Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սփյուռքում հայերենը եւ հայ լինելը պետք է լինեն նույնքան կարեւոր, որքան նշանածի ազգային պատկանելիությունն ու նրա լեզուն»․ Նաթան սրբազան

Մարտ 10,2023 15:21

«Մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը, որովհետեւ այն համատեղում է ողջ հայությանը մեկ օրակարգի շուրջ։ Դա դյուրին գործ չէ։ Աստիճանաբար պետք է հասնել դրան, եւ այս նախաձեռնությունը նման քայլերից է։ Այն մեծ արձագանք է ստացել ՀՀ-ում, Արցախում եւ սփյուռքում»,-«Ապագա Հայկականը» համաժողովի ժամանակ այսօր «Հարցազրույց» շարքի ընթացքում հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Նա բերեց Իսրայել ստեղծած հրեաների օրինակը ու կարծիք հայտնեց, որ մենք մտորելու եւ սովորելու առիթ ունենք։

Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ հայկական սփյուռքի մասին մեր պատկերացումներին՝ ասելով, որ սփյուռքը դա դրսում ապրող հայը չէ․ «Սփյուռք ասելով պետք է նկատի ունենանք ՀՀ-ից դուրս ձեւավորված հայկական կենտրոնները։ «Գաղութ» եզրույթն էլ են օգտագործում, բայց ես այն չեմ սիրում։ Այդ կենտրոնները միասնականության, ինքնության պահպանման կենտրոններ են։ Շատ երկրներում եմ ծառայել եւ ականատես եղել, որ շատերը հայտնի հայկական տոհմերից են ու ասում են՝ գիտեք, մեր նախնիները հայեր էին, բայց մենք լեհ ենք։ Այսինքն, հարցը միայն լեզուն ու կենցաղը կորցնելը չէ։ Առհասարակ են կորցրել։ Սփյուռքի ողջ կառույցը համակարգային է եւ այն նպատակ պետք է ունենա հային հայ պահելու՝ այնպես, որ անձը գիտակցաբար ուզենա հայ մնալ։ Պետք չէ, որ հայերը ստիպված խոստովանեն ով լինելը»։

Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հավելեց․ «Ցավոք, սփյուռքն այսօր ինքնին շատ մասնատված է։ 15-20 հազարանոց համայնքներում կարող եք հանդիպել մինչեւ երեսուն հայկական կազմակերպություններ, որոնք ունեն նաեւ մրցակցության գիծ։ Չխուսափենք ասելուց նաեւ, որ այդ մրցակցությունը նյութականն ապահովելու համար է։ Ամենակարեւորը չպառակտվելն է։ Միավորվելը եթե դժվար է, գոնե պետք է չպառակտել՝ հատկապես, երբ բոլորը նպատակ ունեն սփյուռքը պահելու։ Կարեւոր գործոն է նաեւ լեզուն։ Լավ թե վատ խոսես, ոչինչ։ Լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ, այն բարոյահոգեբանական հաղորդակցության միջոց է։ Այն մարդուն պահում է իր ազգայինի մեջ։ Լեզվով խոսում են, երբ գնահատում են դրա իմացությունը սեփական կյանքում։ Շատ երիտասարդ սփյուռքահայերի կարող եք հանդիպել, որոնք 5-6 լեզուներով են խոսում, բայց ոչ հայերենով։ Պատճառները՝ համալսարանական կրթությունը, բիզնեսը, նշանածը, որն այլ լեզվով է խոսում․․․իսկ հայերե՞նը։ Այն դուրս է մնում կարիքներից, եւ սա է էական խնդիրը։ Հայերենը եւ հայ լինելը պետք է լինեն նույնքան կարեւոր, որքան նշանածի ազգային պատկանելիությունն ու նրա լեզուն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031