Լրահոս
Օրվա լրահոսը

Ես զգուշացնում եմ, եթե հանկարծ այդ վրանը դուրս եկավ, այդ վրանը գալու է Երևանի կենտրոն. ՊՆ նախկին շենքի բնակիչ

Մարտ 09,2023 16:45

Պաշտպանության նախարարության նախկին շենքի վտարված բնակիչներն այսօր դարձյալ բողոքի ցույց էին անում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Բողոքող քաղաքացիները ոստիկանների միջոցով հանդիպում էին պահանջում կառավարության կամ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ:

«Մեր պահանջը չի փոխվել, մենք ակնկալում են, թեկուզ մինչև հարցի վերջնական լուծումը վերադառնալ մեր բնակարաններ, քանի որ դեռ ավերում են, էդ ավերը դեռ շարունակվում է, ես մի 2 օր առաջ եղել եմ բնակարանում, ամեն ինչ տակնուվրա էր արված, ջարդված, երեխաների շորերի վրա ապակիներ էր բլված-ջարդված: Հիմա ակնկալում ենք, որ կառավարության, իշխանության ներկայացուցչի հետ հանդիպում, որը որ մեզ կլսի ու կհասկանա, ոչ թե նախորդ անգամվա նման ճաշակ կստուգի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Խանզադյան ազգանունով բնակիչը:

Նա լսել է, որ հանրակացարանների սենյակների բանալիներ են բաժանել, հիմա ուզում է հասկանալ, թե քանի բնակչի է հասել այդ բանալիներից, այն դեպքում, երբ ՊՆ շենքում եղել է 127 բնակարան և թե ինչ առաջնահերթություններով են առաջնորդվել: «Ամենակարևորը, ինչո՞ւ են բանալիները բաժանվում ոստիկանների միջոցով ու ինչո՞ւ է ոստիկանությունը բանալիները բաժանելուց ուլտիմատում դնում: Ոստիկաններն ասում են՝ ձեզ բանալի եմ տալիս… 10 հոգանոց ընտանիքին տալիս են 13 քառմ տարածք, այդտեղ, եթե ներքնակները իրար վրա էլ դնեն՝ կքնեն 6 հոգի, էն երկուսին էլ ուլտիմատում է դնում, ասում է. դու գնա մուտքում քնի կամ դրսում քնի, մի արի վրանի տակ, թե չէ՝ վրանը կհավաքենք: Ես զգուշացնում եմ, եթե հանկարծ այդ վրանը դուրս եկավ, այդ վրանը գալու է Երևանի կենտրոն»,-ասաց Խանզադյանը՝ հավելելով, որ իրենք վճռական են իրենց պայքարի մեջ:

Նա տեղեկացրեց, որ ՊԵԿ շենքի դիմաց իրենց նախորդ ցույցից հետո ևս ինչ որ բնակիչների բանալիների բաժանվել են:

«Պատերազմական էս իրավիճակում, էդ ի՞նչ հապճեպություն կար, որ էդ տարածքը տրամադրեին ՊԵԿ-ին, բա 127 ընտանիքներից քանի՞ զինվոր կա, վաղվա քանի՞ կռվող տեսակ կա, խի՞ եք գցում փողոցները, որ վաղը պայքարելու տեղ չունենա՞ն: Ինչի՞ եք առանց համապատասխան կառույցների հետ համագործակցելու, խի՞ եք էդ մարդկանց թողում փողոցը, բա որ վաղը, Աստված մի արասցե՝ մի կռիվ եղավ Ադրբեջանի հետ, ի՞նչ ես անելու, էդ նույն 127 ընտանիքները ֆռռալու են վիզը մտցնեն համապատասխան տե՞ղը, բա անտեր են թողնում, բա ներքին ընդվզումը հենց այդտեղից է սկսվում: Կառավարությո՛ւն, փոխեք ձեր որոշումը, քանի ուշ չէ, թողեք էդ մարդիկ գնան, ապրեն իրենց բնակարաններում»,-ասաց մեկ այլ բնակիչ:

Որոշ ժամանակ անց Խանզադյանը համացանցից տեղեկացավ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, թե անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում շենքի բնակիչների ժամանակավոր կեցությունն ապահովելու ուղղությամբ: Այս հայտարարությունը վրդովեցրեց ցուցարարներին, քանի որ նրանք պնդում էին, որ ավելի քան 20 օրվա ընթացքում, չնայած իրենց ջանքերին՝ նախարարության որևէ աշխատակից չի այցելել իրենց:

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ–ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031