Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սեւան Քոչարյանը, որտեղ որ աշխատել է, քցել է բոլորին». «դիզվառելիքի գործով» նիստի ժամանակ հայտարարեց վկա Յաշա Խաչատրյանը

Մարտ 09,2023 18:20

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, այսօր դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ շարունակվեց «դիզվառելիքի գործով» դատական նիստը: Դատարանում հարցաքննվեց Եղիշե Խաչատրյանը: Նա «Ֆլեշ» ընկերությունում աշխատել է մինչեւ 2021 թվականը, 2019 թվականին եղել է ընկերության տնօրենի տեղակալ: Եղիշե Խաչատրյանը պատմեց, որ սկզբում չէր էլ հիշում գյուղնախարարության մրցույթի մասին, բայց նախաքննության ընթացքում որոշ փաստաթղթեր տեսնելուց հետո, հիշել է, որ «Ֆլեշ» ընկերությունը գնային առաջարկ է ներկայացրել այդ մրցույթում. «Հնարավոր է, որ իրենք կառավարության որոշումով այդ գործընթացը տվել են «Ֆլեշ» ՍՊԸ-ին՝ կատարելու համար»:

Նա հայտարարեց, որ նախաքննության ընթացքում հարցին՝ ինչպե՞ս է եղել, որ ամենաբարձր գին առաջարկած ընկերությունն է մատակարարումն արել, ինքը պատասխանել է՝ հնարավոր է, որ հաշվի է առնվել «Ֆլեշ» ընկերության փորձը, հմտությունները, մատակարարվող վառելիքի որակը: Պայմանագիրն էլ գյուղնախարարության հետ, ինքն է ստորագրել ու սկսել են գործընթացը:

Նա դատարանում էլ պնդեց, որ ընկերության փորձը մեծ է, շատ բազաներ ունեն եւ միշտ պահեստավորած վառելիք են ունեցել՝ վկայակոչելով նաեւ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը, որի ժամանակ ընկերության պահեստավորած վառելիքի արդյունքում Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չի զգացվել: Նա կարեւորեց նաեւ դիզվառելիքի որակի հարցը՝ պնդելով, որ իրենց ընկերության ներկրած վառելիքը բարձր որակի է եղել ու մանրամասնեց թե հատկապես ի՞նչ որակի դիզվառելիք է ներկրել «Ֆլեշ» ընկերությունը, որը համապատասխանում է գործող եվրոպական չափանիշներին: Եղիշե Խաչատրյանը նաեւ հավելեց, որ Իրանից ներկրվող վառելիքը էականորեն զիջում է իր որակով այն վառելիքին, որը որ ներկրում էր «Ֆլեշ» ընկերությունը:

«Ֆլեշ» ընկերության առաջարկած գինը՝ 455 դրամ մեկ լիտրի դիմաց, պայմանավորված է եղել նաեւ դիզվառելիքի որակական հատկանիշներով. «Սեւանը չէր կարող այդպիսի վառելիք բերել, քանի որ պարսկական էր բերում միշտ: Ես համոզված եմ, իրանք որ արդեն տեսել են, որ իրանց չեն տվել, ուրախացած կլինեին իրանց մեջ, քանի որ էդ որակական հատկանիշներին չէին կարա բավարարեին: Այդպիսի դիզվառելիք Իրանից չէին կարող բերել, որ համապատասխաներ ձմեռային պայմաններին, մենք բերում էինք Եվրոպայից:

Ընթացքում, որ միջազգային գները սկսեցին իջնել արդեն, մենք աշնան մատակարարումների համար տվեցինք արդեն, որ 15 դրամ էժան կարող ենք տալ՝ դուք որոշեք՝ սուբսիդիաներից եք էժանացնո՞ւմ, թե՞ գյուղացիներին վաճառվող գնից: Իրենք որոշել են սուբսիդիայից՝ 105 դրամը դարձնելով 90 դրամ»: Նա համոզված է, որ Սեւան Քոչարյանի ընկերությունը չէր կարող ծրագրի պայմաններն ապահովել, քանի որ դա ի վիճակի էին անել միայն շուկայում գործող խոշոր ընկերությունները՝ «Ֆլեշ»-ը եւ CPS-ը, բայց վերջինս, իր տեղեկություններով, ավելի բարձր գին էր առաջարկել, ուստի այդ մատակարարումը տրվել է «Ֆլեշ» ընկերությանը:

«Ես քննիչին Սեւանի մասին շատ բան չեմ պատմել, չեմ ուզեցել… առանձին իրեն ասել եմ, որ սենց-սենց, բայց չի գրանցվել, չեմ թողել, որ գրանցի: Սեւանը, որտեղ որ աշխատել է, քցել է բոլորին: Աշխատում էր ՎԻԱԴ ֆիրմայում, հանեցին, որովհետեւ քցել էր իրանց: Յուղի ֆիրմա էր հիմնականում, բայց դիզվառելիքով էլ էր զբաղվում: Սեւանը դիզվառելիքից բան չի հասկանում, ինքը գիտի՝ դիզվառելիքը ապրանք ա, որն առնում-ծախում են, բայց թե դա ինչ ապրանք ա, իր պարամետրերն ինչ են… ապրանքը, որ առնում էինք, գործարանային սերտիֆիկատները հետո ուղարկում էինք, իսկ ինքը մի հատ գործարանային սերտիֆիկատ չի էլ տեսել, Պարսկաստանը մի հատ թուղթ ա ուղարկում, ընդհանրապես, որը որ… ոչ մի պարամետր, կարելի է ասել, չկա: Նախ էդքան դիզել՝ 17 հազար լիտր, 3-4 ամսվա ընթացքում, Իրանից անհնար է բերել, եթե հույսը դրել էր, որ… ֆիզիկապես անհնար էր, չէր հասցնի, մաքսատունը չէր հասցնի: Ինքը ո՞նց էր բերելու ապահովեր:

Մեղրիում, Ագարակում, մարդիկ կային, որ դիզվառելիքով էին զբաղվում, Իրանից բերում էին, իրանք Սեւանից շատ էին բերում եւ իրենց հետ էլ էր համագործակցում, քցել էր մեկին, Աբովյանում կալոնկա ուներ ինքը եւ հետեւն էլ փոքր բազա ուներ, ձեռից առել էր: Եթե աշխատող էր ինքը, ինչի՞ 2018 թվից չէր սկսում բերել, լավ  էն ժամանակ մենք խանգարում էինք, ենթադրենք, բա 2018 թվականից հետո ինչի՞ չի բերել ոչ մի բան»,- հայտարարեց Յաշա Խաչատրյանը:

Մեղադրողի հարցին՝ ինչո՞ւ նախաքննության ժամանակ այդ տեղեկությունները Սեւան Քոչարյանի մասին չի հայտնել, Յաշա Խաչատրյանն ասաց, որ չգիտեր, որ այս գործը լուրջ գործ է:

Հիշեցնենք, այս գործով մեղադրանք է առաջադրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031