Այսօր մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստի ժամանակ զոհված զինծառայող Դավիթ Ադոյանի մայրը՝ Լիլիա Սարգսյանը որպես վկա ցուցմունք տվեց: Նա ասաց, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան է խոսել որդու հետ, ոչինչ չի ասել պատերազմի մասին: Հետո օրը մեկ անգամ զանգել է, ասել է՝ չանհանգստանաք» «Ամսի 8-ին զանգահարել է, գրեց «Հադրութ» հեռախոսիս վրա, դա բջջային համար չէր, Հադրութի դպրոցի համարն էր: Ամսի 12-ի երեկոյան, բացի ինձանից, տղաներս ու ամուսինս իմացել են որդուս շրջափակման մասին, որովհետեւ զանգահարել է նրանց»:
Լիլիա Սարգսյանն ասաց, որ ամուսինը փոխգնդապետ է եղել, որդու զոհվելուց հետո նա մահացել է, բայց կան նրա ցուցմունքներն ու ձայնագրությունները, որտեղ նշել է. «Սեպտեմբերի 27-ին զանգահարել եմ որդուս, անհասանելի էր, կապվել եմ Վարդերեսյան Գարիկի հետ, որը հանդիսանում էր որդուս գումարտակի հրամանատարի տեղակալը: Գարոն ասաց՝ երեխաները ապահով տեղ են, չանհանգտանաք, հենց հնարավոր եղավ, անպայման կզանգենք:
Հոկտեմբերի 1-ին կապվել եմ Գարոյի հետ, ասաց՝ երեխեքը ցրված են, բայց չանհանգստանաք, հավաքում ենք մի տեղ: Հոկտեմբերի 12-ի երեկոյան զանգեց տղաս, շատ կոշտ, մրսած ձայնով էր, չհասկացա, որ իմ տղան է, ասեց՝ պապ, ես եմ: Ասաց՝ շրջափակման մեջ եմ, անտառում եմ եւ ինքը ու իր 4 ընկերները վիրավոր են: Հորդորել են ընկերներին, որ իրենց թողնեն, գնան, չեն համաձայնել: Ասաց նաեւ, որ գեներալների, հրամանատարների հետ են կապնվել, բոլորը խոստացել են գալ ու օգնել, բայց արդեն երկրորդ օրն է՝ ոչինչ չեն անում, ինչ-որ մի բան արեք: Խառնված զանգել եմ Վարդերեսյան Գարիկին, անհասանելի էր:
Հաջորդ օրը հավաքել եմ այն համարը, որով զանգահարել էր տղաս, վերցրեց մի տղա, ասեց, որ անունը Հարութ է: Սերժանտն է եղել Կարախանյան: Ներկայացա եւ խնդրեցի, որ հեռախոսը փոխանցի որդուս: Երկու հարկանի է եղել դպրոցը, վիրավորներին, ովքեր ծանր են եղել, նկուղում են պահել: Ոչ վիրավոր տղերքը անընդհատ հսկողություն են հերթով սահմանել երկրորդ հարկում, որ հակառակորդը չմոտենա: 5 րոպեից զանգել եմ նորից, էլի սերժանտն էր, փոխանցեց որդուս: Ասեց՝ ամեն բան կարգին է, եկել են Վանք գյուղ, կապնվել հրամանատարության հետ: Խոստացել են, որ պիտի գան, փրկեն եւ գաղտնաբառ են փոխանցել: Հաջորդ անգամ զանգել եմ հոկտեմբերի 14-ին, կրկին վերցրել է Հարութը, հրամանատարությունը չի կարողացել եւ չեն ցանկացել հանել իրենց: Ես այստեղ ասեմ, որ երեխեքը շատ վիրավորված էին անգամ մեզանից: Ես հիշում եմ, որ երեխես ասեց՝ պապ, մեր գեներալներին ասում ենք, ասում են՝ մենք ոչ մի բան չենք կարող անենք, դիմեք «Կարմիր խաչ»: Ես չգիտեի, որ հայկական բանակում մենք այդպիսի «գրագետ, կիրթ» գեներալներ ունեինք, որ կարող է ասի՝ ռազմական գործողությունների ժամանակ պիտի դիմեք «Կարմիր խաչ», որ գային զինվորներին հանեին՝ ոչ խաղաղ բնակչության: Անընդհատ խաբել են»:
Նա հրապարակեց ՊՆ բոլոր պաշտոնատար անձանց հեռախոսահամարները, որոնց դիմել են. «Օնիկ Գասպարյանի կողքը ամուսինս նստած է եղել, երբ որ երեխեքը զանգել են: Ամուսնուս ռազվեդկայի Էրիկ անունով մեկը ասել է՝ երեխեքը թուրքի ձեռքն են եւ խոսում են թուրքի հրամանով: Չեմ հավատացել, քանի որ մեկ օր առաջ խոսել եմ որդուս հետ եւ ամեն ինչ կարգին էր: Գարիկի ասելով՝ իբր ինքը 3 օր հրամանատարության հետ կռվել է եւ ինքը 100%-ով կհանի երեխեքին, եթե թույլ տան ու խումբ տան իրեն: Հետո Գարիկը զանգել է սերժանտ Հարութին, որն ասել է, որ շարժ են նկատել ու դուրս են եկել տարածքից»:
Դավիթի հայրը փորձել է ծանոթների գտնել, զանգել է Կարեն Առուստամյանին, գեներալ Դավիթ Մանուկյանին, վերջինս հավաստիացրել է, թե խումբ են կազմել ու ամեն ինչ կանեն, զինվորներին կհանեն. «Դրանից հետո նոյեմբերի 27-ին գնացել եմ ԳՇ, հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ, խնդրել եմ, որ ինքը կապվի Մուրադովի հետ, որ միջանցք բացի, կարողանան երեխեքին հանեն, քանի որ բացի մեր երեխաներից, կային նաեւ այլ զինվորներ: Օնիկ Գասպարյանը զանգել է Մուրադովին, Մուրադովն ասել է, որ ինքը իրավունք չունի, պետք մեր առաջինը, այսինքն՝ վարչապետը, դիմի իրենց առաջինին՝ Պուտինին, որն էլ հրաման կարող էր տար, որ հանեին: Դե երեխա էին, էլի, թող զոհվեին»,- նկարագրեց մայրը՝ ներկայացնելով անտարբերությունը իրենց երեխաների կյանքի նկատմամբ:
Հետո ծնողներով գնացել են Արցախ, որ որոնողական աշխատանքներ իրականացնեն. «27-ի առավոտը, որ պետք է շորեր ստանայինք, ԱԻՆ-ի աշխատակիցներն ասացին, որ դիակները Ստեփանակերտի մորգում են, գնանք տեսնենք՝ մե՞ր երեխաներն են, թե՞ չէ: Գնացինք տեսանք՝ դիակներից երկուսը թարմ խփված, մյուսները կլինեին 20-25 օրվա: Սկզբից նայեցինք, չճանաչեցինք, դուրս եկանք: Ծնողներից Ռուստամ Այվազյանն ասեց, որ սպասենք ծխի, նոր գնանք: Տեսնելով, որ Ռուստամը չի գալիս, մտա ներս, տեսա, որ առաջին դիակը շրջել են մեջքի վրա: Քննիչներն ասեցին, որ Ռուստամը ճանաչել է որդու դիակը: Պատերազմից հետո խփված երեխեք են, պարո՛ն դատավոր»:
Ծնողները փորձել են հանդիպել վարչապետի հետ, վերջինս ասել է, որ ամեն ինչ անում են՝ զինվորներին գտնելու ուղղությամբ. «Նոյեմբերի 23-ին, երբ ամուսինս լինում է Օնիկ Գասպարյանի մոտ, այդ պահին զանգ է գալիս, իմանում են, որ զինվորներից Հարութը զանգել է Արցախի տելեկոմ, ասել է՝ մենք կանք: Մենք ոգեւորված էինք, որ երեխեքը կան, հույս ունեինք, որ կփրկվեն երեխեքը, բայց…»:
Լիլիա Սարգսյանը մի դրվագ էլ հրապարակեց. «Իշխան Վահանյանը մեզ ասեց, որ երեխեքը շրջափակումից դուրս են եկել, բայց տեղս չասեք, որ ծնողները տեղս իմանան, գլուխս կջարդեն: Ինչի՞ էր ինքը նման բան ասում, եթե չփախչող, հայրենասեր տղա էր ու հիմա էլ, քոռանամ ես, այսպես նստած է ու իրեն «անմեղ» տեղը դատում են:
Մայրը, դիմելով դատարանի դահլիճում ամբաստանյալի աթոռին նստած Վահանյանին, ասաց. «Իմ երեխուն վստահել եմ ձեզ, վստահել եմ քեզ, ո՞ւր ա երեխես, արա՛: Սրա նմաններին, խնդրում եմ, պարոն դատավոր, որպես ՀՀ ազնիվ քաղաքացի, դատեք սրան ամենաբարձրագույն ձեւով, սրա նմանները պիտի չապրեն»:
Լիլիա Սարգսյանն ու իր ամուսինը ավելի ուշ զինվորների հետ խոսելով՝ պարզել են կատարվածը. «Երեխեքը վիրավորվել են հոկտեմբերի 10-ին, 18 օր պահել են նրանց: Ես գերիների հետ խոսել եմ, ինչ-որ գեներալներ երեխեքին ասել են՝ վիրավորներին գլխից խփեք, դուրս եկեք: Ընկերները չեն թողել: Ցավս այն է, որ պարոն դատավոր, որ էս երեխեքի գլխին եթե լինեին իրական սպաներ, մենք էդ հողերն էլ չէինք տա, էդքան զոհ էլ չէինք ունենա»:
Հաջորդ դատական նիստը մարտի 20-ին, ժամը 13-ին:
Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ