Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդհանրապես անթույլատրելի է դատավորներին ավազակներ անվանելը՝ նույնիսկ Հայաստանում». Զարուհի Նախշքարյանը՝ Կարեն Անդրեասյանի հայտարարությունների առիթով

Մարտ 09,2023 17:43

«Թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛ ԳՐԵԿՕ-ն, թե՛ այլ կազմակերպություններ, որոնք զբաղվում են դատական իշխանության անկախության հարցերով, այդ թվում խոսքի ազատության հարցրով, բազմիցս հրավիրել են հայաստանյան իշխանությունների ուշադրությունն այն հարցին, որ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ հարուցելու մեխանիզմը չի կարող չարաշահվել և չի կարող մշտապես կիրառելի լինել»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը:

Հիշեցնենք՝ ԲԴԽ-ն որոշեց դադարեցնել նրա լիազորությունները:

Նա հիշեցրեց՝ 2018-ին, երբ որոշակի իրադարձություններ նաև եղան ՀՀ քաղաքական դաշտում, մշտապես կարծես թե հետևողականորեն սկսվեց դատական իշխանությանը հեղինակազրկելու գործընթացը. «Կոնկրետ իմ մասով լիազորությունների դադարեցումն արդարադատության նախարարի վարկածով իրականացվել է հենց այն պատճառով, որ ես իբր հեղինակազրկել եմ դատական իշխանությունը: Բայց կարող ենք տեսնել, թե հեղինակազրկումը որտեղից է գալիս: Սկսեցին պարսավելի արտահայտություններ հնչեցնել դատավորների և դատական իշխանության նկատմամբ: Ուժային կառույցների, դատախազների աշխատավարձերը շեշտակի ավելացան, այն դեպքում, երբ դատավորները շարունակում են չնչին աշխատավարձով կատարել իրենց առաքելությունն այս ծավալների պայմաններում: Այդ ամենը կատարվում է պետական մակարդակով: Կարգապահական վարույթները շեշտակի աճեցին: Արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ հարուցելու գործիքը դարձել է կոնկրետ մահակ յուրաքանչյուր դատավորին վերաբերող: Դա վտանգում է բոլորին անխտիր, բայց ընտրովի սկզբունքով»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ էին զրուցել Կարեն Անդրեասյանի հետ առանձնազրույցում, որից հետո Զարուհի Նախշքարյանը մնաց՝ լրագրողի ձևակերպմամբ՝ քաղաքական իշխանության, հատկապես Կարեն Անդրեասյանի կոկորդին, դատավորը պատասխանեց. «Առանձնազրույցի՝ իմ հիմնական նկատառումը եղել է այն, որ քանի դեռ ծանրաբեռնվածության խնդիրը Երևանի քաղաքացիական դատարանում չի լուծվել, կարգապահական վարույթները պետք է սահմանափակել կամ զերծ մնալ այդ հիմքով կարգապահական վարույթների հարուցումից այն պարագայում, քանի դեռ օրենսդրորեն լուծում չի ստացել»: Հարցին՝ իսկ ինչպե՞ս էր արձագանքել Կարեն Անդրեասյանը, տիկին Նախշքարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող բարձրաձայնել այն, ինչ պարոն Անդրեասյանի հետ առանձնազրույցում լսել եմ, բայց համենայն դեպս, ինչպես հետագա ընթացքը ցույց տվեց՝ իմ հորդորն այս մասով մնաց անհետևանք»:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ ինքնաբացարկ հայտնած դատավորը պետք է ասի՞՝ ինչու է ինքը ինքնաբացարկ հայտնում Ձեր գործով, Զարուհի Նախշքարյանն այսպես արձագանքեց. «Ես իր տեղը կանեի: Ես կբարձրաձայնեի և կհրապարակեի այդ պատճառը»:

Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանն էլ այս հարցի առիթով ասաց. «Մենք այս կեղծ ազնվության հետ առնչվեցինք, երբ անձը խոստովանեց, որ կատարել է արտահայտություններ, որոնք անհամատեղելի են իր անաչառության հետ, և ինքը բացասական, կանխակալ վերաբերմունք ունի տիկին Նախշքարյանի նկատմամբ: Բայց հասկանալի պատճառներով չշարունակեց և չմանրամասնեց կանխակալության հիմքը: Բայց պարտավոր էր: Ինքնաբացարկի հիմքերը պետք է հստակ լինեն: Իմ գնահատականն է, որ այս կեղծ ազնվությամբ անվտանգության բարձիկներ է տեղադրել և անմասն մնացել մի արատավոր գործընթացից, որը հետևանքներ է ունենալու»:

Հարցին՝ ի՞նչ քայլերի են դիմելու, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Մենք օգտագործելու ենք բոլոր մեզ հասու գործիքները՝ ՄԻԵԴ, չենք բացառում նաև ներպետական գործիքների կիրառումը: Չենք բացառում, որ ՍԴ դիմում կլինի, բայց ՄԻԵԴ-ը կա ու կա»:

Հիշեցմանը՝ Կարեն Անդրեասյանը ՄԻՊ եղած ժամանակահատվածում հետազոտություն էր արել դատավորների վերաբերյալ և հրապարակել էր տվյալներ, թե որ դատարանում կոռուպցիոն ինչ գներ են և այլն: Հարցին՝ հիմա, երբ որևէ գործ հայտվում է ԲԴԽ-ում, Կարեն Անդրեասյանն իր մտքում գիտի՝ այդ դատավորներն այդ ցանկում կան, թե՝ ոչ, ուստի այս հանգամանքը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նրա քվեարկության վրա, արդյոք նա կարո՞ղ է անաչառ լինել, Զարուհի Նախշքարյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ Դատավորների միությունը, մի շարք անհատ դատավորներ անդրադարձել են այդ ցանկի վերաբերյալ քննարկումներին, նրա հարցազրույցներին՝ 40 ավազակներ, կաստա և այլն: Նախ իմ կարծիքով ՝ընդհանրապես անթույլատրելի է դատավորներին ավազակներ անվանելը նույնիսկ Հայաստանում, եթե նույնիսկ դա անում է նախկին ՄԻՊ-ը, կամ արդարադատության նախարարը կամ հետագայում ԲԴԽ նախագահը: Այդ քառասուն հոգանոց, քսան հոգանոց, չգիտեմ՝ քանի հոգանոց ցանկերի բովանդակության մասին այդպես էլ չկարողացանք պարզել: Հիշում ենք, որ 2018-ին և դրանից հետո, այդ թվում պարոն Անդրեասյանը իր հրապարակային ելույթներում բարձրաձայնել է, որ հիմնական դատական իշխանության խնդիրը կոռուպցիան է… Եվ պարզվեց, որ դրա հետ որևէ առնչություն չուներ իրական պայքարը: Խնդիր չկար կոռուպցիայի հետ, անբարեխղճության հետ, անհրաժեշտություն կար ԲԴԽ-ին, արդարադատության նախարարին, օրենսդրական նախաձեռնողներին չքննադատել: Եթե ես չքննադատեի, միգուցե իմ ներկայությունը դատական համակարգում հանդուրժվեր»:

Հարցին՝ իսկ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք Ձեր դեմ իրականացվող գործընթացում և դա կապ ունի՞, որ Ձեր հայրը՝ Ռուբեն Սահակյանը, եղել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, Զարուհի Նախշքաւրյանը պատասխանեց. «Լուսահոգի Ռուբեն Սահակյանը ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է եղել, այլև միշտ դիմակայել է ցանկացած ճնշումների՝ որպես փաստաբան: Չեմ բացառում դա, բայց, համենայնդեպս, դրա մասին չի հնչեցվում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031