Գյումրու պարեկների կողմից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են 36 և 37-ամյա տղամարդիկ։ Նրանցից երկուսի մոտ էլ հայտնաբերվել է մարիխուանա։
Ինչպես բազմիցս նշել ենք, թմրանյութի այս տեսակը մեծ տարածում ունի Գյումրիում, որքան էլ ցավալի է, այն օգտագործում են նույնիսկ դպրոցահասակները՝ 16-17 տարեկան պատանիներ։
Գյումրիին առնչվող ոստիկանության պաշտոնական լրահոսը հեղեղված է մարիխուանա պահող ու օգտագործող երիտասարդների պատմություններով, այդ թվում՝ անչափահասների։
Իսկ թե ինչու հենց մարիխուանա, այն կարծես էժան է նստում թմրամոլների վրա, ինչպես շատ հաճախ խոստովանում են իրենց ցուցմունքներում, թմրանյութի այս տեսակը երբեմն սեփական ձեռքերով են պատրաստում՝ աճեցնելով իրենց իսկ կանեփի դաշտերում։ Իհարկե, քիչ չեն նաև այն դեպքերը, երբ օգտվում են թելեգրամյան ալիքների առաջարկներից։
Կարդացեք նաև
Ոստիկանության պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք․ « Մարտի 5-ին Շիրակի մարզի պարեկները Գյումրիի Երևանյան խճուղում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ: Ձերբակալվածի հայտնածով՝ զանգվածը թմրանյութ է:
Մարտի 7-ին էլ Շիրակի պարեկները Գյումրիի Մուշ-2 թաղամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել 34-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված:
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը շատ հաճախ ուժեղացված ծառայություն է իրականացնում Գյումրիում, որի ժամանակ ոչ միայն խուզարկում են ավտոմեքենաները, այլ՝ անցորդներին։
Մեկ շաբաթ առաջ ոստիկանները բավականին մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, նաև թմրամիջոց էին հայտնաբերել՝ շատերին բերման ենթարկելով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ