Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվաստումների նկատելի ակտիվություն է գրանցվել. ԱՆ պաշտոնյա

Մարտ 10,2023 14:29

2007 թվականից կարմրուկի դեպքեր Հայաստանում չեն եղել, Հայաստանը համարվում է տեղական փոխանցման ընդհատմամբ երկիր, այսինքն` մեր երկրի ներսում կարմրուկը տեղական փոխանցում չի արձանագրել, տեղական փոխանցման դեպքում յուրաքանչյուր տարի ու յուրաքանչյուր ամիս պետք է արձանագրվեին կարմրուկի դեպքեր: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, «Իմունոկանխարգելման ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանը:

«Մարտի 4-ից արձանագրվել են կարմրուկի բերովի դեպքեր, որոնք կապված են Հայաստան եկած՝ չպատվաստված այլ երկրի քաղաքացիների հետ: Տեղական դեպքեր, լոկալ բռնկման ձևով, այսօր գրանցված է 46 դեպք, որից 30-ը՝ մինչև 8 տարեկան երեխաների շրջանում, 16-ը՝ մինչև 64 տարեկան մեծահասակների շրջանում: Կարմրուկի դեպքերը գերազանցապես արձանագրված են Երևանում, իհարկե մարզերում ևս դեպքեր կան, որոնք կապված են նույն օջախի հետ: Այդ 46 դեպքից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 46 վարակվածներից 43-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով»,-տեղեկացրեց Սահակյանը:

Նա հիշեցրեց, որ կարմրուկն աշխարհում ամենաարագ վարակող հիվանդությունն է, որի դեպքում մեկ մարդը կարող է միանգամից վարակել 18-20 հոգու: Ընդ որում, վիրուսը անմիջապես գտնում է չպատվաստված մարդուն, 2 դեղաչափով պատվաստման պարագայում մարդն ապահովագրված է վարակից:

Գայանե Սահակյանի խոսքով, կարմրուկը մյուս վարակիչ հիվանդություններից տարբերվում է 2 շատ կարևոր առանձնահատկությամբ՝ առաջինը, որ վիրուսը օրգանիզմից երբեք չի հեռանում և նպաստավոր պայմանների դեպքում դարձյալ գլուխ է բարձրացնում: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ կարմրուկ վարակվելուց հետո՝ 3 տարվա ընթացքում իմունային համակարգի հիշողության կորուստ է առաջանում:

Անդրադառնալով, պատվաստումների հարցին՝ Գայանե Սահակյանը հավաստիացրեց, որ պատվաստումների նկատելի ակտիվություն է գրանցվել:

«Վերջին տվյալների համաձայն՝ մարտի 4-ից հետո ունենք 3 հազարից ավելի պատվաստում: Պատվաստվողները ներկայացնում են տարբեր տարիքային խմբեր՝ երեխաներ, մեծահասակներ: Պատվաստվել են նաև 300-ից ավելի բուժաշխատողներ, մոտ 300 սերտ կոնտակտավորներ: Տեսնում ենք, որ պատվաստման պահանջարկը բարձր է, իրոք քաղաքացիները դիմում են պատվաստվելու: Ասեմ, որ անհրաժեշտ քանակի պատվաստանյութերով ապահովված ենք»,-տեղեկացրեց նա և հավելեց, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները կարմրուկի դեմ կարող են պատվաստվել Երևանի Ամիրյան 2 հասցեում գործող շարժական պատվաստումային կետում:

«Մարտի 9-ից շարժական պատվաստումային կետը գործում է: Մենք մտածում ենք Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների մասին: Նրանք մեր երկրում են, նրանք ևս կարող են կոնտակտավոր լինել, կարող են վարակվել ու վարակը տարածել, այդ իսկ պատճառով շարժական կետը սպասարկելու է նրանց: Պատվաստումն իրականացվելու է անվճար»,-ասաց Գայանե Սահակյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031