Մինչեւ դատարան ներկայանալն իմ նախաքննական ցուցմունքը որեւէ մեկի հետ չեմ քննարկել, Բարսեղ Բեգլարյանի հետ չեմ հանդիպել. այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ շարունակվող «դիզվառելիքի գործով» դատական նիստի ժամանակ հայտարարեց վկա Յաշա Խաչատրյանը: Թե գյուղնախարարության այդ ծրագրից, «Ֆլեշ» ընկերությունը որքա՞ն շահույթ է ստացել, վկան, որ եղել է «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն եւ տնօրեն, ասաց, որ հստակ չի կարող ասել, համենայնդեպս, իրենք մոտավոր հաշվարկներում ակնկալել են մեկ լիտրի դիմաց 15-20 դրամ շահույթ, բայց քանի որ ծրագրի իրականացման ընթացքում դիզվառելիքի միջազգային գները փոփոխվել են, եղել է շրջան, որ իրենք մինչեւ 35 դրամ շահույթ են ստացել մեկ լիտրի դիմաց:
«Ֆլեշ» ընկերության՝ գյուղնախարարություն ներկայացված գնային առաջարկի հայտում, դիզվառելիքի որակական հատկանիշների մասին ամրագրումներ չկան, սակայն դատարանում վկան հայտարարել էր, որ բոլոր մրցույթների ժամանակ նաեւ որակական հատկանիշներին են ուշադրություն դարձնում. մեղադրողը հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչո՞ւ որակական հատկանիշների մասին ամրագրումներ չկան, եթե վկան կարծում է, որ նաեւ այդ հանգամանքն է նշանակություն ունեցել հաղթելու համար: Վկան ասաց, որ փոխնախարար Սամվել Գալստյանի հետ զրույցում նա ասել է, որ իրենք ակնկալում են, որ նորմալ որակի վառելիք պետք է ներկրվի, որպեսզի գյուղացիները որակի առումով բողոքներ չունենան, ուստի իրենք բոլոր հաշվարկները արել են՝ նաեւ ներկրվող դիզվառելիքի որակական հատկանիշները նկատի ունենալով: Վկան ասաց նաեւ, որ ընկերությունն օրական 2000-2500 տոննա դիզվառելիք կարող էր ներկրել եւ պահեստավորել, նաեւ մեծ ավտոպարկ ունեին:
Վկան՝ դատախազի հարցին ի պատասխան, անդրադարձավ նաեւ Սեւան Քոչարյանին ուղղված իր զանգի բովանդակությանը. «Շփում չի եղել ընենց, բայց ինձ ասել են հունվարի 25-ին դու զանգել ես, հնարավոր է, որ զանգած էլ լինեմ, ժամը 18.00-ին ես իմացել եմ արդեն, որ մենք ենք հաղթել, բայց ով ինչ գին է տվել՝ չեմ իմացել: Սամվելն ասեց՝ չորս հոգի մասնակցել են, ասել եմ՝ ով են մասնակցել, անուններն է տվել, թե ով ինչ գին է տվել, չի ասել: Ես որ տեսա՝ Սեւանը մասնակցում ՝, վաբշե գժվա էլի, ասեցի՝ սա ինչի՞ ՝ էստեղ, էս ծրագրին ինքը վաբշե չի կարա մոտիկանա…
Զանգեցի, ասացի՝ այ տղա, էս դու ինձ պարտք ես, իմ պարտքերը չես կարողանում տաս, էս ծրագի՞ր ես գնացել: Դու ուժ ունե՞ս էդքան, որ էս ծրագիր ես մտել: Դա իմ խնդիրը չէր, բայց դե հիմա ասել եմ»: Վկան հերքեց Սեւան Քոչարյանի այն հայտարարությունը, որ ինքն իբրեւ ասել է՝ «ՊՆ-ից պրծար, անցել ես գյուղնախարարությա՞նը»: Ասաց՝ «Ես ինչի՞ պիտի նման բան ասեի իրեն: Ասել եմ՝ այ տղա, դու պարտքերդ չես կարողանում փակես…էդ պարտքերով եկել մտել ես մի ծրագրի տակ, որի համար միլիարդավոր դրամներ է պետք է աշխատելու համար: Ես 100 տոկոսով գիտեի, որ Սեւանը չէր կարող բերել էդ վառելիքը, դրա համար եմ նրան զանգել: Ես իրեն ճանաչել եմ, ինքը չէր կարա աներ, եթե իրա կողքին CPS-ը կանգներ, միգուցե կարողանար»:
Կարդացեք նաև
Պատասխանելով մեղադրողի հարցին՝ «Ֆլեշ» ընկերության եւ Սեւան Քոչարյանի ներկայացրած գնային առաջարկի տարբերության մասին՝ 457 եւ 420 դրամ, հարցին էլ, Յաշա Խաչատրյանն ասաց, որ 420 դրամ՝ իրանական վառելիքի համար, որը նաեւ որակական հատկանիշներով է զիջում ՌԴ-ից եւ Եվրոպայից ներկրված վառելիքին, չափազանց բարձր գին է. Իրանից բերված վառելիքի մեկ լիտրն առավելագույնը 390 դրամ արժեր:
Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը Յաշա Խաչատրյանից հետաքրքրվեց՝ քանի որ գործի էությունն այն է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցում է տվել Սերգո Կարապետյանին՝ արտոնություն տալ «Ֆլեշ» ընկերությանը, հովանավորել է այդ ընկերությանը, ընկերությունն ունեցե՞լ է արտոնություններ: Մեղադրողը առարկեց հարցի դեմ, քանի որ իր կարծիքով, հարցը վկային վերաբերելի չէ: Դատավորը առարկությունն ընդունեց մասնակի եւ վերաձեւակերպեց պաշտպանի հարցը՝ «Ֆլեշ» ընկերությունը հովանավորվե՞լ է պետության կողմից, արտոնյալ պայմաններ ստացե՞լ է: Վկան պատասխանեց. «Իհարկե՝ ոչ: Արտոնյալ ոչ մի պայման չի եղել: Եթե հովանավորչություն եք ասում, եթե հովանավորվեինք՝ 470 դրամ կդնեինք, շահույթ շատ կստանայինք»:
Դատարանում իրավիճակը լարվեց, մեղադրողը վեճի մեջ մտավ վկա Յաշա Խաչատրյանի եւ պաշտպան Ամրամ Մակինյանի հետ: Խնդիրը վերաբերում էր «ձմռանը դիզվառելիք» եւ «ձմեռային դիզվառելիք» եզրույթներին, դրանց տարբերությանը: Վկան պնդեց, որ հնարավոր չէ՝ Իրանից ու Իրաքից ներկրել ձմեռային դիզվառելիք: Յաշա Խաչատրյանը պատասխանեց նաեւ ծրագիրն ամբողջությամբ չիրականացնելու մասին հարցին՝ մանրամասնելով, որ մատակարարումներ իրականացրել են այնքան, որքան գումար է իրենց փոխանցվել է:
Մեղադրող դատախազը հայտարարեց, որ վկայի նախաքննական ցուցմունքների եւ այսօր, դատարանում արած հայտարարությունների մեջ հակասություններ կան, խնդրեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները: Դատավորը թույլատրեց, թեեւ իր կարծիքով վկայի ցուցմունքներում էական հակասություններ չկան: Խնդրահարույց հատվածը վկայի՝ Սեւան Քոչարյանին արված զանգին: Առաջին նախաքննական ցուցմունքում վկան ասել է, որ Սեւան Քոչարյանին չի զանգահարել, ապա, երկրորդ հարցաքննության ժամանակ, երբ քննիչը որոշ հանգամանքներ է հիշեցրել զանգի հետ կապված՝ ինքը վերհիշել է այդ դրվագը եւ մանրամասներին անդրադարձել:
Հաջորդ նիստը կկայանա մարտի 23-ին՝ 14:00-ին:
Հիշեցնենք, այս գործով մեղադրանք է առաջադրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ