Լրահոս
Օրվա լրահոսը

10:1. արեւմտամետ եւ ռուսամետ քաղաքագետների համամասնությունը

Մարտ 10,2023 10:00

«Օտարերկրյա գործակալ» բառակապակցությունը վերջին շրջանում ձեռք է բերել յուրահատուկ իմաստ՝ պուտինյան ռեպրեսիվ մեքենայի պատճառով: Ռուսաստանում այդ պիտակն են կպցնում իշխանությունների քաղաքականության հետ անհամաձայն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք, այդ «խարանը» կրելով, զրկվում են որոշակի իրավունքներից (օրինակ՝ դասավանդելու): Չգիտեմ, արդյո՞ք Վրաստանի իշխանությունները հենց դա նկատի ունեին, բայց, բոլոր դեպքերում, այդ տհաճ բառակապակցությունից հավանաբար պետք է հնարավորինս խուսափել:

Սակայն, այնպես չէ, որ «գործակալ» պիտակը պուտինիստների մենաշնորհն է: Ճիշտ նույն քարոզչական հնարքն են կիրառում ՀՀ իշխանությունների «արեւմտամետ» երկրպագուները: Ըստ նրանց՝ բոլոր այն մարդիկ, որոնք Փաշինյանի աչքի վերեւում հոնք են նկատում, Ռուսաստանի գործակալներն են եւ պայքարում են մեր երկրի ինքնիշխանության դեմ:

Ինչպես արդարացիորեն նկատել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ Հայաստանում կան քաղաքագետներ, փորձագետներ, վերլուծաբաններ, մեկնաբաններ, որոնք արդարացնում են Ռուսաստանի կայսրապաշտական ագրեսիան Ուկրաինայի դեմ: Բայց Հայաստանում տասն անգամ ավելի շատ են քաղաքագետները, վերլուծաբանները եւ այլք, որոնք օրը մի քանի անգամ, տարբեր եթերներում խոսում են «պուտլերի», «5-րդ շարասյան», «ԿԳԲ-ի գործակալների» եւ «Կրեմլի սպասավորների» մասին: Ռուսաստանյան անպարկեշտ, կասեի անգամ՝ «դեղին» քարոզչությանը հակադրվում է նույն որակի ուղեղների լվացումը «արեւմտամետ» դիրքերից՝ մոտավորապես հետեւյալ կարգախոսներով՝ «Արցախի ճակատագիրը որոշված է. Ֆրանսիան գալիս է տարածաշրջան», «Շառլ Միշելը բացում է Լաչինի միջանցքը», «Փելոսին փրկում է Հայաստանի ինքնիշխանությունը»:

Երկու մոտեցումներն էլ սխալ են: Ավելին, իմ կարծիքով, վտանգավոր են: Բայց կրկնեմ, նկարագրածս վերջին դիրքորոշումը տասն անգամ գերակշռում է հանրային դաշտում հնչող «ռուսամոլ» տեսակետներին:

Իհարկե, իդեալական կլիներ, եթե մեր քաղաքագետները վերլուծեին իրավիճակն՝ ըստ էության, ոչ թե ելնելով իրենց գլուխներում գոյություն ունեցող կարծրատիպերից, բայց, քանի որ դա չկա, թող գոնե իրար հավասարակշռեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031