«Տխրեցնող է, որովհետեւ այն հաջողությունները, որ Վարդերի հեղափոխությունից հետո գրանցել էր Վրաստանը, ըստ էության, այս տարիների ընթացքում, մենք անընդհատ հետքայլ ենք նկատում: Իսկ «Արտասահմանյան գործակալների մասին» օրենքի ընդունման փորձն արդեն շատ ավելի մեծ հետքայլի մասին է վկայում: Ավելի շատ կարելի է խոսել այն մասին, որ սա օրենք է, որն, ըստ էության, նմանակում է ՌԴ-ում գործող այս կարգի օրենքին եւ ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների դեմ»,-Aravot.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով վերջին օրերի ընթացքում հարեւան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Իր գնահատմամբ, լավ է, որ Վրաստանի իշխանությանն այս պահին չհաջողվեց այդ նախագիծն ընդունել, բայց թե ի՞նչ կլինի հետո՝ նա դժվարացավ կանխատեսել. «Այս պահին ժողովուրդը կարողացավ փոքրիկ հաջողություն գրանցել, սպասենք՝ տեսնենք, թե ապագայում ի՞նչ է լինելու»:
Վարդան Հարությունյանը չի կարծում, որ այդ դրվագով Վրաստանում գերտերությունների՝ ՌԴ-ի եւ հավաքական Արեւմուտքի շահերն էին բախվում. «Կար ընդամենը ՌԴ-ի փորձ՝ իրեն հավատարիմ կամ իրեն ենթակա, կամ ինչ-որ չափով իրեն ենթակա իշխանությունների միջոցով՝ իր բարքերը Վրաստանում ներդնելու փորձ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանում էլ նման զարգացումների ականատես լինենք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Վրացիների գրանցած երեկվա եւ այսօրվա հաջողությունը գուցե առիթ հանդիսանա, որպեսզի Հայաստանում նման փորձ կամ չարվի, կամ այն հետաձգվի, բայց եթե ՌԴ-ն իր առջեւ նման խնդիր դնի, ապա Հայաստանի այսօրվա գործող իշխանությունների պարագայում, բոլորովին չեմ բացառում…բայց վրացիների օրինակը կարող է արդեն զսպող դեր խաղալ: Չնայած, արդեն մենք տեսնում ենք՝ ռուսալեզու դպրոցներ հիմնելու փորձի մասին ազատ խոսվում է եւ իշխանություններից կամ կրթության նախարարությունից ես չեմ լսել, որ հստակ կարծիք ձեւակերպվի եւ արտահայտվի: Այնպես որ, դա կարելի է նմանեցնել նաեւ այս օրենքին»:
Դիտարկմանը՝ Հայաստանն այժմ առավել մեծ խնդիրներ ունի, Արցախի եւ Հայաստանի հանրապետության կորստի առջեւ ենք կանգնած ու այդ հարցերում նաեւ ՌԴ-ի դերակատարումն է զգալի, մինչդեռ հանրային ընդվզում մեզ մոտ չի լինում. ի՞նչն է պատճառը, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Պատճառը շատ բացատրելի է. վերջին 10 տարիների ընթացքում՝ 2008 թվականից հետո, Հայաստանում ձեւավորվել էր շատ լուրջ բողոքի էներգիա, որն անընդհատ արտահայտվում էր, լուրջ քաղհասարակություն էր ձեւավորվել, որը կարողանում էր մեծ միջոցառումներ, բողոքի զանգվածային միջոցառումներ կազմակերպել, 2018 թվականի հեղափոխությունը, որը հիմա արդեն չի կարելի անվանել հեղափոխություն, բայց այդ օրերին հեղափոխություն էր, պարպեց այդ լիցքը եւ հիմա, այո, կարծում եմ արդեն ժամանակ է պետք, որ նոր լիցք գոյանա, նոր ցանց հավաքվի»:
Այդ ամենի պոտենցիալն, ըստ իրավապաշտպանի, մենք ունենք, բայց ժամանակի առումով, բավական վատ վիճակում ենք, քանի որ գործընթացներն արագ են զարգանում եւ կարող ենք կանգնել կատարված փաստի առջեւ. «Մենք ուշանում ենք ամեն օր, ամեն կորցրած օրն՝ ուշացած օր է եւ հույսը դնել ժամանակի վրա, որ երբեւէ մենք ոտքի կկանգնենք եւ ինչ-որ բան կանենք՝ շատ ուշ է լինելու: Այո, այսօր Հայաստանի շուրջ շատ լուրջ զարգացումներ են ընթանում, որոնցից, ըստ էության, մենք տեղյակ էլ չենք, մեր ժողովուրդը տեղյակ էլ չի, որովհետեւ ամեն ինչ արվում է գաղտնի՝ ներկայացնելով իբրեւ դիվանագիտական աշխատանք. թե վերջում ի՞նչ է դրանից դուրս գալու, ինչի՞ վրա ենք մենք զարմանալու կամ մեր կոտրած տաշտակը որքանո՞վ է կոտրված կամ փշրված լինելու, մենք դեռ չենք պատկերացնում»:
Լուսանկարը` NGnewsgeorgia-ի
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ