Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ ենք արել մենք։ Ոչ մի հետևություն, ոչ մի նոր գաղափար, հետպատերազմյան վերականգնման ոչ մի բովանդակություն. Վահե Հովհաննիսյան

Մարտ 10,2023 13:08

Հրաժարվել մեր անճարակությունից

Ի՞նչ ենք անում մենք այսօր. «պեռաշկին» տվել ենք Նիկոլի ձեռքը, 3 միլիոնով շարվել հետևն ու ասում՝ մեզ նորից տար ողբերգության։ Ավելին, ազգովի քննարկում ենք հենց «պեռաշկին», ոչ թե՝ մեզ սպառնացող աղետը ու դրա կասեցումը։

Նոյեմբերի 9-ից հետո Ալիևը մի քանի անգամ փոխել է իր բանակցային տակտիկան, պահանջների նշաձողը, վեկտորը, հռետորաբանությունը։ Ալիևը իր՝ հաղթածի ու գրեթե ազգային հերոսի կարգավիճակում,  այնուհանդերձ, շատ ճկուն է եղել և, կախված միջազգային իրավիճակից, միջնորդների ինտենսիվությունից ու բովանդակությունից, մեր սխալներից, մի քանի անգամ էապես փոխվել է։

Մենք ոչ մի բան չենք փոխել ոչ մի հարթության մեջ։ 2021-ին մի անմիտ ընտրական պրոցես ենք ունեցել և առանց հասկանալու քվեարկել ենք հետագա պատերազմների և կորուստների օգտին՝ այն պատճառով , որ դա վաճառվել է «խաղաղություն» տոպրակի մեջ, թեպետ արդեն պարզ էր, որ այս իշխանությունը որևէ առնչություն չունի խաղաղության հետ և միայն պատերազմ է բերում։

Հիմա ո՞ր մեկս ենք քաղաքակրթական ավելի բարձր մակարդակում, ո՞ր պետությունն է ավելի լուրջ՝ մե՞նք, թե՞ Ադրբեջանը, սա է խնդիրը։ Մենք պետք է փոխվենք, որ փոխվի իրավիճակը։

Ալիևը փետրվարի 22-ին, ռուս-ուկրաինական պատերազմի նախօրեին, երբ ամբողջ աշխարհը Պուտինի դեմ էր, Մոսկվայում ստորագրում է ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության պայմանագիր, հետո սեպարատ գազային պայմանագրեր ստորագրում Արևմուտքի հետ, դառնում Ուրսուլա ֆոն դեր Լայենի հավատարիմ ընկերը, զուգահեռ՝ կոշտ կոնֆլիկտի մեջ մտնում Ֆրանսիայի հետ և այլն, և այլն։ Իսկ ի՞նչ ենք արել մենք։ Ոչ մի հետևություն, ոչ մի նոր գաղափար, ոչ մի նոր բովանդակություն, ոչ մի նոր առաջարկ, հետպատերազմյան վերականգնման ոչ մի բովանդակություն։ Միակ նոր բանը, որ արվել է, Ռուսաստանի հետ կտրուկ թշնամանալն էր, ինչը շեշտակի ուժեղացնում է Ադրբեջանին։

Մեր անճարակությունը հոգնեցուցիչ է դաշնակիցների համար, ոգևորիչ՝ հակառակորդի, ծայրահեղ վտանգավոր՝ մեզ համար։

Բոլոր գիտակից մարդիկ հիմա իրար հարցնում են՝ ի՞նչ անել։ Որպես առաջին քայլ՝ չվախենալ փոփոխություններից, նոր ձևաչափերից, նոր լիդերությունից, նոր գաղափարներից։ Չվախենալ՝ մասնակիցը դառնալ այդ ամենին, որ փոփոխությունը վերջապես գա։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031