Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կանչել ենք ՀՔԾ՝ ասել են, այս ամենի գինը ընդամենը մեկ-երկու ստորագրությունն է». Աննա Մկրտչյանը՝ «դիզվառելիքի գործի» մասին

Մարտ 09,2023 16:26

«Այս կեղծիքը, որն ընթանում է դատարանում, ուզում եմ, որ շատ կոնկրետ բնորոշենք. սա հերթական նիստն է, որը մեզ հնարավորություն է տալիս ոչ թե ինչ-որ դիզվառելիքի գործով ինֆորմացիա ստանալու, այլ կեղծիքը, որը հորինել է Հայաստանի նիկոլահպատակ իրավապահ համակարգը, որը պարգեւավճարի, պաշտոնի համար, ցանկացած նախադասություն եւ իրենց հեքիաթները փորձում են մեղադրական եզրակացության տեքստով բերել դատարան, դրա բացահայտումն ենք տեսնում: Որովհետեւ մի քանի վկա ենք լսել, թե այդ վկաներն ինչպիսի շահագրգռվածության, ինչպիսի վախով, ինչ պայմանների ազդեցության ներքո են այս գործին մասնակից դարձել. անգամ չեմ կարող ասել՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք են տվել, որովհետեւ այդպիսի բան էլ գոյություն չունի: Մարդկանց՝ մեկին ազատել են պարտքերից, մյուսին՝ ինչ-որ հրաշքով սնանկությունից են փրկել, երրորդին՝ ինչ-որ մի հրաշքով՝ մի քանի միլիոն վարկային պարտավորություններ են մարել եւ թույլ են տվել, որ նոր վարկեր ձեռք բերի եւ այլն ու կանչել ենք ՀՔԾ՝ ասել են, այս ամենի գինը ընդամենը մեկ-երկու ստորագրությունն է, խնդի՞ր է դա քեզ համար: Ցավոք, այդ մարդկանց համար, մարդկային եւ մասնագիտական արժանապատվությունից ավելի կարեւոր է եղել այդ թուղթը ստորագրելը: Հիմա, գալիս են դատարան ու տեսնում ենք, թե ինչպես չեն կարողանում հիմնավորել այն թղթերի ստորագրությունը, որը որ իրենք դրել են»,- այսօր «դիզվառելիքի գործով» հայտնի դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Հիշեցնենք, այս գործով մեղադրանք է առաջադրված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Գործող իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ գրեթե ամեն օր բացահայտվող կոռուպցիոն գործարքների մասին հարցին էլ Աննա Մկրտչյանը պատասխանեց. «Մարդիկ միլիոնավոր դոլարների գույք են հայտարարագրում եւ որեւէ մեկին հետաքրքիր չի, որ 2018 թվականին զրոյական մակարդակով եկած մարդիկ, ընդամենը 3-4 տարի հետո, կարողացել են մի քանի միլիոն դոլարի գույք հայտարարագրել. Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն, հայտարարագրեր հավաքող կազմակերպությունը, ՀԿ-ները, որոնք իբրեւ թե ջատագովն էին նրա, որ Հայաստանում պիտի լինի չկոռումպացված համակարգ՝ չե՞ն տեսնում»:

Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին բացահայտված կոռուպցիոն դեպքերի մասին էլ Աննա Մկրտչյանը հայտարարում է. «Նիկոլը բռնում է նրանց, ովքեր կոռուպցիայի մեջ են մտել՝ առանց իրեն բաժին հանելու»:

Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը, ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, նպատակ ունի երրորդ նախագահին անիմաստ բաներով ծանրաբեռնելու եւ հայկական օրակարգից շեղելու: Նա հասկանում է, որ իշխանությունը նյարդայնացել է Սերժ Սարգսյանի այն վերահաստատումից, որ չի հեռանալու մեծ քաղաքականությունից, մնալու է քաղաքական խրամատում, բայց խորհուրդ է տալիս՝ հաշտվել այդ իրականության հետ, քանի որ «ոչ ոք թույլ չի տալու, որ իրենք ավելի շատ կտրտեն ու ծախեն այս երկրից, ինչը որ Նիկոլին ավելի շատ փող ու թիկնազոր կբերի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031