ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանի գնահատմամբ, Ադրբեջանը շարունակում է համակարգված աշխատանք տանել իրավիճակը էսկալացիայի տանելու ուղղությամբ: «Մարտի 5-ի ահաբեկչությունն այդ շարքում է, ունեցանք 3 զոհ և 1 վիրավոր: Շարունակվում են ամենօրյա ապատեղեկատվական բովանդակությամբ ադրբեջանական ՊԲ հաղորդագրությունները: Թիրախավորվել է մարտի 5-ի ահաբեկչական ակտին հասցեական արձագանքած Ֆրանսիայի ԱԳՆ: Ադրբեջանն այս պահին ընթացիկ մեկ խնդիր ունի՝ բոլոր հնարավոր միջոցներով հիմնավորել Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցագրային կետի տեղադրման անհրաժեշտությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Բաղդասարյանը:
Դիտարկմանը՝ վերջին շրջանում միջազգային փաստահավաք առաքելությունների տարբեր ձևաչափերի մասին քննարկումներ էին ընթանում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ գործուղելու մասին, այսօր էլ ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն է կրկին անդրադարձել այդ թեմային ու սա այն դեպքում, երբ Ադրբեջանը չի կատարել ՄԱԿ ԱՄԴ որոշումը՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Փաստացի, ՀՀ-ն հատկանշում է միջազգային փաստահավաք առաքելության կենսական անհրաժեշտությունը, որպես Արցախի հանրապետության շարունակվող բլոկադան վերացնելու և էսկալացիայի վտանգը զսպելու միջոց:
Միջազգային ներգրավվածության անհրաժեշտության մասին Արցախի հանրապետության կողմից հատկապես շրջափակման փուլում, բազմիցս նշվել է տարբեր մակարդակներով՝ ԱՀ նախագահի, կառավարության, ԱԳՆ, Ազգային ժողովի, ՄԻՊ: Միջազգային փաստահավաք առաքելության գործընթացը պահանջված էր շրջափակման ամբողջ ընթացքում, շարունակում է պահանջված մնալ նաև այժմ: Առայժմ գործում է միջազգային կառույցներին իրազեկելու միակողմանի միջոցը, որը, բնականաբար, բավարար չէ:
Առաքելությունն անհրաժեշտություն է ստեղծված իրավիճակում, երբ կա Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության՝ ամիսներ շարունակվող շրջափակում, ահաբեկչություն և էսկալացիայի վտանգ: Կարծում եմ, որ միջազգային փաստահավաք առաքելությունը պետք է ունենա ՄԱԿ միջազգային մանդատ՝ հնարավոր խոչընդոտները նվազեցնելու համար: Մյուս բոլոր ձևաչափերի դեպքում, այն իրականացնելու համար լրացուցիչ պայմանավորվածությունների անհրաժեշտություն կարող է առաջանալ, քանի որ խոչընդոտներ կարող են հարուցվել: Միջազգային փաստահավաք առաքելություն իրականացնելու ճգնաժամային տարածքը՝ Լաչինի միջանցքը եւ Լեռնային Ղարաբաղն է:
Կարդացեք նաև
Դատելով այն հանգամանքից, որ Ադրբեջանը չի կատարում անգամ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման մասին, որը պարտադիր իրականացման ենթակա է, կարծում ենք, որ անգամ ՄԱԿ միջազգային փաստահավաք առաքելությունն էլ գործարկվելու դեպքում խոչընդոտների կհանդիպի այժմ Ադրբեջանի բռնազավթման տակ գտնվող տարածքում՝ ՀՀ-ից Արցախի հանրապետություն եկող գազամատակարարման խափանման և էլեկտրագծերի վթարման տարածքում փաստերի հավաքագրման պահանջի դեպքում: Այս առումով, քննարկումները և զարգացումները դեռ առջևում են, բայց Բաքվում արդեն իսկ անհանգստացած են իրադարձությունների նման ընթացքից»:
Հետաքրքրվեցինք նաեւ՝ ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների այցը:
«Այս պահին հրատապ է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային ձևաչափի վերագործարկումը, ոչ միայն քաղաքական, այլ նաև հումանիտար և տեխնիկական հարցերի լուծման, Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը դադարեցնելու, էսկալացիայի աճող վտանգը կանխարգելելու համար: Իհարկե, այս հարցում մենք գիտակցում ենք աշխարհաքաղաքական իրողությունները: Վերջին օրերին, հատկապես մարտի սկզբին Արցախում տեղի ունեցած իրողությունների ֆոնին, կարևոր էր, որ Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը և ԵԱՀԿ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն կրկին իրազեկվել են Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակին:
Կարծում եմ, որ եթե միջազգային դերակատարները կարևորում են ուղիղ երկխոսելու անհրաժեշտությունը, ապա պետք է հաշվարկեն այն իրողությունը, որ Բաքուն օգտագործում է ցանկացած միջոց, այդ թվում հումանիտար և տեխնիկական բնույթի հարցերը, որպես հարկադրանքի միջոց իր առավելապաշտական նպատակների իրագործման համար: Միջազգային դերակատարները պետք է պատասխանատվություն ստանձնեն կարգավորման գործընթացները միջազգային մեխանիզմներով պաշտպանելու հարցում»,- պատասխանեց Նելլի Բաղդասարյանը:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ