Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ երիտասարդն ինչո՞ւ չպետք է իմանա, թե ով է Ներսես Շնորհալին»․ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան

Մարտ 10,2023 13:17

«Մեր հանձնախմբի առաջին դիտարկումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերը պետք է շարունակել՝ ոչ իբրեւ պարզապես անցյալի հանդեպ պարտք մատուցելու միտում, այլեւ նոր ցեղասպանությունները կանխարգելելու միջոցների փնտրտուք։ Ցեղասպանության խնդիրը հայ ժողովրդի եւ պետականության գոյության հարցն է։ Հնարավոր չէ խոսել դրա մասին նույն կերպ, ինչպես նախկին տարիներին է խոսվել։ Նոր մոտեցումներ պետք է փնտրել»,-«Ապագա Հայկականը» համաժողովի ժամանակ այսօր հայտարարեց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

«Պատմական պատասխանատվություն» եւ մյուս փորձագիտական խմբերը վերջին ամիսներին մասնագիտական քննարկումներ են ունեցել, խնդիրներ ու լուծումներ առանձնացրել։

Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշեց, որ հանձնախմբի առանձնացրած երկրորդ դիտարկումը ՀՀ-Արցախ անվտանգության ապահովումն է․ «Հայաստանում եւ սփյուռքում բոլորն են պատասխանատու հայրենիքի անվտանգության եւ Արցախի խնդիրների լուծման համար։ Ինչի՞ առաջ ենք այսօր։ Ինչպե՞ս լուծել խնդիրները։ Այս հարցերի պատասխանները պետք է միասնական ռազմավարությամբ գտնենք։ Պետականության պահպանումը ողջ հայության պատասխանատվության հարցն է»։

Երրորդը հայկական ժառանգության պահպանումն ու ճանաչելիությունն է։ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի խոսքով․ «Մեր ազգային, հոգեւոր ժառանգությունը շատ հարուստ է։ Մենք Ներսես Շնորհալիի պես համաշխարհային մտածելակերպի անձ ունենք։ Երիտասարդ սերունդն ինչո՞ւ չպետք է իմանա, թե ով է նա։ Իմանալով նրա անձը՝ պետք է խանդավառվել եւ գիտակցել, որ ԱՄՆ-ում ապրողն ամերիկացի ու հայ՝ հարյուր տոկոսով։ Այս մթնոլորտը պետք է ստեղծել երիտասարդ սերնդի համար։ Նրանք հարուստ են նման մշակույթով»։

4-րդն ապագա սերունդներին հայ պահելու պատասխանատվությունն է։ «Նախ, այսօրվա սերունդը հասկանալու համար պետք է իմանալ, թե ամերիկահայ երիտասարդն ինչպե՞ս է մտածում։ Նույնը եւ այլ երկրներում ապրողների դեպքում։ Եթե ուզում ենք երիտասարդներին հայ պահել, պետք է ճանաչենք նրանց։ Լեզուն մեր ինքնության կարեւոր ազդակներից է, եւ շատ տեղերում կատարյալ հայերեն սովորեցնելն անհնար է թվում։ Բայց երիտասարդը պետք է իմանա հայի լեզուն, փորձի սովորել ու արտաբերել, զգալ, որ դա իր լեզուն է»,-եզրափակեց սրբազան հայրը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031