Հաագա, 9 մարտի 2023 – Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների ֆեդերացիան տեղեկացնում է, որ ի պատասխան խորհրդարանական մի քանի խմբակցությունների՝ Դավոսում Նիդերլանդների և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցերին, Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրան, տեղեկացրել է Դավոսում հունվարին վարչապետ Ռյուտեի և Նախագահ Ալիևի միջև կայացած հանդիպումը նախաձեռնվել է նիդերլանդական կողմից՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մտահոգությունները փոխանցելու նպատակով, որի ընթացքում Նիդերլանդների վարչապետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը չպետք է քաղաքական իրավիճակի զոհ դառնա և կարևորել է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝ ի կատարումն 2020 թ. եռակողմ համաձայնագրի։
ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Նիդերլանդները ԵՄ և ԵԽ շրջանակներում ևս ակտիվորեն աշխատում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով՝ նշելով, նաև որ Ադրբեջանը վատ է կատարում ՄԻԵԴ վճիռները։
Խորհրդարանականների հարցերին պատասխաններում Նիդերլանդների ԱԳ նախարարը հաստատում է, որ Ադրբեջանը Ռուսաստանից գազ է ներկրում Եվրամիության հանդեպ իր պարտավորությունների կատարումը ապահովելու համար և ընդգծում, որ այդ հարցը բարձրացվելու է Եվրահանձնաժողովի կողմից։
Նախարար Վոպկե Հուքստրան վերահաստատում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիան՝ ընդգծելով, որ ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 12.09.2022թ. սահմանները։
Կարդացեք նաև
Պատասխաններում նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ հավաստիացնելով, որ վերջիններիս հայրենադարձման անհրաժեշտությունը մշտապես բարձրացվում է Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններում։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա