Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռաֆիս հետ էի խոսում, ասեց՝ մամ, Խդրը տրաքեց, էս չակերտավորը՝ Վահանյանը, ասում էր՝ եթե մեկդ գնացիք, սաղիդ լեշ եմ սարքելու, էդ լեշը մեզ պետք չի». շրջափակված զինվորի մոր ցուցմունքը դատարանում

Մարտ 09,2023 21:21

Այսօր  մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստի ժամանակ զոհված զինծառայող Ռաֆիկ Սահակյանի մայր Վարդուհի Մանուկյանը պատմեց, որ սեպտեմբերի 27-ի պատերազմի ժամանակ  անընդհատ խոսել է որդու հետ, մինչեւ հեռախոսների մարտկոցը նստելը, հետո կապ են պահել ուրիշների հեռախոսներով. «Շատ լավ հիշում եմ, որ Ռաֆոն պատմում էր, որ Ջաբրայիլի զորամասը, որ ասում էին՝ ապահով վայրում են, չի եղել նման բան: Երկրորդ, երրորդ գիծ չի եղել, սաղ առաջին գիծ է եղել ու խրամատ կոչվածը ծնկներից հետ էր: Երբ որ դիրքում մեկը ներս էր մտնում, երեխեքը խուճապահար մեկը մյուսի վրա էին կրակում: Ռաֆիս հետ խոսալուց ասեց՝ մամ, Խդրը տրաքեց: Խդրն էլ Շիրակի մարզից էր: Էս չակերտավորը (ձեռքով ցույց տվեց Վահանյանին), ասում էր՝ «եթե մեկդ գնացիք, սաղիդ լեշ եմ սարքելու, էդ լեշը մեզ պետք չի»: Ու թողնում են Խդրին էդտեղ, երեխեքին չեն թողնում, որ գնան հանեն: Կողքով անցնող կամավորական է լինում, թե ինչ է լինում, իրան դուրս են բերում»:

Նա պատմեց, որ զինվորները Հադրութ են գնացել՝ առանց սպայական անձնակազմի, մի սերժանտ է իրենց հետ եղել «Ամսի 3-ին գալիս են Հադրութ, անտառների մեջ կորում են, տալիս են 2 վիրավոր, զոհ չեն ունենում: Այնտեղ ռազմական ոստիկանությունն է գտնում տանում իրենց մոտ: Ռաֆս ասում էր մոլորվել ենք, որովհետեւ ճանապարհը չգիտենք, մեզ հետ սպա չկա: Ռազմականը տանում է իրենց մոտ, երկու օր մնում են այնտեղ, հետո տանում են Հադրութի զորամաս, շորերը փոխում, տանում Հադրութի դպրոց: Ամսի 8-ին դպրոցը թիրախավորվում է, ունենում են վիրավորներ: Վահանյանը, բոլորը այնտեղ են լինում, ես խոսում եմ իմ որդուս հետ, ինձ ասում է՝ պիտի բարձրանանք դիրքեր: Ասում եմ՝ անփորձ եք, ո՞նց եք կարողանալու, լարված եք…Ես երեխեքի հետ խոսել եմ, արդեն գիտեմ ինչ է կատարվում, խուճապից մեկը մյուսի վրա էին կրակում: Իմ տղեն Գրիգորյան Հայկազի հետ կոնֆլիկտ է ունենում, ու Հայկազն իրեն ասում է՝ առաջինը դու ես գնալու: Ամսի 10-ին Ռաֆս ընկնում է շրջափակման մեջ»:

Մոր պատմելով՝ Արցվախի ԱԻՆ-ից գնում են, որ շրջափակումից հանեն տղաներին, բայց ուղղություններից մեկով գնում են, դիվերսիա է լինում, մյուս ուղղությամբ չեն գնում: Ամսի 12-ին Ռաֆիկը նորից է զանգում ու ասում, որ նույն տեղում է «Իր հետ կային տասնյակից ավելի զինվորներ, որից 7-ը ծայրահեղ ծանր վիճակում էին գտնվում: Վերջին կապը դա է եղել: Դրանից հետո խոսել է այլ զինվորի՝ Երվանդ Գեւորգյանի հեռախոսով. «Նոյեմբերի 9-ին պայմանագիրը ստորագրվել է, նոյեմբերի 11-ին ես եղել եմ Արցախում՝ Հերհերում, Հադրութի ու Ջաբրայիլի զորամասի զինվորներն էին, ովքեր մնացել են: Խոսել եմ զինվորների հետ, չեմ ասել, որ Ռաֆոյի մայրն եմ, ասել եմ՝ բարեկամ եմ, որ ինֆորմացիա կարողանամ իմանալ: Սրանից էին շատ խոսում (նկատի ունի Վահանյանին), ասում էին՝ ինքը փախավ, իրա պատճառով մենք շատ զոհ ենք տվել, թիվ մեկ մեղավորը ինքն է, բայց նաեւ իրեն հրաման են տվել: Զինվորներից որին խոսացնում էիր, մենակ սրա անունն էր տալիս, որ ինքն է մեղավորը»:

Մայրը փոխանցում է իր որդու պատմածը՝ երբ զինվորներին փորձել են հանել դիրքեր, ասել են՝ այդ դիրքերն այլեւս մերը չեն, Ջալալ Հարությունյանը պնդել է, թե՝ հանեք, դա ինձ չի հետաքրքրում: Վահանյանն էլ ասել է, որ ես պատրաստ եմ տանել նրանց դիրքեր:

Թե ինչ հանգամանքներում են հայտնվել շրջափակման մեջ՝ մայրը այսպես պատմեց. «Վիրավորներ են ունենում, վիրավորներին նստեցնում են Ուրալ: 10 հոգի են մնում, 5-ը ընկնում են շրջափակման մեջ, 5-ը զոհվում են: Ռաֆս 13 տարվա մարզիկ էր, միջազգային քառակի չեմպիոն, ինքը 2-2 է իջեցրել վիրավոր զինվորներին: Վահանյանի հրամանով երեխեքի կեսը գնում են պարսպի մոտ, վերեւից թուրքն իջնում է: Երեխեքը ցրված են եղել, ամեն մեկն ինքնագլուխ վազել է մի տեղ, որ իրեն պաշտպանի»:

Հարցին՝ ո՞ր վայրում են հայտնվել շրջափակման մեջ, նա պատասխանեց՝ Հադրութի սպիտակ եկեղեցու տարածքում՝ ձորակի մեջ. «Երբ Ռաֆին հարցրեցի՝ դու կարա՞ս դուրս գաս, ասեց՝ ես ընկերներիս ո՞նց թողնեմ արյունահոսող ու դուրս գամ: Չէր կարողանում երեխեքին թողներ, ասեց՝ գոտիս եմ հանել, Երվանդին եմ կապել, որովհետեւ արնահոսում էր, մեկն էլ կար Կարմիր շուկայից, ինքն էլ էր արնահոսում, մնացածին չեմ հիշում:

Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031