Հովհաննես Թումանյանի թանգարանում Վանաձորի «Արվեստագետ» կրթամշակութային կենտրոնի պատվավոր նախագահ Իվան Անտոնյանը «Հովհաննես Թումանյան-150» հուշամեդալ հանձնեց ՀՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթեւոսյանին, Թովմաս Պողոսյանին եւ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանին։
Հանդիսավոր արարողության սկզբում Իվան Անտոնյանը, դիմելով թանգարանի տնօրինությանը եւ հյուրերին, ասաց․ «Այսօր Հովհաննես Թումանյանի երեւանյան օջախը հյուրընկալ դռները բացել է լոռեցիների առջեւ։ 2019 թվականին ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյա հոբելյանի առթիվ «Արվեստագետ» կրթամշակութային կենտրոնը, ի շարս բազմաթիվ մշակութային նախաձեռնությունների, կյանքի կոչեց «Հովհաննես Թումանյան-150» հոբելյանական մեդալը, որը շնորհվում է գրականության, մշակույթի, արվեստի եւ տարբեր բնագավառների այն մարդկանց, որոնք տվյալ ոլորտում ունեն մեծ ավանդ եւ հայրենիքին մատուցած ծառայություն։ Մեր կենտրոնի որոշմամբ այս մեդալի օրինակը ուզում ենք առաջին հերթին սիրով նվիրաբերել հենց Երեւանի Հովհաննես Թումանյանի տուն թանգարանին՝ պահպանության եւ մշտական ցուցադրության»։
Հուշամեդալներն ստանալուց հետո արվեստագետները միասին կատարեցին Հովհաննես Թումանյանին ձոնված միակ՝ «Անմահ Թումանյան» երգը, որից հետո թանգարանի բակում Լոռի աշխարհից բերված խորհրդանշական նռնենի տնկեցին։
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում Իվան Անտոնյանն ասաց, որ սա պիտի արվեր Թումանյանի ծննդյան օրը։ «Բայց մենք ուզեցինք, որ մի քիչ տարբերվի։ Առհասարակ, թումանյանական մթնոլորտում թումանյանական օրերը պիտի շատ լինեն։ Եվ այդ օրերից մեկը մենք այսօր կազմակերպեցինք ամենայն հայոց բանաստեղծի երեւանյան միջավայրում։ Այսօրվա միջոցառումը մեր խոնարհումն է Հովհաննես Թումանյանին։ Առհասարակ, մշակույթը մեր դիմագիծն է, մեր հայելին է։ Թումանյանն էլ, լինելով մշակույթի մարդ, հասարակական մեծ գործիչ, մեր օրհասական, երկրի համար դժվար օրերին մշտապես եղել է մշակույթի կողքին, մշակույթ է սերմանել ազգին ու մատաղ սերնդին։ Եվ մշակույթով սատար է կանգնել հայոց պետականության ամրացմանը։ Մենք ել փորձում ենք շարունակել նրա ավանդույթները»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ