Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղ կարգավորում` իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա. Արցախի ԱԳՆ-ն` Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության հնարավորության մասին

Մարտ 09,2023 18:33

Արցախի ԱԳՆ պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին

– Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն Արցախի իշխանությունները հակամարտության կարգավորման նպատակով Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսություն վարելու միջազգային միջնորդների վերջին առաջարկությունների վերաբերյալ։

– 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են բացառապես հումանիտար, ենթակառուցվածքային և բնակչության կենսագործունեության հետ կապված այլ հրատապ խնդիրներին առնչվող հարցեր։ Վերջին նման հանդիպումը կայացել է 2023 թ․ մարտի 1-ին, որի ընթացքում քննարկվել են հումանիտար հարցեր՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման անհրաժեշտության համատեքստում։

Ակնհայտ է, որ հրատապ խնդիրների լուծմանն ուղղված նման քննարկումները կողմերի միջև չեն կարող փոխարինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կայուն և համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ լիարժեք խաղաղ բանակցությունները:

Արցախը շարունակում է հավատարիմ մնալ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը  պետք է հիմնված լինի ոչ թե ռազմական ուժերի հարաբերակցության կամ ուժի կիրառման արդյունքների օրինականացման, այլ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների՝ այդ թվում իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա։ Այս սկզբունքները պաշտպանելու լավագույն տարբերակն է միջազգային հանրության ներգրավումը Ադրբեջանի հետ քննարկումներում։

Մենք բազմիցս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ենք այն փաստի վրա, որ բանակցությունները պետք է տեղի ունենան համաձայնեցված՝ միջազգայնորեն ճանաչված ձևաչափով, որի շրջանակներում կապահովվեն պայմաններ և երաշխիքներ կողմերի՝ ստանձնած պարտավորություններն անշեղորեն  կատարելու համար։ Այս առումով, նախ անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման վրա։ Հենց դա կլինի խաղաղ գործընթացին կողմերի բարեխիղճ մոտեցման գլխավոր ցուցիչը։ Միայն դրանից հետո կարող են ձևավորվել բարենպաստ պայմաններ մյուս բոլոր խնդիրների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, նրանց իրավունքների՝ ներառյալ ազատ կամաարտահայտման իրավունքի առանց սահմանափակումների իրացման հետ կապված հարցերի քննարկման համար։

Համոզված ենք, որ առանց այս կարևորագույն հարցերի լուծման անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորմանը:

Ցանկանում ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ մի կողմից Ադրբեջանը հայտարարում է Արցախի հետ երկխոսության պատրաստակամության մասին, մյուս կողմից՝ գրեթե երեք ամիս շրջափակման մեջ պահում նրա ժողովրդին, ահաբեկչական հարձակումներ կազմակերպում նրա դեմ և հանդես գալիս առավելապաշտական պահանջներով՝ փորձելով ճնշումներ գործադրել և ուժի կամ ուժի սպառնալիքի լեզվով հասնել իր նպատակներին։

 

 Արցախի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031