Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ-սփյուռք անջրպետը հաղթահարելու միակ ճանապարհը միասնական շահերն են»․ Արամ Աբրահամյան

Մարտ 09,2023 18:55

«Ինտելեկտուալ բանավեճերը բավականին բուռն էին։ Այնպես չէ, որ մենք հավաքվում ենք համաձայնելու։ Հավաքվում ենք վիճելու, բայց ստեղծելու այն մթնոլորտը, որի միջոցով այդ վեճի արդյունքում մեկ ընդհանուր գիծ կմշակվի»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Ապագա Հայկականը» համաժողովի «Հայաստան-Սփյուռք միասնականություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Արամ Աբրահամյանը։ Այս եւ մյուս փորձագիտական խմբերը վերջին ամիսներին մասնագիտական քննարկումներ են ունեցել, խնդիրներ ու լուծումներ առանձնացրել։

Հիշեցնենք, որ մարտի 10-12-ը կայանալու է «Ապագա Հայկականի» համաժողովը, որն առաջին համահայկական քաղաքացիական համաժողովն է լինելու։

Արամ Աբրահամյանը նշեց․ «Մեր քննարկումներում անընդհատ հարցադրումներ էին ի հայտ գալիս՝ ո՞վ է հայը, ի՞նչ է Հայաստանը, ո՞վ է սփյուռքահայը։ Այստեղ նույնպես տարբեր մոտեցումներ ունենք։ Ասել, որ ունենք վերջնական որոշում, այդպես չէ, բայց գլխավոր գաղափարը սփյուռքի հայաստանակենտրոնությունն է։ Մասնակիցներից մեկն ասաց, որ Հայաստանը մագնիսն է, իսկ սփյուռքի համայնքները՝ մետաղի կտորներ, որոնք պետք է միավորվեն։ Այո, Հայաստանի պետականությունը որոշակի ճգնաժամ է ապրում, եւ սփյուռքը կարող  է լինել այն արյունատար անոթը, որը կարող է օգնել փորձառությամբ։ Պատահական չէ, որ խոսվում է օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք սփյուռքահայերին հնարավորություն կտան քաղաքական որոշումներին մասնակցելու։ Այս հարցում էլ կարծիքները տարբեր են»։

Հարցին՝ ինչպե՞ս հաղթահարել ՀՀ-սփյուռք հարաբերություններում առկա անջրպետը, Արամ Աբրահամյանը պատասխանեց․ «Համաձայն եմ, որ կա անվստահություն եւ անջրպետ, որոնք ոչ թե այսօր են ի հայտ եկել, այլ այս 30 տարում եւ դրանից առաջ, երբ սփյուռքը մեզ համարում էր, կներեք արտահայտության համար, «գցող եւ փող կորզող», իսկ հայաստանցիները սփյուռքահայերին դիտարկում են որպես «ուտող-խմող եւ ժլատ»։ Անջրպետը հաղթահարելու միակ ճանապարհը միասնական շահերն են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031