«Պետք է տարբերակել քաղաքական կամքը և վերացական ցանկությունները: Վերացական ցանկություն միանշանակ երկու կողմից էլ կա»,- «Մեդիա կենտրոնում» «Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը՝ մարտահրավերներին համարժեքորեն արձագանքելու համար» թեմայով զրույցի ժամանակ կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նա փաստեց՝ Իլհամ Ալիևն ունի որոշ նպատակներ, որոնց պետք է հասնի, կգերադասի այդ նպատակներին հասնել խաղաղ ճանապարհով, Նիկոլ Փաշինյանն էլ շահագրգռված է, որ լինի խաղաղություն և պատրաստ է գնալ որոշ փոխզիջումների, որոնք Բաքվի և Երևանի կողմից անհրաժեշտություն են:
Ըստ Բորիս Նավասարդյանի՝ քաղաքական կամքը ենթադրում է շատ վճռական գործողություններ, երբ քաղաքական առաջնորդներն այդքան ուշադրություն չեն դարձնում՝ ինչպիսի հակառակորդներ ունեն իրենց ներսում և իրականացնում են նպատակը վճռական գործողություններով և պատկերացնելով, որ դրան կլինի դիմադրություն և կլինեն հակասական մոտեցումներ. «Այդպիսի քաղաքական կամք մենք չենք տեսնում, որովհետև բավականին ոչ հետևողական է ՀՀ դիվանագիտությունը վերջին տարիներին, անընդհատ մեկ բանակցային հարթակից տեղափոխվում ենք մեկ այլ հարթակ, և, բնականաբար, դա չէր կարող լուծումներին նպաստել: Դա ամեն դեպքում ուներ բավականին հզոր սուբյեկտիվ բաղադրիչ, որոշակի զգուշավորություն, վճռականության բացակայություն, դա դրդում էր նրան, որպեսզի մեկ մի հարթակի ճնշմանը ենթարկվենք, մեկ՝ մյուս: Ադրբեջանի պարագայում քաղաքական կամքի բացակայության արտահայտումն այն է, որ այնտեղի քաղաքական վերնախավը մտածում է՝ ամեն դեպքում ռազմական ձևով հարցի լուծման ճանապարհ կա, ինչո՞ւ գնալ փոխզիջումների, եթե կարելի է ստանալ ամեն ինչ՝ օգտագործելով ռազմական ուժը: Դա խանգարում է, որպեսզի վերացական ցանկությունները վերափոխվեն քաղաքական կամքի»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ի՞նչ տպավորություն ունի հունվարի 10-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ ռազմավարական ներկայության հետ կապված ձևակերպումների հետ կապված, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Բավականին անհաջող ձևակերպում էր Նիկոլ Փաշինյանի կողմից: Այսինքն՝ բուն որոշումը պետք է հիմնավորվեր փաստարկներով. ճիշտ ու ընդունելի էր՝ չանցկացնել ՀՀ-ում այդ զինավարժությունները: Նման զինավարժություններով շահագրգռված չէին ոչ ՌԴ-ն, ոչ ՀԱՊԿ-ը և այլ երկրներ: Հասկանում էին, որ լինելու է լարվածություն և ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում և իրենց՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Սակայն քանի որ ինչ-որ բան պետք է առաջարկեին անվտանգություն երաշխավորելու համար, չի բացառվում, որ կար ներքին համաձայնություն, որ Նիկոլ Փաշինյանն իր վրա կվերցներ այդ պատասխանատվությունը՝ ոչ ասելու: Կարելի էր ավելի հանգիստ, առանց որևէ մեկ ուղղության քար գցելու ներկայացնել իրավիճակը»:
Բորիս Նավասարդյանի փաստմամբ՝ որքան էլ դժգոհ ենք երաշխիքների այն ծավալից, որն ունի ՌԴ-ն, մեր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչն է իր ներկայությամբ:
Հարցին՝ ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհը բացելու համար ՌԴ-ն չի՞ ցանկանում, թե ուղղակի ի վիճակի չէ զոհել իր քաղաքական խնդիրները, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Այո, ՌԴ-ն այսօր այնպիսի վիճակում չէ, որ օգտագործի իր ռազմական կոնտինգենտը, գնա հարաբերությունների սրման Ադրբեջանի հետ: Քանի որ Ադրբեջանը դա գիտակցում է՝ գնալով ուժեղացնում է ճնշումը ռուս խաղաղապահների, Արցախի բնակչության և ՀՀ-ի վրա: Տեսնում ենք՝ այդ ճնշման տարբեր դրսևորումներ: ՌԴ-ն չի կարողանում գտնել լուծումներ, մանավանդ՝ համոզված եմ, որ շատ բաներ Բաքվի ու Մոսկվայի միջև համաձայնեցված են: Հետզհետե ՌԴ-ի մոտեցումներն ավելի են մերձենում Անկարայի և Բաքվի մոտեցումների հետ, որը չէր կարող չարտահայտվել Արցախում տեղի ունեցող իրադարձություններում»:
Ըստ Բորիս Նավասարդյանի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը համարյա իր բոլոր կետերով այսօր չի աշխատում: Նա ասաց. «Եթե չի աշխատում մի պայմանագրային հիմք, որի վրա հիմնված է այսօրվա զինադադարը, ուրեմն պետք է ստեղծել այնպիսի պայմանագրային հիմքեր, որոնք թույլ կտան հնարավորինս անվտանգ եղանակով կառավարել այս զինադադարի վիճակը»:
Ըստ նրա՝ Ադրբեջանի մտահղացումը պարզ է. «Երբ ինչ-որ բան է կատարվում հայ-ադրբեջանական սահմանում, ոտնձգություններ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, ինչ-որ ժամանակ տևում է միջազգային հանրության ակտիվությունը, բանաձևեր են ընդունվում և այլն: Ադրբեջանը շատ լավ սովորել է, որ եթե նոր լիցք այդ գործընթացին չի տրվում, հետո բոլորը հոգնում են, կամ համարում են, որ այդ հայտարարությունն արել են, և որևէ նոր բան չի լինելու: Դա նշանակում է՝ անպայման ինչ-որ խնդիրներ ՀՀ-ն պետք է դնի միջազգային ասպարեզում քննարկման համար, որ այդ ժամանակավոր ակտիվությունը չփոխարինվի հանգիստ իրավիճակով, երբ որևէ պահանջներ Բաքվի նկատմամբ չեն հնչում»:
Իսկ թե ինչու դա չի արվում, Բորիս Նավասարդյանն այսպես պատճառաբանեց. «Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ մեզ մոտ մտածում են՝ եկեք եղածը չփչացնենք՝ նոր հարցեր առաջ տանելով: Սա սխալ մարտավարություն է: Այդ նույն մարտավարությունն էր նաև նախորդ իշխանությունների կողմից կիրառվում Թուրքիայի հետ հարաբերություններում: Այսինքն՝ մտածում էին, որ եթե ցանկանում ենք Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավել, եկեք քիչ խոսենք ցեղասպանության մասին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի