«Հիմնադրել ենք «Ապագա հայկականը» նախաձեռնությունն այն նպատակով, որպեսզի հայկական աշխարհի շուրջ միասնական գիտակցություն ձեւավորվի։ Մտահոգ մարդկանց թիվը 112 000 է, նրանք միացել են այդ նախաձեռնությանը եւ կիսում են մեր մոտեցումները։ Սահմանել ենք 15 նպատակներ՝ ՀՀ-ի եւ հայկական աշխարհի համար, եւ գործընթացին հազարից ավելի նախաձեռնողներ են մասնակցել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց գործարար, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST)» համահիմնադիր, «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ մարտի 10-12-ը կայանալու է «Ապագա Հայկականի» համաժողովը, որն առաջին համահայկական քաղաքացիական համաժողովն է լինելու։
Արթուր Ալավերդյանը նշեց, որ համաժողովի ձեւաչափը նոր է՝ միտված քննարկելու բարդ հարցերը․ այն որոշումներ ընդունելու, լուծումներ փնտրելու միասնական միջոց է․ «Մեր ռազմավարության երեք կարեւոր դրույթներն են՝ կենտրոնացնել նպատակների իրականացումը, կառուցել ենթակառուցվածքներ ու մշակույթ՝ հարգալից ու ազատ բանավեճերի համար, աջակցել երրորդ կողմերին, որոնք կիսում են մեր նպատակները ու պատրաստ են ծրագրեր իրականացնել։ Հույս ունենք, որ համաժողովի արդյունքում կունենանք լուծումներ, որոնք կանցնեն իրագործման փուլ»։
Ըստ Արթուր Ալավերդյանի՝ պետք է նախ առերեսվել իրականության հետ եւ ընդունել, որ շատ բարդ հարցերի շուրջ են քննարկումներ ունենալու․ «Մեր նպատակները լուրջ ճգնաժամային խնդիրներ են։ Ամեն ուղղություն իր ճգնաժամն ունի։ Հեշտ ու արագ լուծումներ չկան։ Լուծումները բարդ որոշումներ են պահանջելու»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ