Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայ հասարակությունը պետք է որոշի՝ ի՞նչ ապագա է ուզում»․ Արտակ Ապիտոնյան

Մարտ 09,2023 15:34

«Այս համաժողովը դառնալու է «քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի առաջին կիրառումը հայկական իրականությունում։ Այն միավորելու է 200 մասնակիցների ՀՀ-ից, Սփյուռքից եւ Արցախից։ «Ապագա Հայկականը» նախաձեռնությունը ձեւավորվել է դեռեւս 2021թ․-ին եւ մշակել 15 համահայկական նպատակներ։ Առաջին համաժողովը քննարկելու է այդ նպատակներից երեքը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը։

Հիշեցնենք, որ մարտի 10-12-ը կայանալու է «Ապագա Հայկականի» համաժողովը, որն առաջին համահայկական քաղաքացիական համաժողովն է լինելու։

«Մասնակիցներն ընտրվել են վիճակահանությամբ՝ ներկայացուցչական ընտրանքով ու արտացոլում են սեռատարիքային, կրթական բաշխվածություն՝ ըստ երկրների։ Մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների ընդհանուր թիվը եղել է 5714։ Ցավոք, որոշ խնդիրներ ունենք, որովհետեւ Արցախից տասը մասնակիցներից յոթը չեն կարողանալու մասնակցել՝ շրջափակման պատճառով։ Երեք մասնակիցները մինչեւ շրջափակումը եղել են ՀՀ-ում եւ կմասնակցեն։ «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ցավոք, նույնպես չի մասնակցի։ Մյուս համահիմնադիր Նուբար Աֆեյանը կմասնակցի»,-հայտնեց Արտակ Ապիտոնյանը։

Նա արձագանքեց հարցին, թե ի՞նչ հիմքեր ունենք պնդելու, որ այս նախաձեռնությունը երկար կյանք կունենա։ «Համաժողովի մոդելը ձեւավորվել է ճգնաժամային հասարակությունների օրինակով։ Անգամ ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի մակարդակով են նման համաժողովներ անցկացվել։ Կարիք կա լսելու հասարակության ձայնը։ Այդ մոդելի հիմքն է երեք փուլերով մոտեցումը՝ ուսումնասիրություն, քննարկում, որոշումներ։ Հետաքրքիր ձեւաչափ է, որն անհրաժեշտություն է ՀՀ-ի համար։ Մեր նպատակն այն չէ, որ որոշենք ինչ անել, այլ ուզում ենք բոլորով որոշել ինչ անել։ Հայ հասարակությունը պետք է որոշի՝ ի՞նչ ապագա է ուզում։ Տեսլականի ընդհանրությունը շատ կարեւոր է։ Ունենք տեսլական, որ պետք է պահպանենք պետականությունը, ապահովենք Արցախի անվտանգությունը․․․այս ամենը չգրված ճշմարտություններ պետք է լինեն բոլորի համար, մինչդեռ, ցավոք, հարցականներ կան»,-նշեց Արտակ Ապիտոնյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031