Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Սերժ Սարգսյանը խնդիր ունենար մեկի «ջեբը գցելու», ապա ապրիլի 9-ից հետո վարչապետ չէր առաջադրվի». Էդուարդ Շարմազանով

Մարտ 09,2023 17:19

«Խեղկատակություն, պլանավորված դավաճանություն եւ թուրքական օրակարգի իրականացում». այսօր լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը: Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը մասնավորաբար ասել էր, որ «Մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում: Առաջինը՝ ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է»: Նաեւ հիշեցրել, որ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն նախորդ օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն շարունակելու խոսակցությունն Ադրբեջանի հետ, որը չափազանց կարևորեց․ «Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան ու ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա և այն միջազգային պայմանավորվածության իրականացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ»:

Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը գործի է դնում նույն սցենարը, ինչը կիրառել էր 44-օրյա պատերազմում՝ իբր ազգային, հայրենասիրական, հակաադրբեջանական կոչերով այն ժամանակ կապիտուլյացիա բերեց, հիմա էլ հող է նախապատրաստում՝ նոր պատերազմի եւ երկրորդ կապիտուլյացիայի համար. «Նրա այսօրվա ելույթը ամենեւին հակադրբեջանական չէր, ավելին հայաստանակենտրոն, հայամետ էլ չէր: Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ իր վարկանիշը իջել է պատմական նվազագույնի, շատ լավ հասկանում է, որ այսպես շարունակվելու պարագայում իրեն վռնդելու են, նա այլեւս իշխանություն չի ունենալու եւ, հետեւաբար, մի կողմից խոնարհաբար կատարում է Ալիեւին եւ Էրդողանին (տված խոստումը)՝ այլեւս չխոսել Արցախի անկախությունից, ինքնորոշման իրավունքից եւ խելոք իրականացնել Բաքու-Ստեփանակերտ իբրեւ թե երկխոսության ադրբեջանահպատակ ծրագիրը»:

«Երբ Նիկոլը խոսում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին ու սա փորձում է ներկայացնել, որպես փրկօղակ՝ ուզում եմ ասել, որ դա փրկօղակ չէ, դա թակարդ է, որտեղից որեւէ մեկը դուրս չի գալու։ Դա թակարդ է Արցախի ինքնորոշման իրավունքի համար, եւ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար փորձում է հայությանն ու արցախահայությանը մոլորության մեջ գցել։ Ոչ մի Խաղաղության պայմանագիր, օրակարգ գրոշ չարժե եւ չի կարող արդյունավետ լինել, եթե այնտեղ ներառված չեն հիմնարար սկզբունքները եւ դրանցից ամենակարեւորը՝ ինքնորոշման իրավունքը։ Եթե չկա Արցախի ինքնորոշման իրավունք, ուրեմն՝ ոչինչ չկա»:

Անդրադառնալով քաղաքական դաշտում դեռեւս շրջանառվող այն թեզին, թե Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, որպեսզի հրաժարվի կապիտուլյացիան իր ձեռքով ստորագրելուց, Էդուարդ Շարմազանովը այն որակեց՝ «ողորմելի ապուշություն»։

«Սերժ Սարգսյանն իր նախագահության ժամկետն ավարտում էր 2018 թվականի ապրիլի 9-ին, եթե նա խնդիր ունենար մեկի «ջեբը գցելու», ապա ապրիլի 9-ից հետո վարչապետ չէր առաջադրվի։ Նրա նախագահության ժամկետն ապրիլի 9-ին ավարտվելու էր, կասեր՝ ես գնացի, ով ինչ ուզում է՝ գա անի։ Բան եք հորինում, մի քիչ խելքին մոտ բան հորինեք։ Եվ երկրորդը՝ լրիվ հակառակն է տեղի ունեցել՝ այո, իր նախագահության ժամկետի ավարտվելուց հետո, Սերժ Սարգսյանը մնաց ու առաջադրվեց վարչապետի պաշտոնում, որպեսզի այսօր Հայաստանն ու Արցախը այսպիսի ողորմելի վիճակում չլինեին։ Նա մնաց, ու նրա առաջադրվելու միակ շարժառիթն արցախյան խնդրի լուծումն էր, ինչի մասին խոսել է եւ (ԵԱՀԿ Մինսկի խմբի) ռուս համանախագահ Պոպովը, եւ երկու համանախագահները, եւ Նալբանդյանն ու Լավրովը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031