Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ասեղնագործությունը, որպես ազգային արվեստի դրսևորում. ցուցադրություն «Թեքեյան» կենտրոնում

Մարտ 09,2023 16:40

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ «Թեքեյան» կենտրոնում բացվեց ասեղնագործության վարպետներ Ծովակ Գանթարճյանի, Հուրի և Սալպի Իփեքճյանների և Աիդա Սանթուրյանի՝ «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը։

Ցուցադրված են սփռոցներ, բարձերի ծածկոցներ, խաղալիքներ, պայուսակներ և դեկորատիվ-կիրառական այլ իրեր՝ շուրջ երկու հարյուր աշխատանք, որոնցում արտացոլված են հայկական ասեղնագործության նրբագեղ և յուրահատուկ կողմերը, դարերի պատմություն և նշանակություն ունեցող ասեղնակարերը։ Նրանց աշխատանքները վաղուց հայտնի են ասեղնագործ աշխատանքներ նախընտրողներին, իսկ որոշ աշխատանքներ էլ նվիրաբերվել են համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական և հոգևոր առաջնորդների։

Ասեղնագործության վարպետները ստեղծագործում են արդեն 35 տարուց ավելի։ Տարիներ առաջ Հայաստան են եկել Սիրիայի տարբեր հայաշատ քաղաքներից՝ իրենց հետ բերելով Մարաշի, Ուրֆայի, Վանի, Սվազի, Այնթապի, Վասպուրականի և այլ շրջանների ասեղնագործության ավանդույթները։ Հայաստան տեղափոխվելուց հետո նրանք կատարելագործել են ասեղնագործության հմտությունները՝ իրենց ստեղծագործություններում ավանդականը համադրելով նորաձևի հետ, որ  նոր սերունդը ընդունի և փոխանցի այն սերնդեսերունդ։ Նրանք իրենց առջև խնդիր են դրել զարգացնել և տարածել ասեղնագործությունը՝ իբրև ժողովրդի պատմության և մշակույթի անբաժանելի մաս․ հաճախ են կազմակերպում վարպետաց դասեր՝ նպատակ ունենալով ճանաչելի դարձնել հայկականը, փոխանցել դարերից եկած հզոր մշակույթը, հատկապես՝ ասեղնագործության լավագույն ավանդույթները։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ասեղնագործության վարպետներին ցուցադրության բացման առթիվ և կարևորեց, որ նրանք կարողացել են պահպանել հայ ժողովրդի մշակույթի մի ճյուղը՝ չնայած ժողովրդի նախկին և ներկա ծանր ճակատագրի։

«Ասեղնագործությունը, որպես ազգային արվեստի դրսևորում, հանձին ձեզ՝ ունի և կունենա իր շարունակությունը»,-նշեց ՀԹՄՄ նախագահն ու կարևորեց նաև ասեղնագործության վարպետների մանկավարժական գործունեությունը տարբեր հաստատություններում։

Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունը և հավելեց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փափագն է, որ պահպանվեն և սերնդեսերունդ փոխանցվեն դարերի հոլովույթում ժողովրդի կյանքում ձևավորված նման ազգաշեն ավանդույթները։

Ցուցադրության բացմանը ներկա էր Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, արվեստաբաններ և արվեստասերներ։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031