«Մեր նախաձեռնած բազմաթիվ քննարկումներում հնչում էր կարեւոր միտք՝ ՀՀ-ի եւ հայության արժանապատիվ ապագան հնարավոր է կառուցել միայն աշխարհասփյուռ հայության միասնական ուժերով։ Աշխարհի 108 երկրներից ավելի քան 110 000 հայրենակիցներ արդեն միացել են նախաձեռնությանը»,-«Ապագա Հայկականը» համաժողովի բացման ժամանակ այսօր հայտարարեց «Ապագա Հայկականը» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը։
Հիշեցնենք, որ մարտի 10-12-ը Երեւանում ընթանալու է «Ապագա Հայկականի» համաժողովը, որն առաջին համահայկական քաղաքացիական համաժողովն է լինելու․ քննարկվելու են 15 հիմնական նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Բնակչության աճ», «ՀՀ-սփյուռք միասնականություն»։
Արտակ Ապիտոնյանի խոսքով՝ նշյալ գաղափարները միտված են ՀՀ-ի եւ աշխարհասփյուռ հայության կայուն զարգացմանը, ընդհանուր գիտակցության ձեւավորմանը․ «Այսօր «Ապագա Հայկականը» նախաձեռնության պատմության մեջ նոր էջ ենք բացում՝ հանրային քննարկումների շատ կարեւոր փուլ սկսելով։ Ձեւաչափն աշխարհում ընդունված է անվանել քաղաքացիական ասամբլեա։ Սա նոր փորձառություն է հայկական տիրույթում։ Համոզված ենք, որ ընդհանուր ջանքերով հասնելու ենք հաջողության»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ