարձր մակարդակի ներգրավվածություն կա, երկխոսություն կա, քննարկումներ կան: Բայց դրանք շարունակում են մնալ բացառապես ամերիկյան տարածաշրջանային օրակարգի շրջանակներում: Այսինքն, երկկողմ օրակարգ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ որպես այդպիսին չունի: Մեր օրակարգը պտտվում է տարածաշրջանային ամերիկյան քաղաքականության կոնտեքստում: Միացյալ Նահանգները երբեք չի թաքցրել, որ իրեն անհրաժեշտ է տարածաշրջանում կոնֆլիկտների հնարավորինս արագ լուծում: Դա կլինի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը՝ կապված Լեռնային Ղարաբաղի, կամ արդեն հայ-ադրբեջանական, երբ որ Հայաստանի որոշ տարածքներ Ադրբեջանը օկուպացրել է, դա կապված կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Գլոբալ աշխարհաքաղաքականության պայմաններում շատ տրամաբանական է՝ դուրս մղել հակառակորդ կամ մրցակից պետությանը ազդեցության գոտուց:

Ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունները: Դրա մասին նույնիսկ պետք չէ խոսել, որովհետեւ ակնհայտ է, որ դրանց ռազմավարական բնույթից որեւէ բան այլեւս չի մնացել: Պատճառները շատ տարբեր են, բայց նորից մեր մեղավորությունն այս ամենում շատ մեծ է:

Այլ գերտերությունների, օրինակ, Չինաստանի հետ մեր հարաբերությունները շատ լուրջ պոտենցիալ ունեին զարգանալու, որից որեւէ բան չստացվեց էլի մեր մեղքով: Ոչ նախաձեռնողականության, ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում մենք էլի չունեցանք Չինաստանի հետ հարաբերություններ՝ ռազմականից մինչեւ բիզնես ոլորտներում: Սա նույնպես լրջագույն խնդիր է՝ հաշվի առնելով Չինաստանի դերն ու կշիռը ժամանակակից աշխարհում:

Մենք, փոխարենը, համադրեինք մեր շահերը տարբեր պետությունների հետ, մեծ հաշվով այդ պետությունների հակասությունների տակ մնացինք: Այնինչ, մենք շատ լուրջ ընդհանուր շահեր ունեինք թե Իրանի, թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի հետ: Շահերի համադրումն էր մեր միակ փրկությունը: Եվ ցավոք սրտի մենք այդ ճանապարհով չենք գնացել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031