ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է. «Դեսպան Քվինն այցելեց Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քրիստինա Քվինին ներկայացրեց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։ Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձավ շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։
Դեսպան Քվինը կրկնեց Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը։
Սյունիքի մարզպետարանից տեղեկանում ենք. «Մարզպետը շնորհավորեց նրան Հայաստանում դիվանագիտական ծառայության մեկնարկի կապակցությամբ ու շնորհակալություն հայտնեց այս դժվարին օրերին Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ դա շատ կարևոր է մարզի բնակչության համար։
Դեսպանը շնորհակալություն հայտնեց Ռ․Ղուկասյանին նախորդ օրը դեպի Բերձորի միջանցք այցի ընթացքում իրեն միանալու համար։ Քրիստինա Քվինն ասաց նաև, որ իր համար շատ օգտակար էր Սյունիքում գտնվելու օրերին սովորական քաղաքացիների հետ խոսելը, որոնք իրեն պատմել են պատերազմից հետո այստեղ ապրելիս իրենց զգացողությունների ու հատկապես 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ապագայի հանդեպ ունեցած անվտանգային մտահոգությունների մասին։
Հանդիպման ընթացքում Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց 44-օրյա ու 2022թ․ սեպտեմբերի պատերազմներից հետո մարզում ստեղծված իրավիճակն ու պատասխանեց դրա վերաբերյալ դեսպան Քվինի հարցերին։
Կարդացեք նաև
Զրուցակիցները քննարկեցին նաև թեմաներ, որոնք վերաբերում էին Սյունիքում վերաբնակեցված արցախցիներին, մարզի սահմանային բնակավայրերում պատերազմից հետո ապրող մարդկանց խնդիրներին, այս համատեքստում առաջ եկած սոցիալական, անվտանգային, տնտեսական հարցերին։
Դեսպանը հետաքրքրվեց մարզային իշխանության հետագա անելիքներով ու ծրագրերով՝ ուղղված նոր իրավիճակում բացասական սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ու մարզի դիմակայունության բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից (USAID) Սյունիքում իրականացված ծրագրերին ևս»։