Լրահոս
Օրվա լրահոսը

Արյան նմուշառումն իրականացրած բուժքույրը տարածել է կեղծ տեղեկատվություն հարեւանուհու մասին, իսկ Արցախում՝ ՄԻԱՎ-ով ապրող ամուսինների կարգավիճակը հրապարակայնացրել է ոստիկանապետը

Մարտ 09,2023 23:03

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» հասարակական կազմակերպությունը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագրի աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում կազմակերպել էր «Ֆեմինա-2023» կանանց ֆորումը։ «Ոչինչ մեզ համար՝ առանց մեզ» խորագրով ֆորումի նպատակն էր քննարկել ՄԻԱՎ-ով ապրող եւ ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի կանանց հիմնախնդիրները, նաեւ գտնել ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ առկա համակարգային եւ ոլորտային խտրականության դրսեւորումները նվազեցնելու տարբերակները։

Տարբեր բնագավառներից 70 ներկայացուցիչ մասնակցեց ֆորումին։ Ներկաներին նախ ողջունեցին «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա Բաբայանը կարեւորեցին ֆորումի կազմակերպումը՝ նշելով, որ սա հերթական հնարավորություն է «առկա բացերը բարձրաձայնելու եւ եւ գործուն քայլեր մշակելու այդ բացերը լրացնելու համար»։

«ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության եւ իրավախախտումների վերաբերյալ» կազմակերպության զեկույցում ներկայացված են խտրական վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, որոնք կատարվել են «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» կազմակերպության շահառուների հետ։

Շահառուի կինը հղիության ընթացքում «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում հետազոտվել է ՄԻԱՎ-ի նկատմամբ, որը պարտադիր է։ Արյան նմուշառումն իրականացրած բուժքույրը եղել է շահառուի հարեւանուհին։ Հետազոտության արդյունքները եղել են բացասական, այսինքն՝ շահառուի կնոջ մոտ ՄԻԱՎ վարակ չի հայտնաբերվել։ Ամիսներ անց՝ երեխայի ծննդյան կապակցությամբ ընտանիքը կազմակերպել է խնջույք։ Ուշ երեկոյան ոստիկանությունից զանգահարել են շահառուին եւ խնջույքի բարձր երաժշտության պատճառով հարեւանների հանգիստը խախտելու ահազանգի հիմքով նրան կանչել են ոստիկանություն։

Ոստիկանությունից վերադառնալիս շահառուն հանդիպել է բուժքրոջ եղբորը, որը չի թաքցրել, որ քույրն է ահազանգել ոստիկանություն։ ․ «Գիտես թե չգիտե՞նք, որ կինդ ու երեխադ հիվանդ են, կամ էլ չգիտե՞ս, թե քույրս որտեղ է աշխատում»,-շահառուին ասել է բուժքրոջ եղբայրը։ Աշխատանքային պարտականությունների խախտման եւ շահառուների մասին գաղտնիության չպահպանման հետեւանքով շահառուի ՄԻԱՎ կարգավիճակի եւ ընտանիքի անդամների մասին կեղծ տեղեկատվությունը հայտնի է դարձել շահառուի հարեւաններին եւ մերձավորներին։ Շահառուն դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ իրավախախտ բուժքրոջը պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Արցախի Հանրապետության քաղաքացի ամուսինների ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական կարգավիճակ ունենալը բացահայտվել է Մարտունու շրջանի ոստիկանապետի կողմից։ Ոստիկանապետը ոստիկանության շենքում բոլոր աշխատակիցների ներկայությամբ, բարձրաձայնել է ամուսինների կարգավիճակը, կնոջը դրդել է հղիության ընդհատման՝ բոլորի ներկայությամբ հայտնելով, թե կարգավիճակով պայմանավորված վերջինս իրավունք չունի երեխա ունենալ եւ դա քրեորեն պատժելի արարք է։ Շահառուն դիմել է «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» կազմակերպությանը՝ աջակցություն ստանալու եւ տվյալ դեպքին միջամտելու նպատակով։ Կազմակերպության աշխատողների կողմից տրամադրվել է խորհրդատվություն՝ առկա իրավիճակը պարզաբանելու նպատակով։ Կազմակերպությանը տվյալ խտրականության դեպքի մասին հայտնի դառնալուց հետո շահառուից վերցվել է համաձայնագիր՝ փաստաբան ներգրավվելու նպատակով, սակայն վերջինս հետագայում հրաժարվել է որեւէ միջամտությունից։

Ի դեպ նման դեպքերը քիչ չեն ու, ըստ ոլորտի պատասխանատուների՝ բոլորը պետք է նպաստեն խտրականության վերացմանը։

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի՝ քաղաքականության, հավասարության եւ գենդերային հարցերով փորձագետ Ելենա Կիրյուշինան անդրադարձավ ՄԻԱՎ-ի համաճարակի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող գենդերային տեսակետներին։

«Ֆեմինա 2023»-ում նաեւ առանձին խմբային քննարկումներ կազմակերպվեցին, իսկ վերջում մասնակիցները «Մարդկային գրադարան» ծրագրի շրջանակում հնարավորություն ունեցան շփվել ՄԻԱՎ-ով ապրող կնոջ հետ, ծանոթանալ վերջինիս պատմությանն ու ենթարկված խտրականության դեպքերին:

Լուսանկարները տրամադրել է «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» կազմակերպությունը

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031