Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկազի հետ եմ խոսել, ասեց՝ տղերքը մնացել են շրջափակման մեջ, ի՞նչ անեմ, քաշեմ գնամ, զոհվեմ, որ ծնողներից պրծնե՞մ». Շրջափակված զինվորի հոր ցուցմունքը

Մարտ 09,2023 22:25

«Պատերազմը սկսել է, իմ տղան՝ Արման Գաբրիելյանը 2 ամիս, 10 օրվա ծառայող է եղել: Հոկտեմբերի 3-ին եմ խոսել տղայիս հետ, ասեց՝ նահանջ տալով՝ մեզ բերում են: Մեկ էլ խոսել եմ ամսի 5-ին, Հադրութի դպրոցից է զանգել ինձ: Ասեց՝ Հայկազը մի քանի սպաներով զինվորներին տարել են, իրենք մնացել են: Ասեց՝ մի քանի օր հետո մեզ պիտի տանեն պոստեր»,-   մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստի ժամանակ պատմեց զոհված զինծառայող Արման Գաբրիելյանի հայրը՝ Բենիկ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ դպրոցից զինվորներին տարել են Խուռհատ սարի քանդած դիրքեր,  զինվորները դիրքավորվել են. «Մեր երեխեքը վիրավորվել են մնացել էդտեղ, թե զոհվել են, չգիտեմ, իրենց երեխեքը՝ շարքայինից մինչեւ գեներալ սաղ էլ փախել են: Բոլորն էլ պիտի պատասխան տան, մենակ ինքը չէ: Ես Հայկազի հետ եմ խոսել, ասեց՝ տղերքը մնացել են շրջափակման մեջ, ի՞նչ անեմ, քաշեմ գնամ, զոհվեմ, որ ծնողներից պրծնե՞մ»:

Հայրը բորբոքվեց, որ վերադասները զինվորների զինգրքույկները հավաքած են եղել. «Իմ տղեն 7 ամիս մնացել էր Ղափանի մորգում, խի՞ են հավաքել, թող մի հատ թուղթ գրեին, դնեին ջեբները: Ո՞վ պիտի պատասխան տար: Սարից թողել, փախել են, էդ երեխեքը մնացել են մենակ»:

Զոհված զինծառայող Կարեն Ներսեսյանի հայրը՝ Դավիթ Ներսեսյանը պատմեց, որ որդին գերազանց է սովորել, ընդունվել համալսարան ու գնացել բանակ. «Բանակում ընկան անպատասխանատու, դավաճան մարդկանց ձեռն ու էդ բախտին արժանացան: Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 15-ին, սպաներն ասել էին՝ ձեզ տանում ենք կայֆոտ տեղ: Մեր ասում էին, թե մալադոյներին պահում են բունկերում, չեն հանում: Մինչեւ ամսի 27-ը երեխեքը շրջափակման մեջ են եղել, ոչ մեկը չի հասել օգնելու»: Անդրադառնալով Վահան Իշխանյանին՝ ծնողն ասաց. «Ես չեմ ուզի, որ իրեն դատեն: Կա՛մ ցմահ, կա՛մ գնդակահարություն, սա իմ տեսակետն է»:

Զոհված զինծառայող Արտաշես Այվազյանի հայրը՝ Ռուստամ Այվազյանը պատմեց, որ վերջին անգամ որդու հետ խոսել է հոկտեմբերի 16-ին. «Ախպորն էր զանգել, ասեց՝ պապ, 6 օր է՝ մեր մոտ ոչ մեկը չի եկել-գնացել, մենք երեւի շրջափակման մեջ ենք հայտնվել: Ասեցի՝ որտե՞ղ ես, կարա՞նք հասնենք էդտեղ, ասեց՝ չէ, դու դժվար էլ հասնես: Հարցրել եմ՝ քանի՞ հոգի եք, ասել է՝ մոտ 20 հոգի, մեր մոտ ոչ մի սպա չկա, ունենք մի վիրավոր սերժանտ, վերջում պարզվեց Հարութն է: Էն ժամանակ շատ վստահ էինք մեր երկրի, մեր սպաների վրա, որ զինվորներին չեն թողնի ոնց որ ասած Աստծու քմահաճույքին: Սրա մասին (նկատի ունի Իշխան Վահանյանին) մի քանի տող են ասել, ուստա է եղել, զանգել է իրան, խաբել ասել է գոսպիտալում եմ: Մի բան էլ կա Վահանյանի մասին, տղերքին ասել է՝ արեք, ձեզ տանում եմ 3-րդ գիծ, խոսք եմ տալիս, 60-70 հոգի տարել է իբր իր ասած 3-րդ գիծ, լավ տեղ ու Ուրալը քշել փախել է»:

Այվազյանը պատմեց, որ երբ ինքը որդու փնտրտուքներով գնացել է Արցախի Հերհեր գյուղ, այնտեղ եղել է Վահանյանը, իր մոտ զանգեր է կատարել. «Բացեց ցուցակը, ասեց՝ տղես անհայտների մեջ է: Չեմ հիշում ում զանգեց, խոսաց, հետ եկավ, թե ախպեր, 2 հոգի դուրս են եկել, հեսա էլի են դուրս գալու: Հեքիաթներ, էլի»:

Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031