Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության՝ դատապարտյալների փոխանցման հարցերին և պրոբացիայի ոլորտներում երկու երկրների միջև ձեռքբերված համագործակցությանն ու փորձի փոխանակմանը:
Վրացի գործընկերներին են ներկայացվել նաև իրավական, դատական հանրային կառավարման բարեփոխումներին և էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հարցերը: Քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկներում կիրառվող գերժամանակակից սարքավորումների ձեռքբերման հնարավորություններին առնչվող հարցեր, ինչպես նաև այնպիսի համակարգի ներդնում, որը կբացառի ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձանց հասանելիությունը բջջային և ինտերնետ ցանցին:
Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Գրիգոր Մինասյանը կարևորել է երկու հարևան պետությունների բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև իրավունքի գերակայության ու դատաիրավական համագործակցության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը: Դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել է, որ հայ-վրացական բարեկամությունը հարուստ պատմություն ունի՝ ինչն էլ կարևոր հանգամանք է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման համար։
Կարդացեք նաև
Արդարադատության նախարարը բարձր է գնահատել նաև փոխադարձության սկզբունքով իրականացվող հայ-վրացական իրավական ֆորումները, որոնք տեղի են ունենում Երևանում և Թբիլիսիում:
Նախատեսվում է, որ հաջորդ՝ հինգերորդ իրավական համագործակցության ֆորումը տեղի կունենա 2023թ.-ին՝ Երևանում:
Երկու կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրավական դաշտում նպաստելու հայ-վրացական հարաբերությունների խորացմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ